Համայն Ռուսիո առաջին նախագահը Թուրքիային հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Գահակալության ութ տարիներին Բորիս Ելցինը ժամանակ չգտավ այցելելու Հայաստան։ Վերջին անգամ պրն Ելցինը Երեւանում էր 1991 թ. սեպտեմբերի 22-ին ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահ եղած ժամանակՙ ընդամենը մի քանի ժամ։ Սեպտեմբերի 21-ին Նուրսուլթան Նազարբաեւի հետ նա Բաքվից եկավ Գյանջա, ապաՙ օդանավով Խոջալու, սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում ժողովուրդը բղավում էր. «Ել-ցին, Ել-ցին, Ել-ցին»։ «Ես ու Նազարբաեւը վերցրել ենք այս դերը, որպեսզի այլեւս արյուն չհեղվի։ Արդեն չորս տարի մենք տեսնում ենք, որ կենտրոնը, այդ թվում նաեւ Գորբաչովը, ոչինչ չի անում։ Սխալը գործվեց հենց սկզբիցՙ 1988 թվից, իսկ հետո ուժի միջոցով ազգամիջյան խնդիրները լուծելու փորձերը դրական արդյունքի չհասցրին։ Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, բանավեճի, փոխզիջման միջոցով կարելի է հասնել պատերազմի ավարտին։ Այս վերքը (Ղարաբաղի) մեր ամբողջ երկրի վերքն է»,¬ Ստեփանակերտում ժողովրդին ասում էր Բորիս Ելցինը։
«Ինձ հետ էր բանակցում», շաբաթ օրը «Արմենիա» օդակայանում հիշեց Ռոբերտ Քոչարյանը։
1991 թ. սեպտեմբերի 22-ին Ելցինն ու Նազարբաեւը Երեւանից ուղեւորվեցին Ժելեզնովոդսկ։ Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը, Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանը եւ ԼՂ պատվիրակությունը, որին մաս էր կազմում նաեւ Ռ. Քոչարյանը, Ելցինի եւ Նազարբաեւի միջնորդությամբ 13,5 ժամ տեւած բանակցություններից հետո ստորագրեցին 10 կետանոց համատեղ կոմյունիկե. մինչ շարունակվում էին ժելեզնովոդսկյան բանակցությունները, Արցախում արյուն էր հեղվում։ Դիտորդները պնդում էին, որ այդ օրերին Ելցինին հետաքրքրում էր ոչ այնքան Ղարաբաղի հարցը, որքան հոգեվարք ապրող ԽՍՀՄ ժողովրդին Գորբաչովի անկարողությունը մեկ անգամ եւս ցույց տալը։
Օդակայանում Բորիս Ելցինին եւ տիկնոջըՙ Նաինա Իոսիֆովնային անձամբ դիմավորեց նախագահ Քոչարյանըՙ տիկնոջ հետ։ Ռուսաստանի առաջին նախագահի վեցօրյա այցը հայաստանցիներին շատ զարմացրեց։ Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ շատ պարզ է. օգոստոսի 31-ին պրն Ելցինը հեռախոսով շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, հիշեցնում, որ Հայաստանը շատ է սիրում, Քոչարյանն էլ ՌԴ նախկին նախագահին հրավիրում է Հայաստան։
Օդակայանում պրն Ելցինը լրագրողներին ասաց, որ ինքը սիրում է Հայաստանը, բնությունը, մարդկանց, հիշեցրեց, որ Ռուսաստանում 2,5 մլն հայ է բնակվում, իսկ ԱՄՆ-ումՙ ընդամենը 1 մլն։ «Կզրուցեմ Հայաստանի նախագահի հետ, ինչն ինձ համար օգտակար է եւ հաճելի», ասաց Ելցինը։ Ռուսաստանի առաջին նախագահը ուներ առույգ տեսք։
Ելցինների ոչ պաշտոնական այցելության վեցօրյա ծրագիրը հագեցած է. հանգիստ Սեւանում, այցելություններ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ։ Սպասվում է ՌԴ առաջին նախագահի հանդիպումը Հայաստանի առաջին նախագահի հետ։ Գաղտնիք չէ Բորիս Նիկոլաեւիչի համակրանքը Լեւոն Հակոբիչի հանդեպ։
Շաբաթ օրը պրն Ելցինը Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցեց «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը, «Բերքի տոնին», «Արմենիա» հյուրանոցի պատշգամբից Երեւանի 2784-րդ տարեդարձի առիթով հանրապետության հրապարակում կազմակերպված տոնակատարությանը։ Նույն օրը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ Բորիս Ելցինն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծառ տնկեց։ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում Ելցինը գրառում կատարեց ու կարդաց բարձրաձայն. «1915¬22 թթ. հայ ժողովրդի Ցեղասպանությունը մարդկության խայտառակությունն է։ Դրան ներում չկա եւ չի լինի։ Ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, աշխարհի շատ պետություններ։ Թուրքիայի զղջալու ժամանակն է։ Ես երկար տարիներ հետեւում եւ տեսնում եմՙ Հայաստանը վերածնվում է։ Շնորհակալություն, որ հիշում եք եւ հավատարիմ եք ճշմարտությանը»։