Երեկՙ հոկտեմբերի 2-ին, Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց թիվ 8 դպրոցի նորակառույց մասնաշենքը։
450 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորումը կատարել է Հայ օգնության ֆոնդըՙ շենքի կառուցման եւ գույքի համար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, դպրոցի նախկին սան Արտաշես Թումանյանի նախաձեռնությամբ։ Գլխավոր մեկենասն ամերիկահայ բարեգործ Անուշ Մաթեւոսյանն է, որը միաժամանակ «Կրթաթոշակ» հիմնադրամի տնօրենն է։
Սա ՀՕՖ-ի դպրոցաշինության ծրագրով կառուցված 10-րդ դպրոցն է Հայաստանում (Վանաձորումՙ առաջինը)։ Կառուցվել է «Վտակ» արտադրական կոոպերատիվի անհատական նախագծով, «Ուկրշին» ԲԲԸ-ի կողմից, եւ ճարտարապետական ինքնատիպ կառույց էՙ բաղկացած երեք թեւից, նախատեսված է 300 աշակերտի համար։ Կրթօջախն ունի մարզադահլիճ, խաղահրապարակ, կաթսայատուն։
Հանդիսությանը մասնակցում էին Արտաշես Թումանյանը, Անուշ Մաթեւոսյանը, ՀՕՖ-ի ատենապետ Սիմոն Եզնիկ Բալյանը, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ։
Բացման խոսք ասացին եւ մաղթանքներ հղեցին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Անուշ Մաթեւոսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը, Արտաշես Թումանյանը եւ ուրիշներ։ Ա. Թումանյանը ՀՀ նախագահի կողմից բարեմաղթանքներ հղելովՙ Անուշ Մաթեւոսյանին հանձնեց «Մովսես Խորենացի» մեդալ։ Դպրոցն անվանակոչվեց բարերարի անունով։
Հանդիսությունն ուղեկցվում էր երգ ու պարով, գեղարվեստական կատարումներով։
Բացման արարողությունից հետո նրանք ծանոթացան դպրոցի դասասենյակներին, ժամանակակից պահանջներին համապատասխան հարմարություններին։
Նույն օրը հյուրերը մասնակցեցին Վանաձորի «Գեղմ լամա» ՍՊԸ-ի մորթու-մուշտակի արտադրամասի բացման արարողությանը, որին ներկա էր նաեւ ՀՀ գյուղնախարար Դավիթ Զադոյանը։ Այստեղ աշխատողների թիվը հասնում է 31-ի։
Ապա քաղաքամերձ Շահումյան համայնքում բացվեց «Քաղցր պտուղ» ՍՊԸ-ի պահածոների գործարանը, ուր աշխատում է 37 մարդ։
Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են «Վիկտորիա Վ» ԲԲԸ-ին, որի նախագահն է ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ