«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2002-10-15 | #187, 2002-10-16 | #188, 2002-10-17


ՀԻՇԱՐԺԱՆ ՁԱՅՆՙ ԱՆԾԱՆՈԹ ԵՐԿՐԻՑ

17-ամյա Սերգեյ Խաչատրյանը արծաթյա մեդալ ստացավ

2002-ի սեպտեմբերի 6¬22-ը Ինդիանապոլիսում անցկացված ջութակահարների միջազգային մրցույթում արծաթյա մեդալ ստացավ երեւանցի մեր հայրենակից, 9 տարի առաջ Մայնի Ֆրանկֆուրտում հաստատված 17-ամյա Սերգեյ Խաչատրյանը։ Երկրորդ տեղի համար սահմանված 15.000 ԱՄՆ դոլարից բացի Սերգեյը հատուկ մրցանակ բաժնում 3 անգամ արժանացավ ժյուրիի ուշադրությանը։

Ամեն 4 տարին մեկ 17 օր շարունակ Ինդիանապոլիսը դառնում է աշխարհի ամենակարեւոր վայրը նրանց համար, ովքեր ջութակի լարերը խոսեցնելու տաղանդն ունեն։ Աշխարհում ճանաչում ունեցող հիշյալ մրցույթը, որ միակն է Հյուսիսային Ամերիկայում, նպատակ է հետապնդում հայտնագործել մոլորակի տարբեր անկյուններում ապրող երիտասարդ տաղանդավոր ջութակահարներին։ Մրցույթին մասնակցում են 16¬29 տարեկաններ։ Այս տարի Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթին (ԻՋՄՄ) 37 երկրներից 200 հայտ էին ներկայացրել, մասնակիցների թիվն իհարկե նվազեցվել էրՙ 52 մասնակից 21 երկրից։ 9 հոգուց բաղկացած, մամուլի որակմամբ «բծախնդիր անաչառությամբ» աչքի ընկած ժյուրիի նախագահն է բոլիվիացի վիրտուոզ ջութակահար եւ դիրիժոր Ջեյմի Լարեդոն։ 2002¬ի ժյուրիի անդամ է եղել նաեւ ամերիկաբնակ մեր հայրենակցուհի Իդա Քավաֆյանը։

«Չիկագո թրիբյունի» մատուցմամբ սա ամենաբարձր մրցույթն է, մրցանակակիրները մոլորակի առաջատար բեմահարթակներում նվագելու իրավունք են ձեռք բերում։ ԻՋՄՄ 6 մրցանակային տեղ է առանձնացնում։ Առաջին տեղը շահած հունգար Բարնաբաս Քելեմենը ստացավ ոչ միայն 30.000 դոլար, այլեւ 24 կարատանոց ոսկյա մեդալ, 4 տարով տրամադրված «Ստրադիվարիուս ջութակ», Նաքսոս ապրանքանիշն ունեցող լազերային սկավառակ ձայնագրելու, արտերկիրն ընդգրկող համերգային 40 ելույթի հնարավորություն, «Մաքուր ոսկի» անունը կրող միջազգային համերգարշավՙ Հոլանդիայում 2002-ին անցկացված «Ֆրանց Լիստ» դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր ֆրանսիացի դաշնակահար Ժան Դուբեի հետ։

Մասնագետներից ոմանք անարդար են համարում առաջին եւ երկրորդ մրցանակների միջեւ այսքան մեծ անջրպետը։ «Մրցանակն ինձ համար իհարկե ամենակարեւորը չէ, ասում է Սերգեյը մեր հեռախոսազրույցում, այլ այն, որ ունկնդիրը ջերմ ընդունեց։ Ուզում եմ շատ լավ նվագել, առաջին մրցանակ շահել, բայց բեմում այդ ամենի մասին մոռանում եմ, իմ առջեւ երաժշտական խնդիր է դրված, մտածում եմ դա լուծել»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4