«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2002-10-03 | #179, 2002-10-04 | #180, 2002-10-05


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԻՐՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի Իտալիա

«Երբ ծանոթներս ինձ դիմեցին օգնության խնդրանքով, մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի մարդկանց աշխատելու հնարավորություն ստեղծել, քան փող ուղարկել։ Վագոններով մետաղ էի ուղարկում, բայց տեսա, որ դա միայն պարզ առեւտուր է եւ օգուտ է բերում միայն Ուկրաինային։ Գործընկերներս տվեցին գաղափարըՙ ձեռնամուխ լինել սպիրտի արտադրությանը։ Գիտեի, որ կաշվի արտադրության մեջ օգտագործվում է տեխնիկական սպիրտ։ Իտալացի գործընկերներիս առաջարկեցի ինձնից սպիրտ գնել, եթե ցանկանում են շարունակել ինձ հետ աշխատել, կաշի գնել։ Մարդիկ համաձայնեցին։ Իտալիայում կաշվի արտադրության մեջ առաջատար գործարաններից մեկը պատրաստակամություն հայտնեց արտադրվող ողջ սպիրտը գնել, պահեստավորել եւ վաճառել Իտալիայի մյուս գործարաններին», «Ազգի» հետ զրույցում ասաց Դնեպրոպետրովսկում հաստատված հայ գործարար Սանասար Ղույումչյանը, որի ղեկավարած ընկերությունը տնօրինում է Ուկրաինայից արտահանվող աղ դրած եւ կապույտ կաշվի 16¬20 տոկոսը, հիմնական գործարաններն իտալական առաջատար ֆիրմաներն են։

«Ընկերներս առաջարկեցին սպիրտի գործարանը բացել Երեւանում, բայց ընդդիմացա, քանի որ Հայաստանը միայն Երեւանը չէ. նախՙ ես վանաձորցի եմ, բացի այդՙ Երեւանում ներդրումներ կատարվում են, մարդիկ աշխատանք ունեն, իսկ Վանաձորում անհամեմատ գործազրկություն է», նշեց հայ գործարարը։

Արդեն ապրիլ ամսից Վանաձորում սկսվել են սպիրտի գործարանի կառուցման աշխատանքները, սպասվում է, որ հոկտեմբերին կամ նոյեմբերին կստացվի առաջին արտադրանքը։ Ներդրվել է մի քանի հարյուր հազար դոլար։ Արտադրական բազայի աշխատանքները ղեկավարում է Սանասարի ավագ եղբայրըՙ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանը։ Վերջինիս հանդիպեցինք Վանաձորում, գործարանի տարածքում, որտեղ կատարվում են վերջին աշխատանքները։

«Գաղափարն ամբողջությամբ պատկանում է եղբորս, նա գիտեր իր հնարավորությունները, որոշ հաջողություններ ունի, հիշել է հարազատ քաղաքը։ Սկսել է բարեգործությամբ, ապա մտածել, որ ամենամեծ բարեգործությունն այս քաղաքում արտադրության կազմակերպումն է, տասնյակ ընտանիքներ կարող են աշխատանք գտնել։ Ողջունել եմ եղբորս գաղափարը, համարել եմ լավ, լուրջ գործ, նա ինձ առաջարկել է ղեկավարել աշխատանքները։ Իհարկե, եթե ես ամեն ինչով ապահովված լինեի, եթե ունենայի գիտահետազոտական հիմնարկություն, լաբորատորիա, աշխատանքի լավ պայմաններ, գուցե տնտեսության մասին չմտածեի», ասում է Գարեգին Ղույումչյանը։

Շինարարական աշխատանքներում ներգրավված է 30 մարդ, մոտավորապես նույնքան մարդ կաշխատի հոկտեմբերի կեսերից, երբ սկսվի գործարանի կանոնավոր աշխատանքը։

«Տեխնիկական սպիրտը չունի որակական չափանիշներ։ Դրա արտադրության մեջ ամենաէժան հումքը գետնախնձորն է։ Տեխնիկական սպիրտ ստանալու պրոցեսում առանձնանում են նյութեր, որոնք օգտագործվում են տարբեր օծանելիքների, քսուքների արտադրության մեջ։ Սպիրտի արտադրությունն առանց անասնապահության դժվար է պատկերացնել, թորման հետեւանքով ստացված մնացորդներն էժան եւ որակով անասնակեր է։ Միջին հաշվով օրական պետք է ստանանք 20 տոննա անասնակեր», ասում է Դնեպրոպետրովսկում հաստատված հայ գործարարը, հույս հայտնելով, որ ծրագիրն իրականացնելու դեպքում կստեղծվի 300 աշխատատեղ։

«Մեր հաշվարկներովՙ տեխնիկական սպիրտի արտադրությունը մեծ շահույթներ չի տալու, բայց հնարավորություն է տալու նոր, օժանդակ ձեռնարկություններ ստեղծելՙ անասնապահություն, կոշտ կերի, ապագայումՙ իտալացիների հետ համատեղ քսուքների արտադրություն», ավելացնում է Գարեգին Ղույումչյանը։

Գետնախնձորից բացի, տեխնիկական սպիրտի արտադրության մեջ որպես հումք շահավետ է նաեւ ճակնդեղը։ «Գիտեք, որ Սպիտակի շրջանը ժամանակին եղել է ճակնդեղի մշակության շրջան։ Մեր արտադրության ծավալն այնպիսին է, որ 5¬10 գյուղ կարող են զբաղվել ճակնդեղի եւ գետնախնձորի մշակմամբ։ Այսպես, բազմաթիվ ընտանիքներ, չլինելով գործարանի աշխատողներ, կապվում են արտադրությանը։ Գործարանն օրական կարտադրի 4¬5 տոննա տեխնիկական սպիրտ, որն ամբողջությամբ արտահանվելու է, եղբայրս պայմանագրեր ունի իտալացիների հետ», ասում է Գարեգին Ղույումչյանը։

Հուսանք, որ Հայաստանից հեռացած գործարարները կշարունակեն օգնությունը հայրենիքին։ Միայն ներդրումներով է հնարավոր, թեկուզ փոքր, Հայաստանը դուրս բերել տնտեսական ներկա վիճակից, աշխատասեր հայի համար ստեղծել ապրելու արժանավայել պայմաններ։ Միայն աշխատատեղեր ստեղծելու դեպքում է հնարավոր փակել արտագաղթի ճանապարհը։ Հուսանք նաեւ, որ Վանաձորից հեռացած մյուս գործարարները, Սանասար Ղույումչյանի օրինակով, կհիշեն հարազատ քաղաքը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Դնեպրոպետրովսկ-Վանաձոր

Հ. Գ. Մեր հանրապետությունում, առավել եւսՙ մարզերում, օրենքի սահմաններում գործելու մարդկանց ցանկությունը դեռեւս մեծ չէ։ Բավական է մի կաթիլ մեղր, եւ չինովնիկությունը կպահանջի իր «փայը»։ Այդպես եղավ նաեւ տեխնիկական սպիրտի գործարանի շինարարության ընթացքում։ Սանասար Ղույումչյանից փող պլոկելու ակնկալիքով քրեական գործ հարուցվեց Գարեգին Ղույումչյանի դեմՙ իբր վերջինս մի ուսանողից 20 դոլար կաշառք է վերցրել։ Գործը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով։ Տվյալ դեպքում փող պլոկելու ակնկալիք ուներ Վանաձորի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Շահվերդյանը, որը Վանաձորում հայտնի է «Շայբա» մականունով։ Ըստ լուրերի, Վանաձորի անտառների «տնօրենը» հենց այս «Շայբան» է։ Այս մասինՙ մեկ այլ առիթով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4