«Ազատության» տեղեկությունը
Երեկ լրագրողների առջեւ հատուկ հայտարարություն արեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդած տեղեկության մասին է, որտեղ նշվել է, թե Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոչընդոտում է Հայաստանիՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելուն։ Դա ստիպել է նրան վերստին անդրադառնալ այդ թեմային եւ մեկնաբանել «հրապարակված նյութերը»։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես նշեց, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին խոսելիս ինքը երբեք չի հայտարարել, որ ամերիկյան կողմը խոչընդոտում է մերՙ ԱՀԿ-ին անդամակցելուն։ Ընդհակառակըՙ Վարդան Խաչատրյանն ասել է, որ ամերիկյան կողմը բոլոր ներկայացված հարցերի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել աջակցելու։ «Հատկապես ԱՀԿ անդամ դառնալու համար ի սկզբանե իրենք են աջակցել», նշեց նախարարը եւ ավելացրեց, որ դա պետք է տեղի ունենար սեպտեմբերին, բայց տեխնիկական պատճառով հետաձգվեց մինչեւ նոյեմբեր։ Մտավախությունն այն էր, որ Հայաստանը չի հասցնի Մաքսային օրենսգրքի փոփոխություններն ընդունել։ Այդ պատճառով էլ որոշվել է, որ հոկտեմբերին տեղի կունենա աշխատանքային խմբի նիստը, իսկ դեկտեմբերին նախարարների կոմիտեի նիստում անդամակցության հարցը կլուծվի։
Ա. Մ.