«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2002-10-02 | #178, 2002-10-03 | #179, 2002-10-04


ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ «ՃԱՀՃԱՆՈՒՄ» Է

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը քիչ-քիչ զավեշտի է նմանվում, քանի որ դատարանն աշխատում է միայն օրվա կեսը, որն էլ սպառում է Հունանյաններից որեւէ մեկը։

Երեկվա նիստի ընթացքում նախորդ նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի նախագահական նկրտումների ի հայտ գալու մասին արտահայտվեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ Նախ, դրա համար որոշակի գումարներ են պետք։ Որտեղի՞ց Հունանյանին նման միջոցներ, եթե, ինչպես ինքն է բազմիցս ասել, հայրը 5 հազար դրամ թոշակ է ստանում միայն, իսկ մայրը մի կերպ գոյատեւում է դրսում։ Ըստ մեղադրողի, նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին խոսում է մի մարդ, որը 90-ականներին առնչվել է ՊԱԿ-ի հետ, 93¬98 թթ. բացակայել է Հայաստանից, չգիտես ինչ նպատակներով եղել է Թուրքիայում, թուրքական հետախուզական կենտրոնում։ Բացի այդ, Հունանյանը բացասական վերաբերմունք է ունեցել նախկին իշխանությունների նկատմամբ, ունեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին սպանելու մտադրություն։ «Ձեր ձեռքերն արյունոտ են, Հունանյան, ձեր վզին փաթաթված է անմեղ զոհերի արյունը։ Ժողովուրդը վաղուց իր մահավճիռն է կայացրել անկախ դատարանից», եզրափակեց Հակոբ Մարտիրոսյանը։

Կրտսեր Հունանյանն, ինչպես միշտ, փորձեց պաշտպանել եղբորՙ թեկնածություն դնելու իրավունքը։ Կարեն Հունանյանը նաեւ «հիշեցրեց», որ դրամական միջոցների առկայությունը դատարանի քննարկման խնդիր չէ։

Ինչեւէ, դատավոր Սամվել Ուզունյանը նկատեց, որ պետք է սահմանափակել ընտրությունների հետ կապված խոսակցությունը։ Հետո ավելացրեց, որ Նաիրի Հունանյանը միայն միջնորդել է տեսակցություն ունենալու համար, եւ դատարանին չի հետաքրքրում, թե հանրապետության նախագահ կամ ՄԱԿ-ի քարտուղար դառնալու ցանկություն ունի՞ ամբաստանյալ Հունանյանը։

Այդուհետեւ Նաիրի Հունանյանը շնորհակալ եղավ Հակոբ Մարտիրոսյանից, չգիտես ինչու մտածելով, որ նրա ասած յուրաքանչյուր բացասական հանգամանք իր մասին բարձրացնում է իր հեղինակությունը։

Թե «կեղտոտ տեխնոլոգիաների» կիրառման ինչպիսի վարպետություն ունի Հունանյանը, չպարզվեց, բայց դատարանը հայտարարեց, որ բոլոր տեսակցությունները, հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունները խստիվ արգելվում են։

Նիստի ավարտին ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը հիշեցրեց դատարանին իրենց խցերում հեռուստացույց եւ ռադիո ունենալու խնդրանքը։

Դատավորը պատասխանեց, որ դա դատարանի խնդիրը չէ, այլՙ վարչակազմի, քանի որ նման սարքավորումներն ամբաստանյալների անվտանգության հետ են կապվում։ Օրինակն էլ չուշացավ. նույն գործով ամբաստանյալ Նորայր Եղիազարյանի հետ էլեկտրական սալիկով պատահածը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4