«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2002-09-27 | #175, 2002-09-28 | #176, 2002-10-01


ՃԱՄՓԱՆԵՐԸ ՊԱՆԴՈՒԽՏՆԵՐԻՆ ԲԵՐԵՆ ՏՈՒՆ

Հանրապետության նախագահը շրջեց Հայաստանի հյուսիսարեւելյան շրջաններում

«Ես ցանկանում եմ, որ այս ճանապարհները հայրենիք վերադարձնեն հեռացած երիտասարդությանը», Դիլիջան-Վանաձոր 40 կիլոմետրանոց վերանորոգված ճանապարհի բացմանն ասաց դիլիջանցի ուսուցիչ Ժամհարյանը։

Երբեմնի առողջարանային Դիլիջանն այսօր խռոված դեմք ունի. դժվար է ապրելը, չկա աշխատանք, մարդիկ տխուր են, ընտանիք պահող տղամարդիկ, երիտասարդությունը թափառում են ռուսաստաններում։ Սեպտեմբերի 28-ին դիլիջանցիներին ուրախանալու առիթ էր տրվել. «Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնվեց Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Թեեւ ժամանակավոր, մի քանի հարյուր մարդ գործ ունեցավ, նորմալ աշխատավարձ ստացավ։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դիլիջանից Վանաձոր-Ալավերդի-Այրում երթուղով մեկնեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններ։ «Մարզում բավական մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում ոռոգման, դպրոցաշինության, ճանապարհաշինության համակարգում, երեւի նկատել եքՙ մեծ ծավալի են ճանապարհաշինական ծրագրերը։ Այս եւ եկող տարվա ծավալները նույնն են լինելու։ Կոնկրետ Բերդի տարածքում կարեւորը ճանապարհաշինությունն է, բոլորդ նկատեցիք, որ այդ ճանապարհները հետ են մնում մարզի մնացած ճանապարհներից։ Պետք է լրացուցիչ ֆինանսներ գտնել, բավական մեծ գումարներ են պահանջվում, պարզ էՙ բյուջեով չենք կարող նման միջոցներ նախատեսել։ Պետք է օղակ կառուցենք. Իջեւանից Բերդ, Բերդից Ճամբարակով Սեւան», լրագրողներին ասաց Քոչարյանը։

Բերդի տարածքում ճանապարհ ասվածը խիստ հարաբերական է։ Օրինակ, Այգեհովիտ գյուղից Վազաշեն, ապա Պառավաքարով Բերդ հասնելու համար պիտի հաղթահարես հարյուրավոր փոսեր։ Պատկերն ավելի անմխիթար է Բերդից Ճամբարակ եւ Ճամբարակից Գոշ հատվածում. այստեղ փոսերն ավելի խորն են։

Դուրս գանք փոսից եւ ուղեւորությունը շարունակենք լավ ճանապարհներով. Դիլիջանից Վանաձոր, Վանաձորից Նոյեմբերյան, Դիլիջանից Իջեւանով դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհները գերազանց են։ Նոյեմբերյանի քաղաքապետարանում հանրապետության նախագահն անցկացրեց խորհրդակցություն, քննարկվեցին Նոյեմբերյանի 1997 թ. երկրաշարժի հետեւանքների վերացման, դեղձի այգիների վերականգնման, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման, Այրումի պահածոների գործարանի վերագործարկման, ճանապարհաշինության խնդիրները։ Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն կոչվող շուկան 90-ականների սկզբներից ոլորապտույտի մեջ քաշեց բանվորին, հողագործին, ուսուցչին... Ոլորապտույտը քաշեց նաեւ հարյուրավոր հեկտարներ դեղձենու ու ձիթապտղի այգիները։ Այսօր այլեւս արդիական չէ հռետորական հարցը. ո՜ւր կորան այգիները։ Տեղի հողագործը հասկացավՙ ծառ պիտի տնկի։ Դեղձի այգիների մի մասը վերականգնվել է ու վերականգնվելու է։ Նախագահ Քոչարյանը Բերդավան գյուղի հատվածում կանգ առավ դեղձի այգիների մոտ։

Ջուջեւան գյուղում (հնումՙ Ջոջի վանք) մեկ ուրիշ ուրախ պատկեր էր. նոր դպրոց բացվեց։ Հինգ ամսում գյուղի բանվորական ուժերով կառուցվել է այս դպրոցը, եւս մի քանի տասնյակ ջուջեւանցիներ շարունակում են աշխատել ճանապարհաշինության ոլորտում։ Դպրոցի ուսուցիչներից մեկից տեղեկացա, որ այսօր դպրոցականների թիվը պակաս չէ, քան ԽՍՀՄ տարիներին, իսկ «Ֆոտոլուրի» նկարիչը ոգեւորվել էր նախադպրոցական տարիքի երեխաների շատությունից։

Նոյեմբերյանի շրջանի մեկ այլ գյուղումՙ Բարեկամավանում, որն Ադրբեջանի հետ ունի 38 կմ սահման, դպրոց կառուցելու անհրաժեշտություն չկա։ Արդեն երրորդ տարին այս լքված գյուղը չի ունեցել եւ ոչ մի առաջին դասարանցի։ Բարեկամավանը չունի բարեկամ։

Նախագահ Քոչարյանը Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհով ուղեւորվեց Բերդ։ Պրն նախագահին հարց ուղղեցի. «Ի՞նչ նկատառումներով է շրջանցվում ճանապարհը»։ Պատասխանեց. «Ավելի անվտանգ է։ Այսպես ասենք. երբ հակամարտությունը սրված էր, մենք այդ նույն շրջանցող ճանապարհն էինք կառուցումՙ շատ վատ որակի։ Քանի որ հիմնովին ճանապարհ ենք կառուցում, փորձում ենք կառուցել այնպես, որ կարողանանք անվտանգ երթեւեկություն ապահովել։ Ավելի թանկ է, բայց անվտանգ է, միանշանակ անցնում է Հայաստանի տարածքով»։ Հարցրեցի. «Հնարավո՞ր է, որ այդ տարածքները հետ տրվեն»։ Պատասխանեց. «Քարտեզով չեմ աշխատել»։

Քարտեզով, բայցՙ ԽՍՀՄ, Նոյեմբերյանից Իջեւան ճանապարհն անցնում էր ադրբեջանական «կղզյակներով»։ Հակամարտության սրված ժամանակաշրջանումՙ 1990¬91 թթ., հայկական ուժերն այլ տարբերակ չունեին, քան այդ «կղզյակները» խորտակել, քանի որ այդ ճանապարհին տասնյակ հայեր էին սպանվում, պատանդ վերցվում։ 1992 թ. ամռանն ադրբեջանցիները խորտակեցին Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական «կղզյակը»ՙ Արծվաշենը։

Բերդ քաղաքում նախագահն այցելեց «Թագազարդ» ադամանդի գործարան։ Քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ քննարկվել է այս գործարանի հարցը, որը դեռեւս սեփականաշնորհված չէ։ «Գործարանը սեփականաշնորհման փուլում է, կաջակցենք, կարագացնենք։ Պրոբլեմներ կան, որոնք ինձ համար հասկանալի չէին։ Շատ արագ լուծելու ենք, իսկ սա կնշանակի, որ առնվազն կրկնապատկվելու է աշխատատեղերի թիվը», լրագրողներին ասաց պրն Քոչարյանը։

«Թագազարդը», որը Բերդի տարածքում գործող միակ գործարանն է, ունի մոտ 80 աշխատատեղՙ 80¬100 հազար դրամ միջին աշխատավարձով։ Հրեա ձեռներեցն ալմաստը ՌԴ-ից հասցնում է Բերդ, գործարանում վերամշակվում է, ձեռներեցն արտադրանքն առաքում է Իսրայել։

Շաբաթ օրը, ուշ երեկոյան Տավուշի մարզի Բերդ քաղաքում լրագրողներին տված ասուլիսով ավարտվեց նախագահ Քոչարյանի մեկօրյա աշխատանքային այցը։ Նախագահը հոգնած տեսք ուներ։ Լավ է, անչափ լավ, որ երկրի ղեկավարը չի փակվում իր նստավայրում, հանգստյան օրն իր ժողովրդին հարցնում է. «Բարեւ ձեզ։ Ո՞նց եք»։

Առավել հոգնած էին լրագրողները։ Մեկ օրում 7¬8 հարյուր կմ կտրելը հեշտ չէ, մանավանդ որ ճանապարհի մի հատված անցնում ես փոսերով։ Մայրաքաղաք հետդարձին լրագրողների երկու մեքենաներին ուղեկցող չկար։ Մենք կորցրինք ճանապարհը եւ Ճամբարակից Սեւան մեկնելու փոխարեն շարժվեցինք անհայտ ուղղությամբ։ Երեք ժամ հետո դուրս եկանք Իջեւանի կողմերում, իսկ Երեւան հասանք գիշերվա 5-ին։

Բերդի շրջանի գյուղերի աղոտ ֆոնին մայրաքաղաքն ինձ արտակարգ լուսավոր եւ ուրախ դիմավորեց, թեեւ մեքենայի մեջ ջղայնությունս չէի կարողանում զսպել։ Այսպեսՙ բոլոր լրագրողները։

Գուցե Երեւանի լո՞ւյսը հետ բերի մեր հայրենիքի պանդուխտներին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4