«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2002-10-04 | #180, 2002-10-05 | #181, 2002-10-08


ՔԻՇՆԵՎՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԼԻԵՎԻ, ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ, ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում նախագահների մակարդակով երկկողմ շփումներից ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարների հանդիպումը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Քիշնեւ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Հյուգ Պերնեի օգնական Բերտրան Բուշվալտերը Հայաստանի նախագահիՙ Երեւանից Քիշնեւ թռչող օդանավում ուշադրությամբ ուսումնասիրում էր Ադրբեջանի, ԼՂՀ-ի, Հայաստանի քաղաքական քարտեզը, մեր հանրապետության հարավային սահմաններով անցնող ճանապարհները։ Օդանավում էր նաեւ Հյուգ Պերնեն, որին Մոլդովայի մայրաքաղաքում միացան նրա ռուս եւ ամերիկացի գործընկերներ Նիկոլայ Գրիբկովը եւ Ռուդոլֆ Փերինան. միջնորդական եռյակը կտրականապես հրաժարվեց պատասխանել հայ եւ ադրբեջանցի լրագրողների որեւէ հարցի։

Մոլդովայի մայրաքաղաքում հոկտեմբերի 6¬7-ը կայացած ԱՊՀ հերթական գագաթաժողովում համագործակցության անդամ 12 պետությունների ղեկավարները (Քիշնեւ չէր ժամանել միայն Թուրքմենբաշին, ինչն ԱՊՀ գագաթաժողովների համար դարձել է սովորական երեւույթ- Թ. Հ.) անցկացրին երկկողմ բազմաթիվ հանդիպումներ, լրագրողների ուշադրության կենտրոնում Պուտին-Շեւարդնաձե բանակցություններն էին, որոնք տեւեցին մոտ մեկ ժամ։ Հայաստանի նախագահը կիրակի երեկոյան անցկացրեց չորս հանդիպում։ Բայց ամեն ինչ հնարավորության եւ մեր ունեցած տեղեկատվության համաձայն պատմենք, ըստ կարեւորությանՙ խախտելով հանդիպումների հերթականությունը։

Քոչարյան-Ալիեւՙ 19-րդ հանդիպում

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սադարակյան 4-ժամյա բանակցությունները շարունակվեցին Քիշնեւումՙ ձգվելով երկու ժամ։ 79-ամյա Ալիեւն ուներ բաց դեղնավուն տեսք, մի տեսակ դժվար էր շնչում, առավել եւսՙ խոսում։ Հասկանալ կարելի է, որ նման ֆիզիկական հատկանիշներ ունեցող մարդն առավել մտահոգված պետք է լինի զուտ առողջական խնդիրներով եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնը որդուն փոխանցելու մտահոգությամբ, իսկ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացը պրն Ալիեւին պիտի որ հետաքրքրի իշխանության ժառանգականությունն ապահովելու ենթատեքստով։ Քոչարյան¬Ալիեւ հանդիպման ավարտին Հայաստանի ղեկավարն ասաց, որ շատ դժվար է, բայց նախագահներն ունեն ցանկությունՙ գտնելու հարցի լուծումը։ «Բավարարված եմ այսօրվա հանդիպման արդյունքներով, քայլ առաջ էր դեպի խնդրի կարգավորում», ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Իր հերթին պրն Ալիեւը նշեց, որ շատ դժվար եւ բարդ է լուծել ԼՂ հակամարտությունը, բանակցությունների մասին «չեմ կարող որեւէ կոնկրետ բան հայտնել»։

«Հայլուրի» թղթակիցն Ալիեւին հարցրեց, թե ավելի ճիշտ չէ՞ այստեղ հանդիպման մասին որոշ մանրամասներ տեղեկացնել, քանզի միեւնույն է, Բաքուն մեկ-երկու ամսից հրապարակելու է դրանք։ Ադրբեջանի նախագահը նկատեց, թե բանակցությունների մանրամասները հրապարակում է Երեւանը, այսինքնՙ հայկական կողմն է խախտում գաղտնի հանդիպումների մանրամասնությունները չհրապարակելու պայմանավորվածությունը։

Այսքանով ավարտվեց երկու պետությունների ղեկավարների հարց ու պատասխանը ԶԼՄ-ների համար, որից հետո Քոչարյան¬Ալիեւ բանակցությունները շարունակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ։

Հարցազրույց Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հետ

Մինչ շարունակվում էին Քոչարյան-Ալիեւ բանակցությունները, հարցազրույցի հրավիրեցի Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւին։

¬ Պրն Գուլիեւ, 2003 թ. Հայաստանում, ապաՙ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, ինչքանո՞վ եք իրական համարում ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորությունները։

¬ Ինքնին պարզ է, որ նախագահական ընտրությունները չեն խթանում բանակցային գործընթացը, մեկ անգամ չենք ասել, որ այս հակամարտության կարգավորումը հակամարտող երկու կողմերից պահանջում է փոխզիջումներ։ Նախագահական ընտրությունների շրջանում նման փոխզիջումների դիմելն արդեն դժվար է։ Ահա թե ինչու, կարծում եմ, նախագահական ընտրություններից առաջ հնարավոր չէ հասնել նշանակալի առաջընթացի։

¬ Ի՞նչ նկատի ունեք փոխզիջում ասելով, մասնավորապեսՙ փոխզիջում հայկական կողմից։

¬ Դա պետք է հայկական կողմը որոշի։

¬ Այսինքնՙ ձեր ցանկությունն ի՞նչ է, սա նկատի ունեմ։

¬ Մեկ անգամ չենք ասել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերադարձնի օկուպացված տարածքները, եւ դրանից հետո կարող ենք նստել սեղանի շուրջ, բանակցություններում վճռել ԼՂ կարգավիճակը։

¬ Դուք օկուպացված տարածքներ ասելով նկատի ունեք նաեւ Լեռնային Ղարաբա՞ղը։

¬ Ամբողջ ադրբեջանական տարածքները, ներառյալՙ ԼՂ-ն։ Ղարաբաղում ապրում են նաեւ հայեր, հայ բնակչությունը գերակշռում է։ Դեռ 1920-ական թթ. Ադրբեջանը ԼՂ-ին տվել է ինքնավարություն։

...Մեր զրույցին միացած «Հայոց աշխարհի» թղթակիցը Գուլիեւին հարցրեց. «Իսկ Ադրբեջանն ի՞նչ փոխզիջումների պետք է դիմի»։

«1996 թ. Լիսաբոնի գագաթաժողովում ֆիքսված են հակամարտության կարգավորման սկզբունքները։ Կրկնում եմՙ չկան փարիզյան սկզբունքներ. Փարիզում նախագահները հակամարտության կարգավորման շուրջ տեսակետներ են փոխանակել։ Ես չեմ հասկանում, թե ինչ նպատակով է հայկական կողմը 1,5 տարի խոսում ինչ-ինչ փարիզյան սկզբունքների մասին։ Լիսաբոնյան մոտեցումը չունի ժամանակային սահմանափակումներ, քանզի այնտեղ պահպանվում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»։

«Հայոց աշխարհը» մեկ այլ հարց ուղղեց պրն Գուլիեւին. «Դուք խոսում եք միջազգային իրավունքի մեկ սկզբունքի մասին, իսկ մյո՞ւսը»։

«Եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իր հերթին Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ», պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարարը։

«Գոլոս Արմենիի» թղթակիցը հարցրեց. «Հ. Ալիեւը վերջերս նշեց, որ ինքը, լինելով Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, արել է հնարավորը, որպեսզի Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխվի։ Հաշվի առնելով այս խոստովանությունը, չե՞ք կարծում, որ այլեւս հնարավոր չէ խոսել ԼՂ-ի ինքնավարության մասին»։

«Դարերից Ղարաբաղը բնակեցված է եղել ոչ միայն հայերով, այլեւՙ ադրբեջանցիներով։ Հեյդար Ալիեւը, լինելով Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, արել է հնարավորը, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց հարազատ վայրերը», պատասխանեց Գուլիեւը։

Զրույցի վերջում «Ազգը» եւս երկու հարց ուղղեց Ադրբեջանի արտգործնախարարին.

¬ Դուք կարո՞ղ եք նշել ԼՂ կարգավորման մի տարբերակ, որն ունենա իր նախադեպը, ասենքՙ Բոսնիա, Միկրոնեզիա։

¬ Աշխարհում չկա մի օրինակ, երբ 150 հազարանոց բնակչությունը ցանկանում է ինքնորոշվելՙ զավթելով 20 տոկոս տարածք, իրագործելով էթնիկ զտումներ եւ փորձում է ուժի գործադրմամբ փոխել քաղաքական քարտեզը։ Ամեն մի հակամարտություն ունի իր յուրահատկությունը։

¬ Պրն Գուլիեւ, ի՞նչ կարող ենք սպասել այսօրվա բանակցություններից։

¬ Նախագահները Սադարակում հայտարարեցին, որ բանակցությունները կոնֆիդենցիալ են, այդ պատճառով դժվարանում եմ կանխատեսումներ անել։ Եթե նախագահները հանդիպում են, վարում բանակցություններ, երեւի կան հուսադրող ակնկալիքներ։

Անշուշտ, մեր նպատակը չէ ներկայացնել ԼՂ հարցում պաշտոնական Բաքվի տեսակետները։ Նախագահական ընտրություններից առաջ հատկապես պրն Գուլիեւը մոռացել է, որ ինքը դիվանագետ է, ոչ թե քաղաքական գործիչ, պոպուլիստ ընդդիմադիր։ Զրույցի վերջում պրն Գուլիեւը հազարերորդ անգամ կրկնեց, որ փարիզյան կոնկրետ սկզբունքներ չկան։ «Փարիզում եւ Քի Վեսթում նախագահները վարում էին լարված բանակցություններ, եւ, անշուշտ, քննարկվում էին տարբեր մոտեցումներ, Հ. Ալիեւը բացահայտեց այդ սկզբունքներից մեկը (նկատի ունի Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը- Թ. Հ.)։ Սկզբունքներ են, երբ կողմերն ընդունում են ինչ-որ փաստաթուղթ։ 1999 թ. մշակվել էին սկզբունքներ, փաստաթուղթը պատրաստ էր, բայց Հայաստանի խորհրդարանում կատարված դեպքերը թույլ չտվեցին իրականություն դարձնել այդ սկզբունքները», ասաց Վիլայաթ Գուլիեւը։

Պուտինը Քոչարյանին հրավիրել է Մոսկվա

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանը, քննարկվել են երկկողմ տնտեսական հարցեր, մասնավորապես «Գույք պարտքի դիմաց» պայմանավորվածության ընթացքը, ՌԴ վարչապետ Մ. Կասյանովիՙ նոյեմբերի սկզբին Երեւան պաշտոնական այցին վերաբերող հարցեր։ Պուտինը Քոչարյանին հրավիրել է Մոսկվա, այցի ժամկետները կճշտվեն մոտ ապագայում։ Ենթադրվում է, որ պրն Քոչարյանը Մոսկվա կմեկնի դեկտեմբեր-հունվար ժամանակահատվածում։

Քոչարյանն ու Շեւարդնաձեն ողջագուրվեցին, հրաժեշտ տվեցինՙ մի տեսակ սառը

Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարների հանդիպումը տեւեց շատ կարճՙ 20¬25 րոպե։ Սովորության համաձայն նրանք ողջագուրվեցին, ապաՙ բանակցությունների ավարտին միմյանց հրաժեշտ տվեցին մի տեսակ սառնությամբ։ Լրագրողներս ենթադրեցինք, որ նախագահները, հատկապես պրն Շեւարդնաձեն, ակնհայտորեն հոգնած էին։ Այս հանդիպումը տեղի ունեցավ երեկոյան 11։45-ին, մինչ այդ Շեւարդնաձեն բանակցել էր Մոլդովայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների հետ, իսկ Քոչարյան-Շեւարդնաձե հանդիպմանը հաջորդեց Շեւարդնաձե-Ալիեւ հանդիպումը։

Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Կախա Իմնաձեն հայ լրագրողներին տեղեկացրեց, որ «երկու հարեւան, բարեկամ պետություններիՙ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Պրն Իմնաձեն հավաստեց, որ Սամցխե-Ջավախքում չկան ահաբեկիչներ։ «Եթե որոշ մարդիկ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սրում են իրադրությունը, սա արդեն այլ հարց է։ Որտեղի՞ց են չեչենները հայտնվել Սամցխե-Ջավախքում։ Հայաստանի՞ց», զարմացած հարցրեց մամլո խոսնակը։ Անդրադառնալով Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների խնդրին, պրն Իմնաձեն նշեց, որ Ստամբուլում 1999 թ. ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ «սա միայն ռուս¬վրացական հարաբերությունների հարց չէ, ավելի լայն հարց է, եւ ռուսական ռազմակայանները պետք է դուրս բերվեն»։ Ըստ նրա, Թբիլիսին, անկախ մարդկանց էթնիկ ծագումից, մտահոգված է իր երկրի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու խնդրով, այնպես որ, «Ախալքալաքում ունակ է ստեղծել համապատասխան աշխատատեղեր» 62-րդ ռազմակայանում աշխատող հայերի համար։ Մեր հարցին, թե համապատասխան առաջարկության դեպքում ինչպե՞ս է Թբիլիսին ընդունում Երեւանի հնարավոր միջնորդությունը ռուս-վրացական հարաբերություններում, Կախա Իմնաձեն ասաց. «Իմ կարծիքով, այսօր տեղի ունեցած Շեւարդնաձե-Պուտին հանդիպումից հետո ռուս-վրացական հարաբերություններում միջնորդի կարիք չի զգացվում»։

Պուտին-Շեւարդնաձեՙ «քիշնեւյան մեղրամի՞ս»

Ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Պուտին-Շեւարդնաձե հանդիպումը։ Քիշնեւ ժամանելու նախօրեին Վրաստանը ռուսական կողմին հանձնեց ահաբեկչություններ իրականացնելու մեջ ամբաստանվող 13 չեչեններից 5-ին, իսկ Մոլդովայի մայրաքաղաքում պրն Շեւարդնաձեն իր ռուս գործընկերոջը վստահեցրեց, թե կհանձնի մյուս ութ գրոհայիններին եւս։ Հոկտեմբերի 7-ը Պուտինի 50-ամյակի օրն էր, հավանաբար այս նվերը ՌԴ նախագահին շատ էր դուր եկել։ Ամեն դեպքում, Կախա Իմնաձեն հավաստեց, որ այսօրվանից նոր մեկնարկ է տրվում ռուս-վրացական հարաբերություններում։ Պուտինը եւ Շեւարդնաձեն պայմանավորվել են ահաբեկչության դեմ այսուհետեւ պայքարել համատեղ ջանքերով։

ԱՊՀ գագաթաժողովի օրակարգից

ԱՊՀ գագաթաժողովների աշխատանքները գոնե լրագրողների համար դարձել են ձանձրալի։ Սովորության համաձայն, Համագործակցության անդամ պետությունների ղեկավարները հանդիպում են, ստորագրում ինչ-ինչ փաստաթղթեր, որոնց մեծ մասը մնում է թղթի վրա։

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստ, հոկտեմբերի 7-ինՙ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, ապաՙ անդամ պետությունների ղեկավարների նիստ նեղ կազմով, որից հետոՙ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպում ընդլայնված կազմով, վերջումՙ մամուլի ասուլիս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4