Հետաքրքրաշարժ մանրամասներ Մոլդովայից, ԱՊՀ գագաթաժողովից
Մոլդովան փայլուն օրինակ է կարոտախտով ապրող մեր այն հայրենակիցների եւ հետխորհրդային հանրապետությունների այն մարդկանց համար, ովքեր անուղղելիորեն համոզված են, թե կոմունիստական կուսակցության իշխանության գալով հնարավոր է փոխել, արմատապես դեպի լավը փոխել կենցաղը։ Մոլդովան կոմունիստական է, արդեն երկրորդ տարին երկրում իշխում են համայնավարներըՙ կոմունիստ նախագահ Վորոնինի եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող համայնավարների ղեկավարությամբ։ Մայրաքաղաք Քիշնեւը լույսերով ակնհայտորեն հետ է մնում, օրինակ, Երեւանից, մոլդովուհիների հագուկապն ավելի շքեղ չէ, քան վրացուհիներինը, մոտ 34 հազար քառակուսի կիլոմետր տարածքով այս երկրում թոշակները 8-9 դոլար են, հիվանդներն անվճար չեն բուժվում, լայն սպառման ապրանքների գներն Ուկրաինայի նման են։ Եթե նախագահ Վորոնինից վերցնենք կոմունիստ պիտակը, Մոլդովան կնմանվի, ասենք, Ադրբեջանին կամ Բելառուսին։
Քիշնեւի լուսավոր կետը օդանավակայանն է, որը վերջերս վերանորոգել են թուրքերը։ Հոկտեմբերի 7-ի երեկոյան ազգային տարազով մոլդովուհիները երգ ու պարով էին հրաժեշտ տալիս ԱՊՀ անդամ երկրների պատվիրակություններին։ Հրաժեշտ տվողների մի մասը հաստատ համոզված էր, որ այս ամենը Վլադիմիր Վլադիմիրովիչի հոբելյանի պատվին է. այդ օրը լրանում էր Կրեմլի տիրակալի 50 տարին։ Մոլդովական նվագախումբը կատարեց մեր հայրենակից Կարո Հայրապետյանի հայտնի երաժշտությունը. ջութակի, ակորդեոնի, շեփորի, թավջութակի հնչյունների ներքո ադրբեջանական պատվիրակությունը տեսնեիք ո՜նց էր պարում։ Հետո մեր հարեւանները չդիմացան ազգային եւս մի գայթակղությանՙ «Լեզգինկային»։ ԱՊՀ գագաթաժողո՜վն ուր, ադրբեջանցի՜ն ուր, լեզգի՜ն ուր...
Այո՛, Պուտինը 50 տարեկան է։ ԱՊՀ անդամ 12 պետությունների նախագահները, բացառությամբ Թուրքմենբաշու, որը չէր ժամանել Քիշնեւ, «Հանրապետության պալատից» ավտոբուսով մեկնեցին Մոլդովայում ՌԴ դեսպանատունՙ նշելու Վլադիմիր Վլադիմիրովիչի ծնունդը։ Ո՞վ կարող էր նստել Պուտինի կողքին։ Լուկաշենկոնՙ որ վերջերս Պուտինին համեմատել էր Ստալինի հետ, ոչ. «Բատկան» նստել էր նեղ աչքերով նախագահի կողքին, որը կամ Քարիմովն էր, կամՙ Նազարբաեւը, եւ զրուցում էր անմիջապես հետեւում նստած Քոչարյանի հետ. երեքով լայն ծիծաղում էին։ Պուտին-Շեւարդնաձե «միասնությունը» հերքվում է տրամաբանորեն. Ռուսաստանի նախագահը համարյա Բուշի նման չի սիրում թալիբներին, իսկ ռուսները Շեւարդնաձեին համեմատում են թալիբների հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի հետ։ Տեսականորեն, հաշվի առնելով նաեւ Ալիեւիՙ դեռ Բրեժնեւի ժամանակներից «շեֆին» հաճոյանալու բնավորությունը, Պուտինի կողքին կարող էր նստել Ադրբեջանի նախագահը։ Ամենայն հավանականությամբ Պուտինի կողքին գագաթաժողովը հյուրընկալող երկրի նախագահ կոմունիստ Վորոնինն էր։
Հստակ հայտնի չէ, թե նախագահներն ինչ նվերներ էին պատրաստել Պուտինին։ ՌԴ նախագահը նվերներ սիրում է ստանալ, հատկապես ձիերՙ արաբական քուռակներ, արժեքավոր գիրք։
ԱՊՀ-ն դիտորդներ կուղարկի Հայաստանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում որոշում ընդունվեց 2003 թ. հունվարից մոտ 23 տոկոսով կրճատել ԱՊՀ մարմինների աշխատողների թիվը, ովքեր ֆինանսավորվում են համագործակցության մասնակից երկրների բյուջեի միջոցների հաշվին, այդ թիվը պետք է լինի 555 մարդ։ Պուտինը ԱՊՀ երկրների խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Ուկրաինայի թեկնածությունը. ամենայն հավանականությամբ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2003 թ. հոկտեմբերին, Կիեւում։ Դիտորդների կարծիքով, Պուտինն օգնության ձեռք է մեկնել Կուչմային, որի դիրքերը երկրում սասանվել են։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ վեց պետություններիՙ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի նախագահները ստորագրեցին ՀԱՊԿ-ի կանոնադրությունը։
Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների նիստում որոշում է ընդունվել 2003 թ. փետրվարի 19-ին եւ մայիսի 25-ինՙ համապատասխանաբար Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ-ից ուղարկել դիտորդներ։
Ինչպես նշել էինք «Ազգի» երեկվա համարում, գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Պուտին¬Քոչարյան հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահն իր հայ գործընկերոջը հրավիրել է Մոսկվա։ Ենթադրվում է, որ այցը տեղի կունենա դեկտեմբերի վերջին¬հունվարին։ Փետրվարը, հայտնի է, նախագահական ընտրությունների ամիսն է։ Մեր կարծիքով, եւ ոչ միայն մեր, նախագահ Քոչարյանի այդ այցը Մոսկվա կկրի ավելի շատ խորհրդանշական բնույթ։ Ըստ էության, Պուտինը հասկանալ է տալիս, որ կցանկանար փետրվարի 19-ից հետո էլ գործ ունենալ հենց Քոչարյանի հետ։ Անշուշտ, չի բացառվում, որ այս ընթացքում Կրեմլ կամ ռուսաստանյան վարչական որեւէ կառույց հրավիրվեն նախագահական հավակնություններ ունեցող հայ քաղաքական գործիչներ, ինչը, սակայն, ավելի շատ կհետապնդի տեսակետները շոշափելու նպատակ։ Քոչարյանի այցը Մոսկվա միայն դրական ազդեցություն կունենա ավանդաբար ռուսական կողմնորոշում ունեցող հայ ընտրողների վրաՙ ի նպաստ ՀՀ գործող նախագահի։
Եվրախորհուրդը Թբիլիսիին խորհուրդ է տալիս չեչեն գրոհայիններին չհանձնել Մոսկվային
Քիշնեւում Պուտին-Շեւարդնաձե հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահը խոստացել է Ռուսաստանին հանձնել ռուս-վրացական սահմանում ձերբակալված 13 չեչեն գրոհայիններից 8-ին։ Ինչպես հայտնի է, չեչեններից հինգը ռուսական կողմին էին հանձնվել Շեւարդնաձեի Մոլդովա ժամանելու նախօրեին։ Ստրասբուրգի Եվրադատարանը նամակով դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանըՙ խորհուրդ տալով Մոսկվային չհանձնել ձերբակալված չեչեններին, քանի դեռ չի հաստատվել վերջիններին վերագրվող հանցագործությունները։ Արդեն Թբիլիսի վերադարձած Շեւարդնաձեն կանգնած է երկընտրանքի առաջՙ հանձնե՞լ, թե՞ չհանձնել։ Քիշնեւում Շեւարդնաձեն խոստացավ հանձնել, իսկ Պուտինը հրապարակավ հույս հայտնեց, որ Վրաստանի նախագահը կկատարի խոստումը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Քիշնեւ-Երեւան