«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2002-10-16 | #188, 2002-10-17 | #189, 2002-10-18


ԻԲՐԵՎ ԱՆՀԱՅՏ ՄԻ ՀԱՍՑԵԱՏԵՐ

Չնշվեց Գրիգոր Գուրզադյանի 80-ամյակը, որ հոկտեմբերի 15-ին էր, իսկ մեծ գիտնականը հեռացել է Հայաստանից

Անվստահությունների, հոգեւոր փլվածքների վրա օրըստօրե բարգավաճում է անտարբերության որոմը, մեր խղճի անդունդներում բացելով սեւ խոռոչներ, որոնց զոհերը, ավա՜ղ, օտարանում են երկրիցՙ ընտելանալով կյանքի դառնության համին։

Լսե՞լ եք, որ երբեւէ տաղանդավոր, հանճարեղ մեկը կամ անբասիր հոգին «շահի» մեր իրականության լաբիրինթոսներում։ Ասված էՙ ում որքան տրվում է, այնքան էլ պահանջվում է ու նաեւ, որքան հզոր է միտքը, այնքան մեծ է ողբերգությունը։ Ցավը մեղմելու համար չէ այս ճշմարտությունը, ոչ էլ արդարացում գտնելու մեր, մեր իրականության եւ բարոյականության համար։

«Գրական թերթի» հոկտեմբերի 11-իՙ Լեւոն Անանյանի «Բաց նամակ անհայտ հասցեատիրոջը» հրապարակումը ցավի ճիչ է անհուսության հասնող անտարբերության հանդեպ։ Նամակի հասցեատերն անհայտ է, ասել է թեՙ բոլոր նրանք են, որոնց խիղճը դեռ արթուն է։ Իր նամակ-հրապարակումից ենք առաջին անգամ տեղեկանում, որ Հայաստանը լքել է համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, հոգու, մտքի, տաղանդի հզոր թռիչքի տեր գիտնական ու գրող Գրիգոր Գուրզադյանը։ Նրա ծննդյան 80-ամյակը լրացավ հոկտեմբերի 15-ին։ Հոբելյանի առիթով տարիների իր մտքի վաստակած դափնիներն իրեն ընծայել-շռայլելու փոխարեն ստեղծել ենք մի իրավիճակ, երբ ալեզարդ գիտնականը լքել է երկիրը, այն երկիրը, որի համար իր կյանքը, ստեղծագործական ողջ տքնանքը, գիտական ներուժն է դրել։

«Մեր քնեած հասարակությանը սթափության կոչող գուրզադյանական արտագաղթի ապտակը հավասարապես այրում է նաեւ իմ դեմքը», գրում է Լեւոն Անանյանը։ Իր նամակն անզորության ճիչ համարելովՙ նա ապավինում է հայոց պետականության վախճանը ողբացող մեր պատմահորըՙ Մ. Խորենացուն, հարց տալով, թե «արդյոք ժամանա՞կն է ողբալու պետական մտածողության կորուստը»։ «Եթե չգրեի, գիշերները չէի կարող հաշտ ու խաղաղ քնել»։ Արտագաղթի այս ցնցող ապտակն այդ ինչո՞ւ չի այրում համապատասխան որոշում կայացրած եւ կեցվածք որդեգրած պետական պաշտոնյաների եւ համապատասխան հանձնաժողովի անդամների դեմքերը եւ ինչո՞ւ են նրանց գիշերները հաշտ ու խաղաղ։ Սա ապտակ է 4 տարի շարունակ դատական նիստերի մեջ անվանի գիտնականին ներքաշելու սրտմաշուկ, նվաստացուցիչ արարքներին, անհեռատես վճիռներին, նյութապաշտությամբ բռնկվածներին եւ անտարբերությանը, որոնց համար անձնական շահից, նյութից անդին իրավ ամայություն է։ Իսկ ի՞նչ էր ուզում տիեզերքի տարածություններին հաղորդ, իր մտքի անհունության մեջ առտնին մանրուքները չնկատող գիտնականը։ Ուզում էր պահել Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտը եւ «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, ուզում էր փրկել դժվարությամբ նվաճվածը, իր կյանքի գիտական մտքի վաստակը պահ տալ սերունդներին, որպես արդարացում նաեւ մեր գոյության։ Ու սարսռում ես, երբ հասկանում ես մեր իրականության մղձավանջը, որ անգամ հանճարեղ գաղափարի համար որեւէ մեկը չի ուզում պատասխանատվություն կրել, որովհետեւ չկա ժամանակ, քանի որ անձնական շահ չկա։ Որովհետեւ որոշում են Մամոնային ծառայողները, իսկ գիտնականը, մտածողը, ստեղծողն արժեք չունի եւ տեղ չունի։

Անելանելի իրավիճակներ թերեւս չկան։ Ամենաանհնարին իրադրությունների եւ իրարամերժ հակասությունների պարագայում էլ կարելի էր երկուստեք բավարարող լուծում գտնել եւ ստեղծել պայմաններ գիտնականի հետագա գործունեության համար։ Այստե՛ղ։

Իբրեւ նամակի անհայտ մի հասցեատերՙ կիսում ենք նամակագրի մտահոգությունն ու ցավը։ Մեր իրականության մեջ ստեղծված նոր պաշտամունքներից վտանգված տեսնելով մարդկային բարոյական-հոգեւոր արժեքներըՙ երկրորդում ենք Լեւոն Անանյանին, ու նաեւ շնորհակալ ենք նամակի հասցեատեր լինելու համար, անկեղծորեն, որովհետեւ որքան որ քչացել են հոգեւոր նեցուկ որոնողները մեր հողում, առավելապես սակավ են դարձել մտքի, հոգու փրկության լույսը կրողները, որոնք ակամայից շատերի համար դառնում են «փորձությունների պատվար» եւ որոնց կորցնելը իրոք ցավալի է։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4