Երեկ Մամուլի ազգային ակումբում քննարկման էր ներկայացված երկքաղաքացիության սահմանադրական դրույթների նախագծերի վերաբերյալ հարցը։ Այս բազմաշերտ ու տարողունակ խնդիրըՙ իր պետական, համազգային նշանակությամբ, ինչպես եւ մարդու իրավունքների տեսակետից բավականին լուրջ, կնճռոտ եւ նուրբ ասպեկտներ շոշափողՙ բնականաբար, բազմաթիվ կարծիքների ու տարաձայնությունների առիթ տվեց։
Արդյոք հասունացա՞ծ է երկքաղաքացիության խնդիրը, կա՞ն դրա հասարակական պահանջարկը եւ քաղաքական պատվերները, որո՞նք են հստակ սահմանումները մշտական բնակության, հայազգի լինելու եւ նման այլ հարցերի։
Այլընտրանքային նախագիծը ներկայացնող կառավարման դպրոցի տնօրեն Արմեն Հարությունյանը չէր ներկայացել, քննարկումը սկսեց Շավարշ Քոչարյանըՙ 6 կուսակցությունների (ԱԺԿ, ԱԺՄ, ՍԻՄ, Կոմկուս, «Հանրապետություն», Դեմկուս) նախագծի հիմնական դրույթների պարզաբանումով։ Առաջին դրույթըՙ հայազգի յուրաքանչյուր ոք հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երկրորդ դրույթըՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաեւ այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանում մշտապես բնակություն չունեցող անձը չի կարող ընտրել ու ընտրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, պետական պաշտոններ զբաղեցնել եւ անդամագրվել քաղաքական կուսակցությունների։ Եվ, ըստ երրորդ դրույթի, ՀՀ քաղաքացիությունից բացի, նաեւ այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանում մշտապես բնակվող անձը չի կարող ընտրվել։
Այսինքնՙ ըստ այս նախագծի, երկքաղաքացիություն ձեռք բերելու պայմանը Հայաստանում մշտական բնակությունն է, որին հաջորդում է իրավունքների եւ պարտականությունների բնականոն ընթացքըՙ սեփականության, հարկերի, զինապարտության, թոշակի եւ այլ հարցերը։
Ըստ Արշակ Սադոյանի, Ազգային դաշինք կուսակցության համար առաջնային խնդիրն է, թե Հայաստանը պետք է դառնա 8 կամ 9 մլն հայությա՞ն, թե՞ հայաստանաբնակՙ լավագույն դեպքում 3 մլն-ի պետություն։ Այս մայրաքաղաք-պետությունը խնդիր պիտի ունենա բոլոր հայերին գոնե սահմանափակ իրավունքներով երկքաղաքացիության իրավունք տալու, որը պիտի ամրագրվի սահմանադրական փոփոխությամբ։ Ըստ Սադոյանի, Հայաստանում մշտական բնակություն հաստատողն իր իրավունքներով եւ պարտականություններով չի համարվում երկքաղաքացի, այլՙ քաղաքացի։ Երկքաղաքացիությունը չի ենթադրում մշտական բնակություն։ Սա մի հատուկ կարգավիճակ է, քանի որ երկու տարբեր երկրների հավասար քաղաքացի լինելն անհնար է, իսկ երկքաղաքացիությունը պիտի սահմանվիՙ ելնելով մեր ազգային շահերից։
Պարույր Հայրիկյանի կարծիքով, Շավարշ Քոչարյանի եւ Արշակ Սադոյանի առաջարկները միջանկյալ տարբերակներ են, որ երկքաղաքացիության միջազգային ընդունված դրույթներին չեն համապատասխանում, քանի որ քաղաքացիների մեջ խտրականություն դնել չի կարելի, ի բացառյալ ընտրվելու իրավունքի։ Երկքաղաքացիությունը նոր հասկացություն չէ, եթե դրան հայկական ձեւակերպում չտրվի։
Ըստ միջազգային նորմերի, մարդը պարտավոր է ընդունել այն երկրի օրենքները, որի քաղաքացին ուզում է դառնալ։ Օրենքը խտրականություն չի կարող դնել։ Մարդու իրավունքների եւ ազգային անվտանգության հարցի քննման տեսակետից դեռ պիտի պարզելՙ ո՞վ է հայ ազգի ներկայացուցիչը. «Հայ կաթոլիկը հա՞յ է, հայ մահմեդականը հա՞յ է, Հայաստանում չծնվածը հա՞յ է, եւ այլն»։ Ըստ Հայաստանում գործող օրենքի, Հայաստանն այսօր 5¬7 տարի արդեն լքածներն ինքնաբերաբար դադարում են լինել Հայաստանի քաղաքացի։ Սա ազգային անվտանգության հարց է, ցանկացած երկիր ուզում է իր քաղաքացիների թիվն ավելացնել, մենք հակառակն ենք անում։ Մարդու իրավունքները համարելով գերակայելի, կարծում ենք, որ մարդն ինքը պիտի լինի իր իրավունքները սահմանափակողը»։
Արտագաղթը համարելով ազգային անվտանգության հիմնական խնդիր, նախագիծը ներկայացնողները գտնում են, որ երկքաղաքացիության օրենքի ընդունումը կնպաստի հայրենադարձությանը։
Ներկայացված 3 տեսակետներիՙ իրարից էապես տարբերվող պատճառները բնական համարելով Դավիթ Շահնազարյանն իր ելույթում նկատեց, որ անհնար է երկքաղաքացիության ինստիտուտի համար ստեղծել իրավական հիմք (երբ խոսքը վերաբերում է հայազգի քաղաքացիներին, ինչպես է տրվելու դրա իրավական սահմանումը)։ Պետության քաղաքացին իշխանություն ձեւավորող սուբյեկտ է, այս տեսակետից լուրջ կոնցեպտուալ տարբերություն է նա տեսնում իրենց եւ մյուսների նախագծերի համեմատությամբ։ Արդյոք մեր երկրի իշխանությունները պիտի ձեւավորվեն Հայաստանում բնակվողների՞, թե՞ համայն հայության կողմից։ Երկրորդ տարբերակի ընդունման դեպքում սպասվում է սփյուռքի մասնատում եւ առաջին, երկրորդ, երրորդ մակարդակի սփյուռքահայերի առաջացում։ Ըստ Դավիթ Շահնազարյանի, Հայաստանի Հանրապետությունը պատկանում է այստեղ բնակվողներին, եւ իշխանությունները պիտի ձեւավորվեն Հայաստանի էլեկտորատից։
Իրենց տեսակետներն ու առարկություններն արտահայտեցին ՀԺԿ-ից Ստեփան Զաքարյանը (ըստ որիՙ երկիրը պիտի դառնա այնպիսին, որ յուրաքանչյուրն ազատ ելք ու մուտքի իրավունք ունենա, եւ ազատ տնտեսական դաշտ ձեւավորվի), Պետրոս Մակեյանը «Հզոր հայրենիքից», ՀՅԴ-ի ներկայացուցիչը, Սիմոնյանցը, լրագրողներ Նարինե Մկրտչյանը, Նարինե Դիլբարյանը, գտնելով, որ հարցը դեռ ձեւավորված չէ, կամ որ կարելի է ընդունել քաղաքացու բարոյական կարգավիճակ սփյուռքահայության նկատմամբ պարտքը կատարելու տեսակետիցՙ «բավարարելու որոշ հատվածի ռոմանտիկական եւ ազգասիրական նկրտումները», որովհետեւ նրանցից շատ քչերն են, որ Հայաստանում մշտական ապրելու նպատակներ ունեն։
Այս ամենից մնում է ողջամիտ համարել ՀՀ Սահմանադրությունից երկքաղաքացիության արգելքը վերացնելու եւ հարցը ենթաօրենսդրական ակտերով լուծելու ճանապարհը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ