Հայաստանի քաղաքական գործընթացների բարոյականության խնդրին անդրադառնալու նպատակով Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը երեկ անցկացրեց «Քաղաքականություն եւ բարոյականություն» քննարկումը։ Մասնակիցները, որոնք հիմնականում քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, փորձեցին հայկական իրողությունների լույսի ներքո վերլուծել քաղաքականության բարոյականության հնարավորությունները, մեր երկրի ներքաղաքական գործընթացների զարգացման ուղղությունները, դրանք ձեւավորող հոգեբարոյական մշակութային գործոնները եւ դրանց վրա ազդելու հասարակական լծակները։ Ներկայացվեցին 3 զեկույցներՙ «Քաղաքականություն եւ բարոյականություն» (զեկուցողՙ քաղաքագետ Մանուկ Հարությունյան), «Պրոֆեսիոնալիզմի ոգեղեն բաղադրիչը» (զեկուցողՙ հոգեբան Ռուբեն Աղուզումցյան) եւ «Սոցիալական նոր համակարգերի ձեւավորումը» (զեկուցողՙ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյան)։ Պրն Հարությունյանը Հայաստանը ներկայացրեց որպես նախադեմոկրատական փուլում գտնվող պետություն, որտեղ դեռեւս բացակայում է իսկական դեմոկրատիան, քանի որ իշխանությունները խուսափում են երկխոսությունից։ Մինչդեռ դեմոկրատական պետություններում իշխանություններն ամենից առաջ հանդես են գալիս հասարակության հետ երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ։ Քաղաքականության մեջ բարոյականությունն իրավիճակային բնույթ է կրում, թելադրում է խաղի կանոններ, որոնք հանգեցնում են բացասական երեւույթների։ Քաղաքականությունը չի կարող կիրառել բարոյական նորմեր, քանի որ որոշ իրավիճակներում պարտադիր են դառնում փոխզիջումները։ Միաժամանակ իբրեւ կարեւոր գործոն նա ընդգծեց քաղաքական գործչի կարեւորագույն հատկանիշներըՙ ազգային գաղափարախոսությունը, ազգային շահերին նվիրվելն ու ազնիվ վարքագիծը։ Հասարակությանը հետաքրքրում է ղեկավարի մարդկային որակը։ Մեզանում պակասում է հավատն ու վստահությունն իշխանությունների նկատմամբ։ Հասարակությունը գնում է դեպի ընդգծված ավտորիտարիզմ, որը սպառնում է վերածվել բռնապետության։ Քաղաքական գործիչներն իրենց պատիվն ու հեղինակությունը կորցնելու դեպքում քաղաքականությունից պետք է հեռանան քաղաքակիրթ ձեւով, այլապես ժողովուրդն օտարվում է իշխանությունից, ինքն իրենից։
Ռուբեն Աղուզումցյանը գլխավորապես շեշտեց Հայաստանում պետական ղեկավարներ պատրաստելու անհրաժեշտությունը, քանզի, ի տարբերություն զարգացած երկրների, մեր քաղաքական գործիչների սխալներն ու արարքները բացասաբար են անդրադառնում երկրի վրա։ Ըստ հոգեբանական վերջին հետազոտությունների, պրոֆեսիոնալ կարող է համարվել ոգեղեն հատկություններ ունեցող քաղաքական գործիչը։ Հայրենասիրությունն ու ազգասիրությունն ամենակարեւոր հատկանիշներն են, որոնցով պետք է օժտված լինի նա։ Ազգային կուռ գաղափարախոսություն ստեղծելու գործում մեծ է դպրոցի դերը։ Քարոզչական աշխատանքով պետք է հարգալից վերաբերմունք ձեւավորել պետության հանդեպ։
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը խոսեց սոցիալական նոր համակարգերի ձեւավորման եւ բարոյական պատասխանատվության մասին։ Նա յուրահատուկ ֆենոմեն համարեց այն, որ 1700 տարի շարունակ քրիստոնեական բարոյական քարոզչությամբ ապրած ազգն այսօր բարոյազուրկ հասարակություն է դարձել։ Նա փորձեց ներկայացնել Հայաստանի տեղը գլոբալ աշխարհում։ Հայաստանը, ըստ նրա, նախադեմոկրատական մոդել ունի։ Անցումային շրջանը չի ղեկավարվում, իրականում հետխորհրդային համակարգում ենք, ուր պահպանվել են գրեթե նույն հասարակական հարաբերությունները, ունենք անմրցունակ տնտեսական շուկա եւ այլն։ Նախկին քաղաքական վերնախավը փոխարինվել է նորով, որի դերն օրեցօր աճում է հատկապես անցումային շրջանում ճիշտ կողմնորոշվելու եւ կորուստներից հնարավորինս խուսափելու առումով։ Այսօրվա դիվանագետները զուրկ են պրոֆեսիոնալիզմից եւ անտարբեր ազգային խնդիրների հանդեպ։
Հայաստանում դիվանագիտական դպրոցի բացակայությանն անդրադարձավ նաեւ լիբանանահայ «Նոր կեանք» թերթի խմբագիր Մանվել Գազանճյանը, նշելով, որ 20-րդ դարի 20-ական թվականներից ի վեր սփյուռքը մեծ դիվանագետներ է տվել, սակայն Հայաստանը չի օգտվել նրանց գիտելիքներից։ Անկախ Հայաստանի առաջին նախագահից սկսած ոչ մեկը դիվանագետ չէ։ Խորհրդային տարիներին իշխում էր կուսակցապետությունը, այսօրՙ կլանապետությունը։ «Այսօրվա դիվանագետները քաղաքական սափրիչություն են սովորում ժողովրդի գլխի վրա», ասաց նա։
Քննարկման ժամանակ արտահայտվեցին իրարամերժ կարծիքներ ու դիտողություններ, որոնք, անշուշտ, բխում էին քննարկվող թեմայի հակասական էությունից։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ