Երեկ տեղի ունեցավ «5+1» հանցախմբի դատաքննության վերջին նիստը։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի հարուցած մեղադրանքով Ա. Պետրոսյանը, Հ. Խաչատրյանը, Հ. Հարոյանը եւ Ա. Սաֆարյանը մեղադրվում են բանդիտիզմի, սպանության փորձերի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունների, ավազակային հարձակման, կողոպուտի, գողությունների, գողության փորձերի, ավտոմեքենաներ առեւանգելու, առեւանգման փորձերի, ավտոմեքենաներ պայթեցնելու եւ հրկիզելու համար։ Ա. Սաֆարյանը մեղադրվում է ավազակային հարձակմանն ու սպանությանը մասնակցելու եւ հանցավոր խմբի գործողություններին տեղյակ լինելու համար, Դ. Թումանյանըՙ խմբին օժանդակելու եւ հանցավոր գործողություններին տեղյակ լինելու եւ թաքցնելու համար։ Ք. Հարոյանը (Գյումրու բնակիչ), որը Հ. Հարոյանի հորեղբոր աղջիկն է, Ա. Պետրոսյանի հետ փաստական ամուսնության մեջ է, մեղադրվում է հափշտակվածը թաքցնելու եւ դրա իրացմանն օժանդակելու, կատարված հանցավոր գործողություններին տեղյակ լինելու համար։
Հոկտեմբերի 8-ին, մինչ դատավճռի ընթերցումըՙ մեղադրյալները հանդես եկան վերջին խոսքով, դատարանից խնդրելով մեղմ պատիժ, ուղղվելու հնարավորություն, խոստովանելով, որ գիտակցում են իրենց մեղքը եւ զղջում են։ Իսկ Արկադի Սաֆարյանն իր հանցանքը բացատրում էր սոցիալական անբարենպաստ պայմաններով։
Արամ Ռոբերտի Պետրոսյանին (ծնվ. 1978 թ.) եւ Հակոբ Սամվելի Խաչատրյանին (ծնվ. 1979 թ.) Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահՙ Վոլոդյա Ասլանյան) դատապարտեց մահապատժիՙ անձնական ողջ գույքի բռնագրավմամբ։
Խմբի մյուս անդամների նկատմամբ դատավճիռն այսպիսին էր։ Հայկ Լյովայի Հարոյանը (ծնվ. 1978 թ.) դատապարտվեց ազատազրկման 14 տարի ժամանակովՙ անձնական ողջ գույքի բռնագրավմամբ, 50 հազար դրամի չափով տուգանքով, առանց աքսորի։ Պատիժը պետք է կրի ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, առաջին 3 տարինՙ բանտային ռեժիմում։
Արկադի Պավելի Սաֆարյանը (ծնվ. 1979 թ.) դատապարտվեց ազատազրկման 10 տարի ժամանակովՙ առանց աքսորի, ողջ անձնական գույքի բռնագրավմամբ։ Պատիժը պետք է կրի ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Դավիթ Ռաֆիկի Թումանյանին (ծնվ. 1979 թ.) դատարանը դատապարտեց 1 տարի ազատազրկման։ Պատիժը պետք է կրի դիտավորությամբ հանցագորություն կատարած անձանց գաղութ-բնակավայրում։ Քրիստինե Սուրիկի Հարոյանը (ծնվ. 1982 թ.) դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամանակով եւ տուգանքովՙ 40 հազար դրամի չափով, առանց գույքի բռնագրավման։ Կիրառվեց ՀՀ քր. օրենսգրքի 42 պրիմ հոդվածըՙ դատավճռի կատարումը հետաձգելով 2 տարով։ Քրիստինե Հարոյանի վերահսկողությունը հանձնարարվեց Գյումրու ՆԳ բաժնին։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ