Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց տարածաշրջանային այցով ՀՀ-ում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարես Խիլ Ռոբլեսին։
Պրն Ռոբլեսի այցը նպատակ ունի առավել մանրամասնորեն ծանոթանալու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին հարավկովկասյան երեք հանրապետություններում, ԵԽ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին եւ առկա խնդիրներին։
Հանդիպման սկզբում հանձնակատարը գոհունակությամբ արձանագրեց ՀՀ-ի գրանցած առաջընթացը եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եւ ԵԽ պարտավորությունների կատարման հարցում։ Սակայն ուշադրություն հրավիրեց ԵԽ-ի համար խիստ կարեւոր մահապատժի վերացման հարցի վրա։
Նախարար Օսկանյանը ներկայացրեց 6-րդ արձանագրության վավերացման ուշացման քաղաքական դրդապատճառներըՙ նշելով, որ հայկական կողմի փաստարկները ըմբռնումով են ընդունվել ԵԽ ղեկավարության եւ ԵԽԽՎ կողմից։
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա բացասական ազդեցությանը ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա։
ԱԳՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ