«Հայկական» էջ «Նեզավիսիմայա գազետա»-ում
Ռուսաստանի քիչ թե շատ լուրջ հրատարակությունում Հայաստանի մասին տպագրված լրատվական թե վերլուծական որեւէ նյութ մեկնաբանելուց առաջ պարտադիր պետք է պարզել, թե ում է պատկանում լրատվության տվյալ միջոցը։ Երբեք չի կարելի հապճեպ եզրակացություն անել, թե դրանցում պաշտոնական դիրքորոշում է ներկայացված։
Ահա եւ «Նեզավիսիմայա գազետան» օրերս մի ամբողջ էջ է նվիրել Հայաստանին։ Գաղտնիք չէ, որ թերթը ֆինանսավորում է հանրահռչակ օլիգարխ Բորիս Բերեզովսկին։ Իհարկե, երբեմնի «ժողովուրդների բարեկամության» մասին խոսք չի կարող լինել, հաճոյախոսություններն էլ վաղուց իրենց տեղը զիջել են պրագմատիկ նպատակներին։
Ի՞նչ տպավորություն է թողնում «հայկական» էջը։ Տպագրված է թերթի աշխատակցի վերլուծական հոդվածը Հայաստանի ներկա ներքաղաքական իրադրության մասին, թղթակիցները հարցազրույց են ունեցել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ, մյուս ընդդիմության ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանի հետ։ Հոդվածագիրն ընթերցողներին համառորեն այն «սեւեռուն» միտքն է սրսկում, որ Հայաստանը, հետեւելով իր հարեւանի օրինակին, կամաց-կամաց հրաժարվում է իր ռուսամետ քաղաքականությունից եւ հետեւողականորեն հարում Արեւմուտքին, ԱՄՆ-ին։ Վ. Հարությունյանը, որպես ներկա իշխանություններին դիմակայող ուժերի լիդերներից մեկը, հաստատում է այդ միտքը։ Ս. Սարգսյանը պարզաբանում է, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը, իմաստ չի տեսնում վատ հարաբերություններ ունենալու արեւմտյան երկրների, ՆԱՏՕ-ի հետ։ Ես ինձ չեմ համարում ոչ ռուսամետ, ոչ էլ, առավել եւս, ամերիկամետ քաղաքագետ, ես ինձ համարում եմ հայամետ պետական գործիչՙ հայտարարում է նախարարը։
Հարկ չկա հայաստանցիներին ներկայացնելու երկրի ներքաղաքական իրադրության պատկերը, որ տալիս է թերթը։ Ստացվում է, որ ամերիկացիներն ամեն ինչ անում են Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտից հանելու համար, ընդհուպ ամերիկահայի նախագահ ընտրելու միջոցով։
Այս կարգի նյութերը հիշեցնում են Բելառուսի նկատմամբ ռուսաստանյան ԶԼՄ-ների ագրեսիվ լրատվական պատերազմները։ Բանը դեռ թույնի չի հասնում, բայց... Հայտնի է, թե էթնիկական ինչ խմբի ձեռնտու չէ ռուս-բելառուսական մերձեցումը։ Եվ ով ասաց, որ ռուս-հայկական փոխձեռնտու հարաբերությունները կարող են գոհունակություն առաջացնել։ Բերեզովսկին չի թաքցնում, որ ներկա «տոտալիտար ռեժիմի», Պուտինի դեմ իր պայքարում պատրաստ է դաշինք կնքել նույնիսկ իր ոխերիմ թշնամիներիՙ կոմունիստների հետ։ Իսկ ինչ կխանգարի, եթե Հայաստանն էլ գործիք դառնա այդ առճակատման մեջ։ Համենայն դեպս այս «հայկական» էջը Ռուսաստանի շահերի տեսանկյունից բարենպաստ տպավորություն չի թողնում։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա