Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրըՙ 1998 թ. փետրվարի 4-ին հայտարարել է Բորիս Ելցինը
Հարեւան հանրապետության նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն սովորություն ունի Արեւմուտքում, ԱՄՆ-ում գլուխ գովել եւ առանցքային համարել իր դերակատարությունը Խորհրդային Միությունը փլուզելու գործում։ Ժամանակին Արեւմուտքին դուր գալու մեթոդոլոգիան կիրառում էին «Ղարաբաղ» կոմիտեի շարժման տղաներըՙ ղարաբաղյան շարժումը համարելով կայսրության, անգամՙ Բեռլինի պատի փլուզման նախերգանքը։
Ընդհանրապես, նորանկախ Հայաստանի իշխանություններն առնվազն մինչեւ 1992 թ. գարուն վարում էին ընդգծված հակառուսական քաղաքականություն։ Հայաստանի առաջին արտգործնախարար, ԱՄՆ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի նշանակումը թողնենք մի կողմ եւ հիշենք 1991¬92 թթ. մի շարք առանցքային իրադարձություններ։
1991 թ. գարնանը հայկական ուժերը ծանր կորուստներ էին կրում ղարաբաղյան պատերազմումՙ Շահումյանի ճակատում. ապրիլի 30-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային զորքերի հետ համագործակցելով դատարկեց Գետաշենն ու Մարտունաշենը։ Մայիսի 3-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ադրբեջանի առաջնորդ Այազ Մութալիբովի հետ բանակցելու նպատակով մեկնեց Մոսկվա։ Որեւէ կերպ արդարացված չի լինի Գետաշենի եւ Մարտունաշենի անկումը պայմանավորել ՀՀՇ-ի ղեկավարների անխոհեմ քայլերով, սակայն նույնքան արդարացված չի կարող լինել Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ ԽՍՀՄ-ին «քաղաքական դիակ» որակելու արտահայտությունը։ Կայսրության փլուզումը որեւէ մեկի կասկածը չէր կարող հարուցել, սակայն հարգարժան Տեր-Պետրոսյանը չէ, որ պետք է այդ մասին ի լուր աշխարհի ծանուցեր։
1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն անվիճելի առավելությամբ ընտրվեց պետության ղեկավար, նոյեմբերի 11-ին նորընտիր նախագահը երդվեց Աստվածաշնչով, իսկ հաջորդ օրը ժամանեց Վաշինգտոն։ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) եւ վերջինիս նախկին աշխատակից, իրավաբան Րաֆֆի Հովհաննիսյանը հապշտապ էին կազմակերպել այցը։ Արդյոք ճիշտ ժամանակի՞ն էր ընտրվել Տեր-Պետրոսյանի այցը ԱՄՆ։ Այն ժամանակ ակնհայտ էր մեկ բան. ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի դերն առանցքային էր, ԱՄՆ-ինըՙ զրոյականից մի քիչ բարձր։ Հաջորդ տարվա փետրվարի 3-ին Երեւանում բացվեց ԱՄՆ դեսպանատուն, առաջին պետությունը, որը Հայաստանում հաստատեց դիվանագիտական, քաղաքական ներկայություն։ Այդ ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը նույնիսկ չէին հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
1992 թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին արտգործնախարար Ր. Հովհաննիսյանը շրջագայությունների մեջ էր. Երեւանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Ավստրիայի, անգամ Կուբայի, Հյուսիսային Կորեայի, մի շարք այլ պետությունների հետ։
Րաֆֆի Հովհաննիսյանը չհասցրեց մեկնել Մոսկվա. ապրիլի 3-ին արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւն անձամբ ժամանեց Երեւան։ Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փաստաթուղթ։
Այդուհանդերձ, հայ-ռուսական հարաբերությունները մտան բնականոն հուն։ Այստեղ պետք է հիշատակել Վազգեն Սարգսյանի առանցքային դերը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում։ Ընդ որում, այդ եւ հետագա տարիներին Վազգեն Սարգսյանը եւ նրա ռուս գործընկեր Պավել Գրաչովը ձեւավորել էին հայ-ռուսական «այլընտրանքային» հարաբերություններ։ Անկախ ամեն ինչից, ինքըՙ «կայսր» Բորիս Ելցինը, առանձնակի ջերմ կապեր էր պաշտպանում Լ. Տեր-Պետրոսյանի հետ, ինչը չի կարելի ասել Հեյդար Ալիեւի մասին, որին, ի դեպ, պրն Ելցինն ուղղակի տանել չէր կարող։
Բորիս Ելցինը ենթադրաբար երեկ պետք է հյուրընկալվեր իր ընկերոջՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Նախագահական ընտրությունների նախօրեին պրն Ելցինի հանդիպումը Հայաստանի առաջին նախագահի հետ հայաստանյան մամուլին սպեկուլյացիաների հարուստ նյութ կտա։ Ելցինի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ արդարացված է ցանկացած առումով։ Նախՙ Հայաստանը եւ Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ, եւ Ելցին¬Տեր-Պետրոսյան զրույցն առնվազն չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին։ Երկուսն էլ առաջին նախագահներ են, ինչպես նշեցինք, գահակալության տարիներին ունեցել են անձնական, մտերմական կապեր։ Հակառակըՙ Ելցինիՙ Տեր-Պետրոսյանին չհանդիպելը կընկալվեր առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն սատարելու փորձ։ Այսուհանդերձ, ինչ ենթատեքստով էլ մոտենանք Ելցինի Հայաստան այցելության փաստին, միեւնույն է, այդ այցն անուղղակիորեն ծառայելու է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։ Ի վերջո նա է հրավիրել Բորիս Նիկոլաեւիչին, եւ վերջինս նրա՛ հյուրն է։
Բորիս Ելցինը չի աջակցի Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին, քանի որ նախ եւ առաջ Հայաստանի առաջին նախագահը չի մասնակցի այդ ընտրություններին։ Եթե Ելցինն աջակցելու լիներ, Տեր-Պետրոսյանին կաջակցեր 1997¬98 թթ.ՙ Հայաստանի ներիշխանական ճգնաժամի օրերին։ 1998 թ. փետրվարի 4-ին Բորիս Ելցինը հայտարարեց. «Վերջին ամիսներին մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել նրա (Լեւոն Տեր-Պետրոսյանի) հետ։ Ուզում էինք օգնել նրան, որովհետեւ նա իր շուրջն ստեղծել էր մի շրջանակ, որը բաղկացած էր այնպիսի մարդկանցից, որոնք բոլորն էլ դեմ են իրեն։ Նա չէր կարող դիմանալ դրան։ Ես օգնություն առաջարկեցի նրան, բայց դա կառավարական խնդիր է, երբ մեկը հանդես է գալիս մյուսի դեմ, մեկ ուրիշըՙ Տեր-Պետրոսյանի»։
Իշխանափոխության օրերին Մոսկվային Տեր-Պետրոսյանի անձը չէր հետաքրքրում։ Կրեմլի կովկասյան քաղաքականության համար առավել կարեւորը Հայաստանի նոր նախագահի կողմնորոշումներն էին։ Եվ պատահական չէր պրն Ելցինի վերջնագրի տոնով արված հայտարարության հետեւյալ հատվածը. «Հայաստանն ուղղափառ երկիր է։ Մտնում է Ռուսաստանի շահերի ռազմավարական դաշտի մեջ։ Չի կարելի կորցնել Հայաստանը, ինչն էլ մենք չենք անի»։
Ռոբերտ Քոչարյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունները նահանջ չեն ապրել, ընդհակառակն։ Հիշենք. 2000 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա, հաջորդ տարվա նույն ամսին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երեւան։ Այնուհետեւ տեղի ունեցան եւ շարունակվում են Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների փոխայցելությունները։ Առաջիկա տարվա սկզբում Ռ. Քոչարյանը Վլ. Պուտինի հրավերով կլինի Մոսկվայում։ Ելցինի հաջորդը նույնպես համոզված էՙ չի կարելի կորցնել Հայաստանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ