Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը Արցախում
Հոկտեմբերի 7¬9-ն Արցախում էր Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունըՙ այդ կազմակերպության տնօրենների խորհրդի փոխնախագահ տիկին Անի Տոտահի գլխավորությամբ։ Նրանց ուղեկցում էր Հայաստանում եւ Ղարաբաղում ԱԱՀ գրասենյակների տարածաշրջանային ղեկավար Արփի Վարդանյանը։
Հյուրերին իր նստավայրում ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Հանրապետության ղեկավարը, նշելով ԼՂՀ միջազգային չճանաչվածության պարագայում միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր չստանալու հանգամանքը, ԱԱՀ ներկայացուցիչներին ասել է, որ ստիպված ապավինում են սեփական ռեսուրսներին եւ հայկական սփյուռքի աջակցությանըՙ միաժամանակ փնտրելով ոչ ստանդարտ ուղիներ եւ մեթոդներ ԼՂՀ տնտեսական ներուժը գործի դնելու համար։
Ա. Ղուկասյանը, մասնավորապես, առանձնացրել է այն խնդիրները, որոնք իրականացվում են սփյուռքի օժանդակությամբ։
Լրագրողների հետ հանդիպելով, Անի Տոտահը նշել է, որ իրենց հերթական այցը նպատակ ունի ճիշտ պատկերացում կազմել ԼՂՀ իրավիճակի մասին։ Երկօրյա շրջագայության արդյունքում իրենք համոզվել են, որ տրամադրված միջոցները նպատակային են օգտագործվում, եւ այս առումով անհրաժեշտ է, որ Ամերիկայի հայկական համագումարն այսուհետեւ առավել ինտենսիվ քայլեր ձեռնարկի ԼՂՀ-ին տրամադրվող մարդասիրական օգնության չափն ավելացնելու համար։
1998 թ. ֆինանսական տարվա ակտով Ղարաբաղին հատկացված 20 միլիոն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնության մնացորդի տրամադրումը ԱԱՀ տնօրենների խորհրդի փոխնախագահը համարեց անհապաղ հարց։ Ավելին, տիկին Անի Տոտահի խոսքերով ոչ միայն պետք է մինչեւ տարեվերջ ստանալ 3.5 միլիոն դոլարի մնացորդը, այլեւ ԱՄՆ կառավարությունից լրացուցիչ ապահովել եւս 5 միլիոն դոլար, որը նույնպես կհատկացվի Ղարաբաղին։
Տիկին Անի Տոտահը միաժամանակ տեղեկացրեց, որ Ամերիկայի հայկական համագումարը ձգտելու է ներդրումներ բերել Ղարաբաղին նաեւ անհատների կողմից։
Անդրադառնալով 907-րդ բանաձեւին, նա ասաց, որ ԱԱՀ ամենաարդյունավետ քայլը այդ բանաձեւի պահպանումն է, որի ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։
Պատվիրակությունը այցի ծրագրի շրջանակներում եղավ հանրապետական հիվանդանոցում եւ ծննդատանը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ