Սակայն առանձին ոլորտներում էական փոփոխություններ չկան
Հարկային մուտքերն այս տարվա 9 ամիսներին կազմել են 75 մլրդ դրամ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 33,2 տոկոսով կամ 18,8 մլրդ դրամով։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը։ Ըստ նրա, աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների գծով. ավելացված արժեքի հարկՙ 44 տոկոսով, շահութահարկՙ 14 տոկոսով, եկամտահարկՙ 16 տոկոսով, պետական տուրքՙ 10 տոկոսով։ Բնական պաշարների օգտագործումից, գազալիցքավորման կայաններից, երթուղային տաքսիներից գանձվող վճարները նույնպես աճել են։ Տարեկան հարկային մուտքերի ընդհանուր չափը պետք է լինի մոտ 104 մլրդ դրամ։ Նախարարը հույս հայտնեց, որ 4-րդ եռամսյակում նախատեսված 29,7 մլրդ դրամի հավաքումը կապահովվի։ Նա նաեւ տեղեկացրեց, որ, 8 ամսվա տվյալներով, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 10,1 տոկոսի աճ է ունեցել։
Վերադառնալով հարկային մուտքերին, Երվանդ Զախարյանը 2001 թ.-ի վերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունք համարեց հարկային մուտքերի նախատեսված ցուցանիշների ապահովումը, որից 6¬7 մլրդ դրամը ստվերային տնտեսությունից բերված գումար է։ Հիշեցնենք, որ կիսամյակի արդյունքներն ամփոփելիս եւս Երվանդ Զախարյանը որպես ստվերային տնտեսությունից հարկման դաշտ բերած գումար նշել էր 6 մլրդ դրամը, ինչը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3 ամիսներին։
2003 թ.-ի անելիքներին անդրադառնալով, պետեկամուտների նախարարը հայտնեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ պետք է օրենսդրական նոր փոփոխություններ կատարվեն, նկատի ունենալով, որ նախատեսվում է առնվազն 10 տոկոսի չափով մուտքերի աճ։ Սակայն հարկային դրույքաչափերի փոփոխություններ, այսինքնՙ բարձրացում, չեն լինելու։ Այնուհետեւ, ներկայացվելու է հարկային մարմինների աշխատանքի բարեփոխումների ծրագիրը։ Կարեւոր նշանակություն կունենա «Հարկային ծառայության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը։ Սպասվում է նաեւ համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, ինչը, նախարարի կարծիքով, կնպաստի «նեգատիվ երեւույթների նվազմանը»։ Խոսքը մասնավորապես հարկային տեսուչի եւ տնտեսվարողների ապօրինի համաձայնությունների մասին է։ Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը, ըստ Երվանդ Զախարյանի, հարկային պարտավորություններից խուսափելը սահմանափակելն է։ Օրինակ, խոշոր հարկատուների շրջանառությունն արձանագրելու նպատակով նախատեսվում է տվյալ ընկերությունում նախարարության մշտական ներկայացուցիչ ունենալ։ Այս առաջարկը ստացվել է «Մանես եւ Վալեքս» ընկերությունից։ Առաջ անցնելով ասենք, որ եթե դա իրականություն դառնա, ապա դաժան պայքար է ծավալվելու համակարգի աշխատակիցների միջեւ այդ պաշտոնին նշանակվելու համար, ինչը բավականին եկամտաբեր հեռանկարներ է խոստանում։
Նախարարի ելույթից հետո լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին նրան։ «Ազգի» հարցը հետեւյալն էր. «Ինչպիսի՞ն է վիճակը ավանդաբար չհարկվող կամ գրեթե չհարկվող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կազինոները, երթուղային տաքսիները, տոնավաճառները»։
Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ հունիսից կազինոներին նոր լիցենզիաներ չեն տրամադրվում, որովհետեւ 2003 թ.-ի հունվարի 1-ից դրանք պետք է դուրս գան Երեւանի սահմաններից։ Գործող լիցենզիաների ժամկետները հիմնականում լրացել են, մնացել են չորսը։ Մնացածը, ըստ նախարարի, խաղասրահներ են, որոնք հարկային մարմինների հսկողության տակ են։ Այստեղ հարկային մուտքերի որոշ աճ կա։ Երթուղային տաքսիների առնչությամբ նշվեց, որ պետավտոտեսչության Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքներ են տարվում հարկային մուտքերն ավելացնելու նպատակով։ Այստեղ կան «բավականին մեծ անօրինականություններ» եւ, Երվանդ Զախարյանի կարծիքով, մինչեւ 2003 թ.-ի ավարտը «կունենանք կարգ ու կանոն»։
Տոնավաճառների հարկման խնդիրը վերջնականապես չի լուծվի, մինչեւ հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) չտեղադրվեն։ Նախարարն ավելացրեց, որ համապատասխան օրենքի նախագիծը Ազգային ժողովում է։ Հավանաբար 2003 թ.-ի առաջին կամ երկրորդ եռամսյակում հարց կբարձրացվի տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման մասին, որը կիրականացվի 1¬2 տարվա ընթացքում։
Փաստորեն, ե՛ւ երթուղային տաքսիների, ե՛ւ տոնավաճառների դեպքում առնվազն 1 տարի ստվերային շրջանառության ծավալները լուրջ փոփոխություններ չեն կրելու։
Ապառքների առնչությամբ նշվեց, որ դրանք կազմում են 45 մլրդ դրամ։ Խնդրի լուծումը դրանք կուտակած ձեռնարկությունների սնանկացման գործընթացն է։ Ներկայումս 700¬800 նման գործեր գտնվում են դատարանում։ Գերավճարները, որոնց մեջ են նաեւ հարկային կանխավճարները, 2001 թ.-ի հունիսին կազմել են 30 մլրդ դրամ, այժմ նվազել են 3 մլրդ դրամով։ Այստեղ եւս հույս արտահայտվեց մինչեւ 2003 թ.-ի վերջը խնդիրը լուծել։
Պատասխանելով առանձին իշխանական շրջանակների հետ սերտաճած ընկերությունների նկատմամբ հովանավորության առկայության հարցին, նախարարը նշեց, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը տարվում է, եւ որեւէ ճնշում իր վրա իշխանության որեւէ մարմնից չի եղել։ Եվ ընդհանրապես, Երվանդ Զախարյանի հավաստմամբ, հարկային մարմինները դուրս են քաղաքականությունից։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ