«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ՊԱՐԳԵՎՆԵՐ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 11-րդ տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին ստորագրել էր հրամանագիր պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների մի խումբ ծառայողների ՀՀ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին։ Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ։ Ազգային մշակույթի եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Մովսես Խորենացու մեդալներ հանձնեց կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Շիրակի մարզպետարանի մշակույթի վարչության պետ Հասմիկ Կիրակոսյանին, սփյուռքահայ բարերար Անուշ Մաթեւոսյանին, Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանին, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Անանիա Շիրակացու մեդալներ ստացան կոմբինատի ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, լեռնային արտադրամասի մեքենավարն ու արտադրատեխնիկական բաժնի պետը։

ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին II աստիճանի Մարտական խաչ շքանշանով, իսկ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներըՙ Արիության մեդալով։

«Արդեն ավանդույթ է դարձել տարբեր բնագավառներ ներկայացնող մեր արժանավորներին պարգեւատրել միասին, որովհետեւ միասին նույն գործն ենք անումՙ փորձում ենք հզորացնել մեր հայրենիքը։ Կարծում եմ, օրեցօր դա ավելի նկատելի է դառնում։ Երկրի համաչափ զարգացումը պահանջում է բոլոր բնագավառների զուգահեռ զարգացում եւ փոխլրացում։ Ես անչափ կարեւորում եմ նման միջոցառումները պետություն-հասարակություն հարաբերությունների դաշտում», իր ելույթում նշեց նախագահը, կոչ անելով շարունակել ջանքեր նվիրաբերել պետականության կայացման գործընթացում։

Շիրակի մարզպետարանի մշակույթի վարչության պետ Հասմիկ Կիրակոսյանն իր շնորհակալական ելույթում ցանկություն հայտնեց, որ պետությունն ավելի լայն հովանավորության տակ առնի Գյումրու ինքնատիպ մշակույթը, քանզի «Ջաջուռից են ծնվում Մինասները, Մհերները Գյումրուց են գալիս»։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4