ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոկտեմբերի 24-ին գերմանական Էսսեն քաղաքում կբացվի WOMEX-2002-ը (World Music Expo)։ WOMEX-ի հետաքրքրության դաշտում են աշխարհում գոյություն ունեցող տարագույն երաժշտությունը, դրա ծագումնաբանությունը, արմատները, ազգագրական, ավանդական, տեղական հենքը։ WOMEX-ը մի ցանց է, որ իրար է շաղկապում երաժշտության աշխարհում արդեն սիրվածն ու դեռեւս լայն հասարակայնությանն անծանոթ ձայները, երաժշտատեսաբաններին ու լրագրողներին, պրոդյուսերներին ու արտիստներին, երաժշտական բիզնեսով զբաղվող մարդկանց։ Երաժշտության տոնավաճառ լինելով հանդերձ WOMEX-ը յուրաքանչյուր տարի նոր, թարմ գաղափարների, փոխհաղորդակցության, վերալիցքավորման անսպառ պոտենցիալով է ներկայանումՙ իր կազմակերպած կոնֆերանսներում ձայնի իրավունք շնորհելով տարբեր երկրներից հետաքրքրություն ցուցաբերած պրոֆեսիոնալ մասնակիցների։ Անցյալ տարի հիշյալ միջոցառմանը մասնակցել են 950 ընկերություններ, 1600 պատվիրակներ 80 երկրներիցՙ ներառյալ 200 լրագրող, 50 բանախոսներ, 350 արտիստ։ Առաջին անգամ WOMEX-ը կազմակերպվել է 1994-ին Բեռլինում, այդուհետեւ 1995-ին Բրյուսելում, 1997-ին Մարսելում, 1998-ին Ստոկհոլմում, 1999, 2000¬ին Բեռլինում, 2001-ին Ռոտերդամում։ 2002-ին Էսսենի Ցեշը Ցոլֆերայնում մատուցվող Էքսպոն ներկայացնում է մի քանի սրահՙ աֆրիկյան, ասիական, ավստրալա¬օվկիանական, եվրոպական, լատինամերիկյան, հյուսիսամերիկյան։ Հայերիս համար երկու լուրՙ առաջինը զարմանալի կամ ավելի շուտ տխուրՙ որքան էլ պրպտեցինք, WOMEX-ի մասնակիցների ստվարածավալ ցուցակներում հայկական կամ հայաստանյան ներկայություն չբացահայտեցինք։ Փոխարենը հպարտանալու առիթ իսկապես կաՙ WOMEX-2002-ի մրցանակը մեր կենդանի լեգենդինՙ Ջիվան Գասպարյանին է շնորհվելու։ 2001-ին մրցանակակիր է դարձել պակիստանցի Նուստրատ Ֆաթեհ Ալի Խանը (հետմահու), 2000¬ին հարավաֆրիկացի Մահոթելլա Քուիինզը, 1999-ին կուբացի Խուան դե Մարկոս Գոնզալեսը եւ World Circuit Records-ի տնօրեն Նիք Գոուլդը։
Նավթ, նորանոր խմորումներ, աղետ...Կովկասն ավելին է առաջարկում, վկաՙ յուրաքանչյուրիս հետ խոսակցող Ջիվան Գասպարյանի դուդուկի ոգին։ Այսպես է արտահայտվում Ջաանա¬Մարիա Ջուկկարան հայկական երաժշտական ժառանգության ու մասնավորապես WOMEX-2002-ի մրցանակակիր Ջիվան Գասպարյանի մասինՙ համառոտ իր հոդվածում։ Խոսելով հայկական երաժշտության կրած թուրքական, քրդական, իրանական, գնչուական ազդեցությունների մասին, հոդվածագիրն այնուհետեւ որպես զուտ հայկական նվագարան առանձնացնում է դուդուկըՙ ասում են, նրա տաք, մեղմ, մելամաղձոտ հնչերանգը լավագույնս է արտահայտում Հայաստանի ողբի ու հույսի միջեւ բզկտված ոգին։
74-ամյա արտիստը միակ մրցանակակիրն է։ Կիրակիՙ հոկտեմբերի 27-ին, ժամը 12-ին, մրցանակաբաշխության արարողությանը որպես խորհրդանշական պարգեւ նրան կհանձնվի 6000-ամյա հնություն ունեցող նեոլիթյան դարաշրջանի մայրության աստվածուհու արձանիկի (որը գտնվել է ժամանակակից Թուրքիայի Հաչիլար բնակավայրում) կրկնօրինակը։ Աշխարհահռչակ դուդուկահարի համերգը կհաջորդի մեծարման արարողությանը։ Բայց դրան ուշադիր մեր հայացքըՙ «Ազգի» առաջիկա համարներից մեկում։