«Նոր սերունդ» երիտասարդական միություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ երկօրյա այցով Վանաձորում էին ՀՀ տարբեր մարզերի եւ ԼՂՀ-ի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները։
«Հանդիպում» սրճարանում անցկացվեցին սեմինարներՙ «Մարզերի երիտասարդության հիմնախնդիրները» եւ «Հասարակական կազմակերպությունների արդյունավետ ղեկավարում» թեմաներով։ Դասընթացները վարում էին «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Ժիրայր Էդիլյանը, կազմակերպության երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Արեգ Մարտիրոսյանը, PADCO-ի Լոռու մարզի ղեկավար Արմեն Բեժանյանը։ Արծարծվեցին մարզերի երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Շոշափվեց այն հարցը, որ Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի կազմում ընդգրկված չեն ներկայացուցիչներ մարզային երիտասարդական կազմակերպություններից։
Ընդհանուր քննարկումների արդյունքում որոշվեց հիմնել Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջմարզային երիտասարդական խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվեց 8 երիտասարդական կազմակերպություն։ Նախագահ ընտրվեց «Նոր սերունդ» երիտասարդական միության նախագահ Արմեն Մատինյանը։ Հստակվեցին խորհրդի առաջիկա ծրագրերը, որոնց հիմքում պետք է դրված լինեն մարզային երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացումը, համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, իշխանության ներկայացուցիչների հետ։
Մ. ՄԻԿՈՅԱՆ