Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի մամուլի ասուլիսի հիմնական նպատակը համակարգում կատարված եւ կատարվելիք փոփոխություններին, անշարժ գույքի շուկայի ցուցանիշներին ծանոթացնելն էր։ Նա նախ անդրադարձավ որոշ գործընթացների պարզեցումներին։ Օրինակՙ անշարժ գույքի օտարման գործարքը գրանցելու համար պահանջվելու են միայն քաղաքացու դիմումը, օտարման պայմանագիրը եւ վճարի անդորրագիրը, հողահատկացման համարՙ հողահատկացման որոշումը, դրա հիման վրա կնքված պայմանագիրը, հատակագիծը։ Գրանցման ժամկետները կրճատվել ենՙ 15-ից դառնալով 7 օր, իսկ հոկտեմբերի 1-ից կդառնան 3 օր։ Տեղեկատվության տրամադրման ժամկետները նույնպես կրճատվել ենՙ 5-ից 3 օր, իսկ հոկտեմբերի 1-իցՙ 1 օր։ Այնուհետեւ, նվազեցվել է վճարման արժեքը։ Արագ սպասարկման համար 14 հազար դրամ էր, այժմ 7 հազար դրամ է։ Կարեւոր փոփոխություններից է «մեկ պատուհանի» գաղափարի ներդրումը կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներում։ Դա նշանակում է, որ քաղաքացին դիմում է ընդհանուր բաժին եւ իր փաստաթղթերը ստանում նույն տեղից, սահմանված ժամկետներում (3 օր)։ Սա ուղղված է քաղաքացիների շփումները չինովնիկների հետ հնարավորինս նվազեցնելուն։
Մանուկ Վարդանյանն անդրադարձավ քաղաքաշինական հրատապ լուծում պահանջող երեք խնդիրների։ Նշելով, որ քաղաքաշինության նախարարն արդեն բավականին գործընթացներ պարզեցրել է, նա թվարկեց հետեւյալ անհրաժեշտություններըՙ նախագծերի եւ շինարարության թույլտվությունը միացնել, հստակ սահմանել, թե ո՞ր աշխատանքի համար է անհրաժեշտ թույլտվություն, որի համարՙ ոչ, ավարտական ակտն արագ տրամադրել։
Կադաստրի համակարգում լուրջ խնդիրներ համարվեցին հողազավթումները եւ ինքնակամ կառույցները։ Օրինակ, Հայաստանում գրանցվել է 9777 հողազավթում, որից 4800-ըՙ Երեւանում։
Անշարժ գույքի շուկայի վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ այստեղ ակտիվություն կա։ Կադաստրի կոմիտեի պետի հավաստմամբ, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գործարքների 50 տոկոս աճ կա։ Ընդ որում, բացի առք ու վաճառքից, ավելացել են գրավադրման, վարձակալության եւ այլ գործարքները։ Առկա է նաեւ գների աճՙ 18¬22 տոկոս։ Ի տարբերություն անշարժ գույքի գործակալությունների տվյալների, կոմիտեի տվյալները Մանուկ Վարդանյանն ավելի հավաստի համարեց։ Նրա կարծիքով, այժմ գործարքների մեջ նշվում են առք ու վաճառքի իրական գները, ինչը հնարավոր եղավ գործարքի համար հաստատագրված վճար սահմանել հետո։ Անշարժ գույքի գների աճ է արձանագրվել նաեւ մի շարք մարզերում, իսկ ուրիշներումՙ գների կայունություն։
Առաջիկայում կադաստրի կոմիտեն կիրականացնի մի շարք ծրագրեր։ Սկսվել է հանրապետության աերոլուսանկարումըՙ Շվեյցարիայից ստացած դրամաշնորհներով։ Դրա շնորհիվ կստանանք տեղագրական քարտեզներ, որոնք կարող են օգտագործվել բազմաթիվ, նաեւ պաշտպանական նպատակներով։ Կարեւոր ծրագիր համարվեց նաեւ հողերի կոնսոլիդացիան։ Դա, կադաստրի կոմիտեի պետի կարծիքով, պետք է կատարվի կամավոր սկզբունքով։ Կընդունվի գույքի գնահատման նոր մեթոդիկա, որը հնարավորություն կտա անշարժ գույքի արժեքը մոտեցնել իրականՙ շուկայական գնին։ Սակայն դա, Մանուկ Վարդանյանի հավաստմամբ, չի նշանակում, որ հողահարկի ու գույքահարկի դրույքաչափերը լուրջ փոփոխություններ կկրեն։ Հաջորդն ազգային ատլասի ձեւավորումն է, որն արդեն սկսվել է։
Լրագրողների հարցերին պատասխանելով, օրվա բանախոսն անդրադարձավ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում եւ Օղակաձեւ զբոսայգում ստեղծված վիճակին։ Վերջինիս առնչությամբ նա նշեց, որ այստեղ կառուցված օբյեկտների 50 տոկոսը գրանցված չէ, այսինքնՙ անօրինական է։
«Ազգի» հարցն առնչվում էր Հյուսիսային պողոտայի բնակիչների բողոքներինՙ նրանց տրված փոխհատուցման չափիՙ տների շուկայական արժեքից ցածր լինելուն։ Մանուկ Վարդանյանը պատասխանեց, որ տների արժեքը գնահատում է մասնավոր գնահատողը եւ, իր կարծիքով, այն ցածր չէ։ Նա ավելացրեց նաեւ, որ այդ խնդրով իրենք չեն զբաղվում, բայց առանձին տեղեկանք են պատրաստում այդ մասին։ Մեր մյուս հարցը կադաստրի կոմիտեում անցկացվող ստուգումների եւ դրանց պատճառների մասին էր, ինչին պատասխան տրվեց, թե ինքն էլ չգիտի, թե ինչ են ստուգում, եւ որտեղ աշխատող համակարգ կա, այնտեղ էլՙ ստուգում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ