20-րդ դարասկզբի Հայոց մեծ եղեռնից հետո մարդասիրական գործունեություն ծավալած ազգային բարեգործական կազմակերպությունների շարքում իր բացառիկ տեղն է ունեցել «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը»։ 1921 թ.-ին Միհրան եւ Զապել Կարագյոզյաններն իրենց վաղամեռիկ որդուՙ Հովարդի հիշատակին Նյու Յորքում հիմնում են «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը»ՙ հայ որբ եւ կարիքավոր մանուկների խնամքի, բուժման ու կրթության կազմակերպման նպատակով։ Հիմնադրման օրից սփյուռքում եւ հայրենիքում իրականացրել է իր որդեգրած հայ կարիքավոր ընտանիքների ընկերային օժանդակության բարեգործական ծրագրերը։ Այսօր էլ շարունակում է իր առաքելությունըՙ առավել ընդարձակ եւ նորացված ոլորտներում։ 1991-92 թթ. «Հովարդ Կարագյոզյան ընկերակցության» եւ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում որոշվում է «Կարագյոզյան ընկերակցության» առողջապահական ծրագրերը Հայաստանում սկսել մանկական ատամնաբուժական օգնության կազմակերպմամբ։ 1992 թ. հոկտեմբերին հիմնադրվում եւ պաշտոնական գրանցում է ստանում որպես բարեգործական հասարակական կազմակերպություն։ Տնօրեն է նշանակվում բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը։ Կարճ ժամանակամիջոցում բացվում են Երեւանի, Գյումրու, Գորիսի եւ Ստեփանավանի, Վանաձորի «Կարագյոզյան» մանկական ատամնաբուժարանները։
Կազմակերպության Վանաձորի մանկական ատամնաբուժարանն սկսել է գործել 2000 թ. սեպտեմբերի 1-ից, ակնաբուժարանըՙ 2001 թ.-ից։ Ատամնաբուժարանն անվճար սպասարկում է մինչեւ 14 տարեկան սոցիալապես անապահով խավերի երեխաների։ Իր երկամյա գործունեության ընթացքում արդեն հասցրել է ճանաչված եւ սիրված կենտրոն դառնալ։ Չնայած փոքրիկները սովորաբար ատամնաբուժարաններ հաճախում են դժկամությամբ, սակայն «Հովարդ Կարագյոզյան» այցելում են մեծ սիրով։ Այստեղ նրանց գրավում են թե՛ բժիշկների հոգատար վերաբերմունքը, թե՛ սպասասրահներում տեղ գտած փափուկ խաղալիքները, թե՛ փոքրիկ նվերները, որոնք տրվում են բոլոր այն երեխաներին, ովքեր հաճախում են առաջին անգամ։ Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանից, այստեղ գործում են 3 ատամնաբուժական, ակնաբուժական, ախտահանման, ռենտգեն կաբինետներ։ Երեխաներին սպասարկում են փորձառու մասնագետներՙ 6 ատամնաբույժ, մեկ ակնաբույժ, բուժքույրեր։ Ավագ բժիշկը բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Ղամբարյանն է։ Ի դեպ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շուրջ 75 ատամնաբուժական, 15 ակնաբուժական ծառայություն է մատուցվում։ 2000-2002 թ. շուրջ 22 հազար այցելու է սպասարկվել։ Այդ թվումՙ ատամնաբուժարանում բուժվել են 10.600, ակնաբուժական կաբինետումՙ 1267 երեխա, կատարվել են հետազոտություններ։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեց պրն Դիլբարյանը, կազմակերպության միջոցներով 25 երեխայի աչք է վիրահատվել։ -
Սեպտեմբերին լրացավ Վանաձորի «Հովարդ Կարագյոզյան» մանկական ատամնաբուժարանի հիմնադրման 2 տարին։ Իսկ հոկտեմբերին կլրանա Հայաստանում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակը, ինչի կապակցությամբ արդեն լույս է տեսել «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը» Հայաստանում» վերտառությամբ գունավոր գրքույկ։
Շնորհավորելով եւ ողջունելով կազմակերպության գործունեությունը, պրն Դիլբարյանն առողջապահության վարչության եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունից երախտագիտություն հայտնեց նման շնորհակալ գործի համար։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ