Թարգմանչաց տոնն Օշականում
Շաբաթ օրըՙ հոկտեմբերի 12-ին հայոց համար հավերժ նվիրական սրբավայրումՙ Օշականում նշված Թարգմանչաց տոնը համազգային նշանակության խորհուրդ էր կրում։ Ցավալիորեն միայն խորհուրդ, որովհետեւ տեղի բնակչության եւ Երեւանից ժամանած «մի փունջ մտավորականության» մասնակցությամբ անցավ։ Օրեր առաջ «Կեսգիշերային ճեպընթաց» հեռուստատեսային ծրագրի հյուրըՙ Արագածոտնի առաջնորդական տեղապահ Վազգեն վրդ. Միրզախանյանը (այժմ Վիրահայոց թեմի առաջնորդ) նկատեց, որ Թարգմանչաց տոնը եկեղեցական շրջանակներից դուրս գալով, համազգային նշանակություն պիտի ձեռք բերիՙ պետական մոտեցումով։ Պետական այրերի ուշադրությունն այդ օրը Էրեբունի-Երեւան տոնակատարությանն էր ուղղված։ Մեր մայրաքաղաքի օրը նույնպես շատ կարեւոր համարելովՙ կարծես ստվերում մնաց հոգեւոր մեր ամենամեծ տոներից մեկը, Թարգմանչաց տոնը, որ խորհրդանշում է մեր դպրության, Աստվածաշնչի թարգմանության, ասել է, թե հայ ինքնության եւ գոյության սկիզբը, որով հայերենն ամրագրվեց պատմության մեջ։ Այստեղ տեղին է հիշել տոնին մասնակից ռուս գրող Նույկինի խոսքը, որ քաղաքական հաղթանակների (անկախություն, Ղարաբաղ) ընթացքի մեջ ցավալիորեն պարտություններ ենք գրանցում հոգեւոր ճակատում, որ շուկայական հարաբերությունների «որոգայթներում» «ուժեղ եւ հարուստ լինելու հիպնոսի տակ» չենք նկատում մեզ ոգեզրկության տանողների վտանգավոր հաղթանակները։ Մինչդեռ հոգեւոր պատերազմում տանուլ տալովՙ կպարտվենք նաեւ մնացած պայքարներում։
Նախաքրիստոնեական մեր մշակութային ողջ ժառանգության նկատմամբ հարգանքով հանդերձՙ հարկ է փաստել, որ 301 թ. հոգեւոր մեր մեծ դարձին հաջորդած հազարամյակի սկզբին տեղի ունեցավ հայոց պատմության «կերպարանափոխման» ամենանշանակալից իրադարձությունը, հայ նշանագրերի գյուտը, որն, ըստ էության, մեզ համար հիմնականում փրկության խորհուրդն է կրում։
Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցած պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցած Թարգմանչաց տոնի միջոցառումների պատվարժան հյուրերն էին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ը, Շահե արք. Աճեմյանը, Մեսրոպ արք. Աշճյանը, Արագածոտնի հոգեւոր առաջնորդ Վազգեն վրդ. Միրզախանյանը, Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ ուրիշներ։
Բացօթյա միջոցառման բանախոսներին ընդմիջում էին Նոր Նորք եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների հայորդաց տների պարային համույթների ելույթները։ Միջոցառման ընթացքում կատարվեց սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցներում անցկացված պատանի ասմունքողների հանրապետական անդրանիկ փառատոնի (նախաձեռնությամբՙ Մաշտոց դպրատան, ԿԳ նախարարության եւ ՀԳ միության) մրցանակաբաշխության արարողությունը։ Հաղթողներին տրվեցին I, II, III կարգի եւ խրախուսական մրցանակներ, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ։ Պետք է ասել, որ բավականին անկազմակերպ ու ձգձգված միջոցառման այս հատվածը շատերին հոգնեցրեց ու ձանձրացրեց։ Իսկ տոնի բուն էությանը եւ հոգեւոր խորհրդին անհաղորդ համերգըՙ դհոլ-զուռնա պարերի շարքը (բակային միջոցառումների ոճով) կվայելեին մեկ այլ առիթով։
Օշականի սրբավայրին իր այցելությունը բերած Ամենայն հայոց հայրապետն ուրախությամբ հայտնեց, որ տասնամյակներ շարունակ «կրոնավորի տոնի» վերածված այս նվիրական օրը համազգային տարողություն է ձեռք բերում։ «Մեր հորդորն է ձեզ լուսավոր ու նվիրական այս օրվա առիթով, սիրելի բարեպաշտ հայորդիք, ըմպեք հավատքի, լույսի մաքուր ակունքից, որ գտնվում է Մաշտոցի համեստ, բայց նվիրական աղոթքով հրաշագործ այս տաճարում։ Այնքան ժամանակ, որ Մեսրոպ Մաշտոց իր հրաշագործ ժառանգներով, գիտության ու մտքի վարդապետներով կխոսի մեզ հետ, եւ մենք կպահենք հավատարմությունը նրա նկատմամբ, այնքան ժամանակ Աստված ուղեկից կլինի մեզ եւ իր աջըՙ զորավիգ ու մարտակից մեզ»։
Կարծես «ի պատասխան» Վեհափառի այս հորդորի, Թարգմանչաց տոնի միջոցառման եզրափակիչ մասը Մաշտոց դպրատան դահլիճում անցկացվեց ռուսերենով։ Տեղի տալով հյուրասիրության կանոններինՙ միջոցառման կազմակերպիչները, հարգելով մեր բարեկամ ռուս գրողների ներկայությունը մեր համազգային տոնին, հաղորդակցման լեզուն նպատակահարմար գտան ռուսերենըՙ զանց առնելով դահլիճում նստած սփյուռքահայերին, որոնց համար էլ ռուսերենն էր անմատչելի։ Որպեսզի ինքն իրեն թարգմանելու անհրաժեշտություն չունենա, հայ գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը ցերեկույթն անցկացրեց հրաշալի ռուսերենովՙ հայցելով սակայն մաշտոցյան դպրատան դիմացի պատին «հառնող» խոշորատառ մեսրոպաշունչ հայ գրերի ներողամտությունը։ Ինչեւէ, ազգային արժանապատվության առաջին պատվարըՙ լեզուն, զիջեց հյուրամեծարմանը, իսկ սփյուռքահայ մի գրող հարց էր տալիս, որ եթե մեր այս նվիրական տոնին ներկա գտնվեին պարսիկ, ֆրանսիացի կամ այլ ազգի գրողներ, ի՞նչ լեզվով պիտի անցկացվերՙ ռուսա-պարսկա-ֆրանսերենո՞վ։
Ելույթ ունեցող ռուս գրողները հայ մշակույթի եւ հայ գրերի ստեղծման պատմության իրենց քաջատեղյակությամբ անկեղծ ցանկություն հայտնեցին շարունակել նախկին գրական ավանդույթները եւ ստեղծել երիտասարդ թարգմանիչների դպրոց, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլեւ հոգեւոր կապերով։
Թարգմանչաց տոնի օրվա անակնկալը ներկայացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ուրախությամբ նշելով, որ առաջին անգամ գրականության նկատմամբ ուշադրություն են ցուցաբերել ներսի հայ գործարար բարերարները։ Բեյրութահայ Մանվել Գազանճյանի նախանձախնդրությամբ «Սիլ գրուպ» կոնցեռնի սահմանած մրցանակըՙ ոսկե հուշամեդալը տարվա լավագույն գրքի համար առաջինը տրվեց բանաստեղծ Հենրիկ Էդոյանինՙ «Հետգրություն» ժողովածուի համար («Վան Արյան» հրատ., 2002)։ Անկեղծ շնորհավորանքներին ի պատասխան, բանաստեղծն իր շնորհակալական խոսքում (նախ հայերեն, ապաՙ ռուսերեն) ընդգծեց, որ այնուամենայնիվ, մշակույթն է տնտեսության հիմքը, որովհետեւ ոգու միասնական ուժի ազդեցությունն է ի վերջո իշխում տիեզերքի եւ մեր կյանքի վրա։
Բազմաթիվ առումով թույլ կազմակերպված Թարգմանչաց տոնը հուսով ենք, որ տարեցտարի ավելի տարողունակ եւ զանգվածային կդառնա, որի կարեւորությունը կընկալվի նաեւ պետականորեն, երբ մեր պետական այրերն էլ ընդառաջ կգնան այս տոնին, այնպես, ինչպես 1596 տարի առաջ, երբ Մաշտոցին եւ իր աշակերտներին «հայոց գրերի լույսը» բերելիս ցնծուն ուրախությամբ ընդառաջ գնացին Վռամշապուհ արքան, Սահակ հայրապետը, նախարարական ավագանին եւ ողջ բնակչությունը։ Բայց եւ վստահենք Լեւոն Անանյանի լավատեսությանը, թե «դեռ կա գրասիրության կանթեղըՙ հիշեցնելով, որ Ռահ գետի մոտ Մաշտոցի եւ իր աշակերտների հանդիսավոր երթը վախճան չունի»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ