«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ «ԱԼՈ»

Արցախցիները Ռուսաստանից հեռախոսազանգեր չեն ստանում

Օգոստոսի 8-ից Ղարաբաղում անջատված է Ռուսաստանի Դաշնություն-ԼՂՀ հեռախոսային մուտքի կապուղին։ Շուտով արդեն երկու ամիս է, ինչ արցախցիները հեռախոսազանգեր չեն ստանում ռուսաստանաբնակ իրենց ծանոթ-բարեկամներից։ Փոխարենը իրենք կարող են զանգահարել նրանցՙ մեկ րոպեն 380 դրամ սակագնային վճարով։ Ու թեպետ գիշերային հեռախոսազանգերը զեղչեր են վերապահում հեռաձայնողներին, սակայն փաստն իքնին դժգոհելու առիթ է տալիս բնակչությանը, որովհետեւ սոցիալական համեստագույն պայմաններում ապրող բնակչության համար նախընտրելի է դրսից զանգեր ստանալը։

Պարզ վիճակագրությամբ, Ղարաբաղից երբեւէ տեղափոխվածների գերակշիռ մասը հանգրվանել է ՌԴ-ում եւ նրանց համեմատաբար բարվոք սոցիալական վիճակը թույլ է տալիս անհրաժեշտ հեռախոսային շռայլումներ թույլ տալ։

Անկախ այս իրողությունից, փաստենք մեկ ուշագրավ հանգամանք եւս. մյուս երկրների հետ, այդ թվում նաեւՙ հեռավոր արտասահմանի, հեռախոսային կապը լիարժեք է գործում։ Ինչո՞ւ։

Փաստը մեկնաբանելու խնդրանքով «Ազգի» թղթակիցը դիմեց «Ղարաբաղ տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Եիրիկյանին։ Վերջինս տարակուսանք հայտնեց, թե ինչու նման հարցով իրեն ենք դիմում, երբ արտաքին կապուղիներ տրամադրողը «Արմենտելն» է։ Ըստ պարոն Եիրիկյանի, «Ղարաբաղ տելեկոմը» ՌԴ-ի հետ միակողմանի կապի նման պարագայում ֆինանսապես տուժում է, որովհետեւ «Արմենտելին» վճարելուց բացի, նաեւ ավելացված արժեքի հարկ է վճարում տեղում, ինչի ընդհանուր ծախսային գումարը գերազանցում է եկամուտը։ Ֆինանսական վնասն առկա չէ միայն գիշերային հեռաձայնումների ժամանակ, սակայն այս դեպքում էլ նվազում է հեռախոսազանգերի քանակը։ Գործադիր տնօրենի խոսքերով, օրվա ընթացքում Ռուսաստան առավել շատ զանգահարում են ցերեկային ժամերին, երբ գործում են հիմնարկ-ձեռնարկությունները։

Ինչո՞ւ սահմանափակվել է բացառապես ՌԴ-ի հետ հեռախոսակապը։ Կա՞, արդյոք, խնդրի մեջ քաղաքական դրդապատճառ։ Ռ. Եիրիկյանը միանշանակ չպատասխանեցՙ իրենք քաղաքականությանը չեն խառնվում, բայց քաղաքականությունը գուցե խառնվում է ընկերության գործերին։ Նա դժվարացավ նույնիսկ ասել, թե մինչեւ երբ կշարունակվի հեռախոսակապի նման սահմանափակումը եւ, մանավանդ, ով է իրավասու այդ կնճռոտ հարցը լուծելու։

Մի բան հաստատ է. հեռախոսաբաժանորդն այս հարցում ամենաանզորն է։ Եվ տուժողը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4