Երեկ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը պիտի ներկայանար տուժող, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Դատական նիստի առաջին կեսն անցավ սպասումով։ Խաչատուր Սուքիասյանն, իհարկե, չներկայացավ։
Հայտարարվեց ընդմիջում այն հույսով, որ ընդմիջումից հետո դատական նիստը կշարունակվի տուժողի ցուցմունքով եւ հարցաքննությամբ։
Բայց հույսն ու սպասումն անիմաստ դուրս եկան։ Օրվա երկրորդ կեսից հետո էլ մի քիչ սպասելովՙ դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց, որ ոչ մեկին թույլ չի տրվի դատավարությունը ֆարսի վերածել։ Իսկ հաջորդՙ չորեքշաբթի կայանալիք նիստին, բերման ենթարկելով կներկայացվի Սմբատ Այվազյանը։ Այս կապակցությամբ դատարանն արդեն որոշում է կայացրել։
Դատարանը դեռեւս չներկայացած մոտ 20 տուժող ունի։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրին բերման ենթարկելու եւ մեկական նիստ ծախսելու դեպքում դեռ ամենաքիչը մինչեւ դեկտեմբեր դատարանը կլսի տուժողների ցուցմունքները։ Եվ սա դեռ դատավարության շարունակության լավատեսական սցենարի դեպքում։
Գրեթե բոլոր քաղաքական ուժերը գոնե մի հարցում միակարծիք են, որ պետք չէ ավելորդ ձգձգել դատավարությունը, որի ժամանակացույցն արդեն բազմաթիվ ամիսներ է «կուլ տվել»։ Սակայն գործնականում ապացուցվում է հակառակը. մեր օրենսդիր մարմինը «կոմայի» մեջ է պահում դատավարությունը։
Եթե գումարենք նաեւ 2003 թ. ընտրությունները, ապա կարելի է կանխատեսել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը կտեւի շատ ավելի երկար, քան ենթադրվում էր։
Ինչեւէ, տուժողներին բերման ենթարկելու փորձի արդյունքը կտեսնենք չորեքշաբթի։
Ա. Հ.