«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2002-10-09 | #183, 2002-10-10 | #184, 2002-10-11


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՍԵԼՈՒ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Հարցազրույց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ

Մեր մայրաքաղաքը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի։ Տարիների ընթացքում դրանք կուտակվել եւ նոր որակի խնդիրների պատճառ են դարձել։ «Ազգը» բազմիցս անդրադարձել է դրանց։ Եվ քանի որ հաճախ դրանք չեն արժանացել քաղաքային իշխանությունների ուշադրությանը, հետզհետե մեր գնահատականներն ավելի սուր ու երբեմն էլ կոշտ են եղել, ինչպես վերջերս Առնո Բաբաջանյանի արձանի վերաբերյալ։ Հետեւաբար, երկուստեք անհրաժեշտություն էր հասունացել ընթերցողի համար հարց-պատասխան կազմակերպելու։

Ստորեւ լույս տեսնող հարցազրույցը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ, կարծում ենք որոշ լուսաբանումներ կտա ընթերցողներին ու, թերեւս, նոր հարցադրումներ կառաջացնի.։

- Պարոն Նազարյան, «Ազգը» բազմիցս անդրադարձել է Հյուսիսային պողոտայի օտարվող գոտում բնակվող բնակիչների խնդիրներին։ Շատ են դեպքերը, երբ բնակիչները բողոքում են իրենց տրված փոխհատուցման չափից։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

¬ Բնակիչների 80 տոկոսը սիրահոժար հրաժարվում է իր հին գույքից, ավելի լավ պայմաններ է ձեռք բերում քաղաքի կենտրոնում։ Իսկ կան բնակիչներ, որ ուզում են ավելի շատ գումար ձեռք բերել, քան իրենց հասանելիքն է։ Նման իրավիճակը համարում եմ բնական, բայց մենք խստագույնս ղեկավարվում ենք կառավարության հաստատած կարգով։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ անշարժ գույքն արժե մի գումար, իսկ այնտեղ բնակվողների թիվն ավելին է, եւ նրանք չեն կարող տրվող գումարով բարելավել իրենց բնակարանային պայմանները, մանավանդ որ շատ դեպքերում բնակիչները չեն ապրում այդ հասցեում, այլ պարզապես գրանցված են։

Անշարժ գույքը գնահատում են անկախ աուդիտորական կազմակերպությունները։ Խրախուսման ֆոնդը գումարվում է գնահատված գումարին, եթե բնակիչը սահմանված ժամկետում ազատում է տարածքը։

Հյուսիսային պողոտայի ծրագրի առաջին խնդիրը կենտրոնի կառուցապատումն է, երկրորդըՙ բնակիչների կենցաղային պայմանների բարելավումը։ Ես, որպես քաղաքապետ, գերխնդիր ունեմ, որ ծրագրի հետ կապված ոչ մի երեւանցի դժգոհություն չունենա, բայց ոչ օրենքի տառը խախտելով։ Եթե առանձին բնակիչների հետ կան խնդիրներ, որոնք, ձեր կարծիքով, արդարացի են, այսինքնՙ մենք նրանց հետ վարվել ենք ոչ արդար, ես ձեզ կարող եմ խոստանալ, որ նման դեպքերը մենք լայն քննարկման առարկա կդարձնենք, կփորձենք հասկանալՙ մենք օրենքով բնակչին որքա՞ն գումար պետք է փոխհատուցեինք, ի՞նչ ենք փոխհատուցել եւ ո՞րն է բողոքի բուն պատճառը։

¬ Անդրադառնանք մայրաքաղաքի համար հրատապ նաեւ այլ խնդիրների։ Մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկությունը հիմնավոր դժգոհությունների առիթ է։ Մասնավորապես գերբեռնված է Երեւանի կենտրոնը, քաղաքն ուղղակի լեփ-լեցուն է միկրոավտոբուսներով, մինչեւ հիմա չի լուծված ավտոկանգառների հարցը։

¬ Դուք մայրաքաղաքի համար շատ ցավոտ հարցեր բարձրացրիք։ Դրանք, սակայն, հատուկ են միլիոնից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքներին։ Ընդհանուր խնդիրներից զատ մեր քաղաքն ունի նաեւ տեղական խնդիրներՙ միկրոավտոբուսների գերհագեցածությունը։ Սա, բնականաբար, լավ օրից չէ։ Ժամանակին, երբ արտոնություններից օգտվողների թիվը շատացավ, դա վերաբերեց միայն ավտոբուսներին եւ էլեկտրատրանսպորտին։ Մասնավորները փորձեցին այս բնագավառը զարգացնել, եւ քաղաքային տնտեսության ավտոբուսային պարկերն աստիճանաբար հայտնվեցին ծանր վիճակում։ Միկրոավտոբուսները զբաղեցրին դրանց տեղը, եւ ստացվեց գերբեռնվածություն։

Ստեղծված իրավիճակում միակ լուծումն այն է, որ ավելացվի ավտոբուսների քանակը, եւ ապահովվի էլեկտրատրանսպորտի նորմալ աշխատանքը։

¬ Դրա՞ համար հանվեցին տրամվայի երթուղիները։

¬ Հանվում են այն հատվածները, որոնք կրկնվում էին մետրոյի հետ եւ տնտեսապես շահավետ երթուղիներ չէին։ Եթե գործում է ստորգետնյա տրանսպորտը, վերգետնյան պահելը, այն էլ տրամվայի տեսքով, որը քայքայում է քաղաքը, անիմաստ է։ Տրամվայի ապամոնտաժված գծերի հաշվին փողոցը լայնացնելով տրամվայը կփոխարինենք տրոլեյբուսով։

¬ Ստացվում էՙ երթեւեկության գերբեռնվածությունը մոտ ապագայում լուծում չի ստանա, իսկ ի՞նչ կասեք ավտոկանգառների վերաբերյալ։

¬ Ավտոկանգառների պրոբլեմը բոլոր խոշոր քաղաքներում ավելի սուր է, քան Երեւանում։ Սա թիվ մեկ խնդիր է, բայց մենք այսօր տեղ ունենք մեքենաներ կանգնեցնելու, այլ քաղաքներում նույնիսկ մայթերին են կանգնեցնում։

Հյուսիսային պողոտայի նախագիծն իրականացնելիս մենք երկհարկանի ստորգետնյա կանգառներ ենք նախատեսել։ Ընդհանրապես, քաղաքաշինական այն ծրագրերում, որտեղ ծրագրային մոտեցում կա, մենք նախատեսում ենք ստորգետնյա ավտոկանգառներ։

¬ Դուք չեք ժխտում ավտոկանգառների բացակայությունն ու դրանց անհրաժեշտությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հենց կենտրոնում սրճարանային ակտիվ շինարարությունը, որը բարդացնում է ավտոկանգառների խնդիրը, մեծացնում կենտրոնի ծանրաբեռնվածությունը, մինչդեռ մենք կենտրոնը բեռնաթափելու կարիք ունենք։

¬ Մենք կենտրոնը բեռնաթափելու խնդիր չենք դրել, համաձայն չեմ, որ կա դրա կարիքը։ Կենտրոնն աշխույժ, բանուկ, տուրիզմի առումով հագեցած հատված է։ Նույն վիճակում են Փարիզը, Լիոնը։

Զբոսայգիներում սրճարաններ կառուցելն ունի դրական եւ բացասական կողմեր։ Եթե երեկոյան անցնեք սրճարանների կողքով, կտեսնեք, որ կա դրանց պահանջարկը, ուրեմն դա արդարացված է։

Քաղաքաշինական տեսանկյունից, դրանք բոլորը ժամանակավոր կառույցներ ենՙ 10, 15, 20 տարվա վարձակալական պայմանագրերով։ Հողհատկացումները ենթադրում են հատկացված տարածքից բացի 15¬20 անգամ ավելի մեծ մակերեսների կանաչապատում, բարեկարգում, խաղահրապարակների կառուցում։ Բացի այդ, հողահատկացումների պայմաններից մեկն էլ այն է, որ սրճարանների շուրջ հանրային հատվածներում նստարաններ տեղադրեն։ Շատ վիճելի էՙ լավ են սրճարանները, թե վատ։ Եթե երեւանցին օգտվում է, ուրեմն լավ է։

¬ Վերջերս մայրաքաղաքն արձանաշինությամբ է համակվել։ Առնո Բաբաջանյանի նույնիսկ կիսավարտ արձանը, նաեւ այդ կապակցությամբ քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը բավականին շատ բացասական հրապարակումների առիթ տվեցին։ Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս առումով։

¬ Առնո Բաբաջանյանի արձանը մեծ աղմուկ բարձրացրեց, եւ շատ ցավում եմ, որ աղմուկ բարձրացրին հենց իրենքՙ արձանը մեկ օր շուտ ունենալու ջատագովները։ Չկան չափորոշիչներ, որոնցով ասես, թե արվեստի այս գործը լավն է կամ վատը։

Առնո Բաբաջանյանի արձանը նորություն է իր լուծումներով, եւ հասարակության կողմից միանշանակ ընկալում սպասել պետք չէ։ Ամեն ինչի լավ դատավորը ժամանակն է։

Քաղաքապետարանի քննարկումից հետո պարզվեց, որ կարծիքներն իրարամերժ են։ Եվ այս առումով ճիշտ էր գեղարվեստական խորհրդի ստեղծումը։ Կարծում եմ, որ ծայրահեղ գնահատականները, որ մինչ օրս եղել են նաեւ «Ազգ» թերթում, կառուցողական չեն եւ օգուտ չեն կարող բերել։ Պետք է, առանց նման գնահատականների, ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։

¬ Պրն Նազարյան, խոսեցիք ծայրահեղ գնահատականների մասին։ «Ազգում» բազմաթիվ հրապարակումներ են եղել ոչ միայն արձանի, այլեւ մեր խոսակցության մյուս հարցերի մասին, բայց քաղաքապետարանը չի արձագանքել։ Իսկ երբ «Ազգի» գնահատականները ծայրահեղ դարձան, արձագանքը չհապաղեց։ Մի՞թե մյուս հրապարակումների հարցերը պակաս կարեւոր էին։

¬ Ես այն եզակի չինովնիկներից եմ, որ ինձ առնչվող բոլոր հրապարակումներին պատասխանում եմ, փորձում եմ արձագանքել։ Իսկ եթե չեմ արձագանքում, ինձ համար որեւէ առողջ բան քաղում եմ։ Ձեր թերթը կառուցողական առաջարկներ է անում, որոնք իմ ծրագրերում տեղ գտնում են։ Բայց միշտ չէ, որ ժամանակը թույլ է տալիս պատասխանել։

¬ Կարեւոր խնդիր է նաեւ քաղաքի գոտիավորումը։ Մայրաքաղաքը պետք է հստակ ծրագրեր ունենա, որով եւ զարգանա։ Առայժմ զարգացումները կոնկրետ ուրվագծեր չունեն։

¬ Քաղաքի հատակագիծը, գոտիավորումից բացի, այլ խնդիրներ է ներառում։ Առանց գլխավոր հատակագծի հնարավոր է միայն լոկալ խնդիրների մասին խոսել։ Քաղաքի գլխավոր հատակագիծը մեծ փաստաթուղթ է, որի վրա այժմ բազմաթիվ մասնագետներ են աշխատում։ Ցավոք, ֆինանսավորումն ամբողջությամբ լուծված չէ, բայց մենք ճանապարհներ ենք փնտրում ֆինանսավորում գտնելու համար։

Երեւան քաղաքի համայնապատկերը մեզ համար պարզ է։ Պետք է արհեստական քայլեր չանել, այլ հաշվի առնել կյանքով թելադրված զարգացումները։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4