«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2002-10-09 | #183, 2002-10-10 | #184, 2002-10-11


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՀԵՌՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ

Մեր պայմաններըՙ նույնպես

«Մամուլի ազատությունը Հայաստանում. Եվրախորհրդի գնահատականը» թեմայով երեկվա սեմինար-քննարկումը կազմակերպել էր «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը»։ Քննարկման նյութը Հայաստանի վերաբերյալ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ներկայացված զեկույցիՙ մամուլին վերաբերող մասն էր։ Ըստ ԵԽ ԽՎ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ զեկույցի եւ N 1304 բանաձեւի, «Միջազգային դիտորդների կարծիքով ԶԼՄ-ները հիմնականում ազատ են գրել ինչ ուզում են։ ԶԼՄ-ների ազատության առումով Հայաստանում տիրող իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան նյութական, վարչական խոչընդոտներով կամ քաղաքական ճնշումներով, որքան արհեստավարժության ու լրագրողական էթիկայի առկա մակարդակով, որը շատ հեռու է եվրոպական չափանիշներից»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նման գնահատականի համար մի քանի հանգամանք նշեց։ Նախ, դա «Ա1+»-ի «պատմությունն» էր, ապա այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները սովորել են աշխատել միջազգային կազմակերպությունների հետ։ Մինչդեռ ընդդիմությունն, ըստ պրն Նավասարդյանի, այնքան էլ զարգացած կառույց չէ։ Որպես եւս մեկ կարեւոր հանգամանք ԵՄԱ-ի նախագահը նշեց, որ նման գնահատականները կախված են տվյալ պահին այդ երկրի նկատմամբ եղած հետաքրքրությունից։ Այս առումով, Հայաստանի քաղաքական զարգացումները մեծ հետաքրքրություն չեն ներկայացնումՙ ի տարբերություն մեր հարեւան երկրների։

Բորիս Նավասարդյանը նաեւ նշեց, որ, ըստ իրեն, Հայաստանի վերաբերյալ վերը նշված գնահատականում պատճառն ու հետեւանքը շուռ են տրված։ Այսինքնՙ ԶԼՄ-ների ազատության առումով Հայաստանում տիրող իրավիճակը պայմանավորված է հենց նյութական, վարչական խոչընդոտներով, քաղաքական ճնշումներով։

ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ, մի կողմից, եզրակացությունը մեղմ է։ Մյուս կողմից, մեր մամուլում բոլոր տեսակի կարծիքներ կարելի է կարդալ։ Բայց, ըստ պրն Գրիգորյանի, որեւէ քննադատական կարծիք տպելը դժվար է, քանի որ մամուլն առաջնորդվում է ոչ թե լրագրողական, այլ քաղաքական չափանիշներով։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը չհամաձայնեց, թե ուղիղ կապ կա վարչարարության եւ լրագրողական պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի միջեւ։

«Ազատություն» ռադիոկայանից Արմեն Դուլյանը, հայտնելով իր սուբյեկտիվ կարծիքը, նշեց, որ մեր լրատվական դաշտը «տառապում» է 3 հիվանդությամբ։ Նախ, կուսակցական մամուլը ծաղկում է։ Հետոՙ չունենք լրագրողական էթիկա։ Եվ երրորդ, հանրային լրատվամիջոցները համոզված են, որ պետք է արտահայտել տվյալ պահի իշխանությունների կարծիքը։

Արմեն Դուլյանն իր խոսքում, ոգեւորվելով, հասավ այնտեղ, որ սեփական գնահատականներն իր կոլեգիաների նկատմամբ էթիկայի կանոններից դուրս եկան։ Նա չխնայեց անգամ մեր թերթինՙ մեզ մեղադրելով կուսակցականության մեջ։ Այնինչ մեկ անգամ չէ, որ «Ազգը» հայտարարել է, թե ինքը կուսակցական պաշտոնաթերթ չէ, այլՙ ռամկավար եւ ազատական գաղափարների կրողը։ Ասողին լսող է պետք։

Արմեն Դուլյանը հատկապես կուսակցական որակվող մամուլի դեմ խոսելիս երեւի մոռացել էր, որ իր ռադիոկայանը ԱՄՆ կառավարության, ըստ էության, գլոբալ մակարդակի կուսակցության կողմից է ֆինանսավորվում եւ գրաքննվում։

Բացի այդ, հանրապետության ներսից ֆինանսներ ձեռք բերելու խնդիր չունենալը դեռ չի նշանակում, թե լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու էթիկան «գոյատեւում» են միայն «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

«Ա1+»-ի փակվելով հեռուստաեթերից այլակարծության վերանալու մասին պրն Դուլյանի խոսքերին չհամաձայնեց «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը։ Վերջինս փաստեց, որ կոնկրետ այս պահին իրենց նկատմամբ քաղաքական ճնշում չկա։

Այս ամենից ավելի կարեւոր էր մի հետաքրքրական փաստ, որ նշեց ԵՄԱ-ի նախագահը։ Պարզվում է, հիշատակվող զեկույցի ինտերնետային անգլերեն տարբերակում արտառոց մի տող էլ կա Հայաստանի լրագրողների մասին, որ վերջիններս ավելի մեծ գումար վերցնելու տարբերակով են աշխատում։

Եվ առավել հետաքրքրական է, որ նշված տողը բացակայում է ինտերնետային ֆրանսերեն տարբերակից։

Սա ոչ միայն վիրավորական է, այլեւ կոնկրետ փաստերի կարիք ունի, այլապես ԵԽ մոնիտորինգի խմբի զեկույցիՙ ԶԼՄ-ներին վերաբերող մասը (գոնե) խիստ մակերեսային տպավորություն է թողնում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4