«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2002-10-19 | #191, 2002-10-22 | #192, 2002-10-23


ԱՌԱՅԺՄ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԲՈՂՈՔ

Տարօրինակորեն քիչ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով երեկ գնացինք ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հրավիրած ասուլիսին։

Պրն Սահրադյանը կարեւորեց ընտրություններում լրատվամիջոցների դերը։ Այնուհետեւ նշեց, որ վերջնական արդյունքներ չի կարող տրամադրել։

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ դեռեւս լուրջ բողոքներ չէին ստացվել հանձնաժողովում։ Երեկվա դրությամբ 5 բողոք էր եղել։ Դրանցից մեկիՙ Արաբկիրի համայնքի ավագանու անդամ Սամվել Խալաթյանի անունը քվեաթերթիկում սխալ գրանցելու մասին մենք գրել ենք։ Երկրորդ բողոքը եղել է Սյունիքի մարզից, ուր օգտագործվել են չսահմանված տիպի քվեաթերթիկներ։

Այս կապակցությամբ ԿԸՀ նախագահը խոստացավ, հարցը պարզել։

Մյուս բողոքը վերաբերում էր ընտրացուցակների թերություններին։

Եվս մեկ դիմում էր ստացվել Արարատի մարզի Բարձրաշենի ընտրական հանձնաժողովի նախագահից, որ թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հավասարաչափ։ Նման դեպքում հարցը պիտի լուծվի վիճակահանությամբ, բայց թեկնածուներից մեկը նշել է, որ բողոքի հիմքեր ունի։

Վերջին բողոքը ստացվել է Ծովագյուղի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկից, որ ընտրացուցակներից մեծ թվով մարդիկ են դուրս մնացել։

Ամփոփելովՙ պրն Սահրադյանն ասաց, որ դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնման դեպքերը հոկտեմբերի 20-ի ընտրությունների ժամանակ պակասել են։ Այդ օրը դատարան է դիմել 12782 ընտրող, եւ միայն 14-ի դիմումներն են մերժվել։

Ընտրացուցակների անճշտությունների եւ խախտումների առումով ԿԸՀ նախագահը փաստեց, որ պետք է համապատասխան գնահատական տրվի համայնքի ղեկավարի կողմիցՙ ցուցակները կազմելու գործին։

Իսկ ընդհանուր առմամբ պրն Սահրադյանն ընտրությունները համարեց կայացած, ընտրողների մասնակցությունըՙ աննախադեպ բարձր։ Վերջին ցուցանիշն, ըստ Արտակ Սահրադյանի, 46 տոկոսով ավելի բարձր կլիներ, եթե հաշվի առնվեր, որ 2,2 մլն ընտրողից, մամուլի տվյալներով, մոտ 700 հազարը բացակայում է Հայաստանից, իսկ նախնական տվյալներովՙ 930733 քաղաքացի մասնակցել է ընտրությունների։

Պատասխանելով լրագրողների հարցերինՙ ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ տեղական ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչության համար ծախսվող գումարի չափ սահմանված չէ օրենսդրությամբ, ի տարբերություն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների։ Այդ դեպքում տրամաբանությունն այն է, որ համայնքները բնակչության թվով շատ տարբեր են եւ, ըստ այդմ էլ, տարբեր կարող է լինել քարոզչության համար ծախսվող գումարը։

Հետաքրքրական է, որ անգամ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցած 19 կուսակցությունների թեկնածուներից հաղթողների զգալի մասը «Հանրապետական» կուսակցությունից է։

Անդրադառնալով Ծովինարի համայնքի դեպքինՙ ԿԸՀ նախագահն ափսոսանք հայտնեց, որ համայնքի 2536 ընտրողների իրավունքը ոտնահարվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։ Ինչպես խոստացավ Արտակ Սահրադյանը, ԿԸՀ-ն հետամուտ կլինի եւ այս երեւույթն իրավական գնահատական կստանա։

Համարենք, որ 2003 թ.-ի նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրությունների փորձնական տարբերակն արդեն պատմություն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4