Նշում է Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահը
Հայաստանի ֆոնդային բորսան (Armex) վերջերս համագործակցության պայմանագիր է ստորագրել Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի (ՄՄԱԲ) հետ։ Բացի այդ, Armex-ն ընդգրկվել է ԱՊՀ բորսաների միջազգային ընկերության եւ Եվրասիական բորսաների ընկերության մեջ։ Սրանք Հայաստանի բորսայի դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանը կարեւոր քայլեր համարեց Armex-ի միջազգային բորսաներին ինտեգրվելու ուղղությամբ։ Ճիշտ է, մամուլի ասուլիս հրավիրելու առիթն այս իրադարձություններն էին, սակայն Էդվարդ Սանդոյանը հանգամանորեն ներկայացրեց նաեւ բորսայի վիճակը եւ գործունեությունը։
Չնայած դրական տեղաշարժերին, այնուամենայնիվ, Հայաստանի ֆոնդային բորսան մնում է այն վիճակում, երբ բացակայում է իրացվելիությունը։ Այսինքնՙ երբ մարդիկ իրենց միջոցները չեն ներդնում այստեղ, երբ բորսայում գրանցված ընկերություններից որեւէ մեկի բաժնետոմսերը դեռեւս չեն դարձել վճարման միջոց։ Անցյալ ամիս կնքված գործարքներից առավել նշանակալի է «Արդշինբանկի» եւ «Հայէլեկտրամեքենայի» բաժնետոմսերի առուվաճառքը։ «Այս ոչ մեծ ծավալների աշխուժությունն» Էդվարդ Սանդոյանին հույս է ներշնչում, որ առաջիկա տարիներին զարգացումներ այս ոլորտում կլինեն։ Այս առնչությամբ հիշեցնենք, որ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանն էլ 2 տարի առաջ հույս էր հայտնում, թե Հայաստանը կդառնա արժեթղթերի տարածաշրջանային կենտրոն։ «Այսօր կարո՞ղ ենք ասել, որ այդ ճանապարհին ենք» հարցին պրն Սանդոյանը պատասխանեց, որ պետք չէ նման հավակնություններ դրսեւորել։ Նրա տեղեկությամբ, Վրաստանում եւ Ադրբեջանում պատկերն այնպիսին է, ինչպես մեզ մոտ։ Այժմ ԱՊՀ երկրների արժեթղթերի հանձնաժողովների նախագահները քննարկում են այս ոլորտի օրենսդրության միասնականացման հարցը։ Եթե դա տեղի ունենա, եւ մենք մտնենք այդ դաշտը, ապա Հայաստանը դրանից կշահի։
Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ բորսայում արդեն գրանցված է 178 ընկերություն։ Եթե այդ թիվն ավելանա, իսկ ընկերություններն էլ սկսեն լրացուցիչ արժեթղթեր թողարկել եւ դրանով միջոցներ ներգրավել, ապա արժեթղթերի շուկան կկայանա։ Էդվարդ Սանդոյանի կարծիքով, Հայաստանում ունենք լուրջ խնայողություններ, որոնք լուրջ զարգացում կարող են ապահովել։ Ունենք նաեւ սփյուռքահայերի գործոնը, որոնք իրենց 300¬600 մլն դոլար գնահատվող խնայողությունները հնարավորություն ունեն տեղաբաշխելու այս շուկայում։ Սակայն այս պահի դրությամբ ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն ու Ղազախստանն են կարողացել ներգրավել բնակչության խնայողություններն այս ոլորտ։ Մյուսներին, այդ թվում Հայաստանին, առայժմ դա չի հաջողվել։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ