«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2002-10-11 | #185, 2002-10-12 | #186, 2002-10-15


ԵՐԿՈՒ ՏՈՒԺՈՂ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ

Հարուստ ծաղրանք է, խոսք չկա

Երկու տուժողի ներկայանալը, վերջին օրերի կտրվածքով, զգալի ճոխություն էր «Հոկտեմբերի 27»-ի դատավարության համար։ Ներկայացել էին ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը։

Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքն առանձնակի նորություն չէր պարունակում, քանի որ սկզբի կրակոցների ժամանակ «2 քայլ է արել» եւ դուրս եկել դահլիճից դեպի կանաչ նախասրահ։

ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն էլ առանձնակի կարեւորության որեւէ բան չասաց։ Պրն Թորոսյանը նախաքննական ցուցմունք է տվել միայն 2000 թ.-ի մարտի 1-ին։ Այս հանգամանքը տուժողը պայմանավորեց միայն նախաքննական մարմնի ցանկությամբ։

Ըստ Տիգրան Թորոսյանի, ահաբեկիչները դահլիճում իրենց հանգիստ են պահել, իսկ կատարվածն էլ հեղաշրջման փորձ էր։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի այն հարցին, թե արդյոք տուժողը կրակոցներ լսե՞լ է մինչեւ ահաբեկիչների դահլիճ մտնելը, պրն Թորոսյանը պատասխանեց, որ ինքը գուշակություններ անել չի սիրում։ Թորոսյանն անգամ խորհուրդ տվեց միջանցքից կրակոցների լսելի լինել-չլինելը պարզելու համար նման փորձ կատարել։ Հետո էլ նման հարցը (որ, ի դեպ, տրվում է բոլոր տուժողներին) տուժող Թորոսյանը տարօրինակ համարեց։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը սկսեց հիմնավորել հարցն ու դրա անհրաժեշտությունըՙ քիչ բարձրացնելով ձայնի տոնը։

Պրն Թորոսյանն անմիջապես արձագանքեց, դիմելով դատարանին, որ բարձր տոնով իր հետ չխոսեն։ (Դեռ գոհ մնանք, որ ԱԺ փոխնախագահն ինքը չբարձրացրեց ձայնը)։

Ինչեւէ, ըստ Տիգրան Թորոսյանի, հայրենիքի դավաճանության մեղադրանքն ամբաստանյալների համար մի քիչ ճիշտ չէ, քանի որ Հայաստանը նրանց հայրենիքը չէ։

Դատական նիստն ընդմիջվեց, որից հետո ոչ մի տուժող դատարան չներկայացավ։ Դատավորը հայտարարեց, որ պատշաճ կարգով ծանուցվել է Սուրեն Խաչատրյանը, որը, սակայն, չներկայանալու որեւէ պատճառի մասին չի տեղեկացրել դատարանին։ Ուստի դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Խաչատրյանին բերման ենթարկելու մասին։

Դրանից հետո, չզսպելով քրեական դատավարության եւ օրենսգրքի ունեցած-չունեցած իմացությունն ի ցույց դնելու իր ցանկությունը, խոսեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։

Նախՙ նա դիմեց դատարանինՙ հիշատակելով նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման հարցերով հոր հետ տեսակցությունը մերժելու «փաստը»։ Այս անգամ Հունանյանն ավելացրեց, որ խոսքը չի գնում մեկ հանդիպման եւ միայն հոր հետ հանդիպման մասին։ Սրան Նաիրի Հունանյանը գումարեց եւս մեկ պահանջ. բավարարել տեղեկություն ստանալու եւ փոխանցելու իր իրավունքը։

Այն, ինչ ամբաստանյալն ասաց հետո, առավել քան հետաքրքրական էր։ Ըստ նրա, ինքը համբերությամբ կսպասի մեկ շաբաթ, եւ եթե դատարանը շարունակի «սահմանափակել» իր իրավունքը, այդ վիճակն անկանխատեսելի հետեւանքներ կունենա։

Այնուհետեւ Հունանյանը փորձեց անցնել բացարկին վերաբերող հայտարարությանը, սակայն դատավոր Սամվել Ուզունյանը կանգնեցրեցՙ պատասխանելով տեսակցության առումով բողոքին։ Նա կրկնեց, որ որեւէ մեկին չի թույլատրվել եւ չի թույլատրվի տեսակցություն։ Երկրորդը, որ դատարանը տեղեկություն ստանալու իրավունքը չի սահմանափակել։

Հունանյանի նման հայտարարությունը դատարանը դիտեց որպես անհարգալից վերաբերմունք, ինչու չէՙ նաեւ սպառնալիք։ Ուստի նախագահող Ուզունյանը մերժեց ամբաստանյալին, հիշեցնելով, որ դատարանը նրան կարող է զրկել հատկապես այն մամուլից, որը լուսաբանում է դատավարությունը։

Հունանյանը պատասխանեց, որ այդ ամենի մասին կխոսեն հոկտեմբերի 21-ից հետո։ Դատավորի այն դիտարկմանը, թե հոկտեմբեր ամիսը կարծես շատ սիրելի է Հունանյանի համար, նա արձագանքեց. «Այո՛»։

Հետո ամբաստանյալը հայտարարեց դատավորի նկատմամբ բացարկի մասին, փորձելով հիմնավորել, թե դատավարության մասնակիցները ամբաստանյալներին հանիրավի կոչում են ահաբեկիչներ։

Դատարանը որոշեց մերժել բացարկըՙ համարելով անհիմն եւ մտացածին։

Դատավարությունը կշարունակվի չորեքշաբթի։

Գոնե չշարունակվի՞ ավագ Հունանյանի նախագահական անրջանքը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4