«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2002-10-19 | #191, 2002-10-22 | #192, 2002-10-23


ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ ԳՈԳԱՐԱՆՈՒՄ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հովանավորությամբ Գոգարանում կառուցվել եւ կահավորվել է 350 աշակերտական տեղով դպրոց։ Դպրոցի 300 աշակերտի համար ստեղծվել է 12 համակարգչով դասարան, նկարչական դասարանՙ ապահովված անհրաժեշտ նյութերով։ Այս տարի լիովին կավարտվի երաժշտական դասարանի ձեւավորումը։ Բարերարներն արդեն իսկ տրամադրել են երաժշտական գործիքներ։

Երկրաշարժի ժամանակ առավել շատ տուժած այս դպրոցը (82 աշակերտ է զոհվել) 14 տարի տնակային պայմաններում էր։ Եվ ահա, անցած տարի «Զարթոնք» հիմնադրամը, նախագահ Անուշ Բեգլարյանի նախաձեռնությամբ, ձեռնարկեց դպրոցը կառուցելու գործը։

Օրերս բացման արարողությանը մասնակցելու համար Գոգարան էին ժամանել «ԿԱԶԱ» հիմնադրամի ղեկավարներ Դարիո եւ Մոնիկա Բոնդոլֆի ամուսինները, շվեյցարական եւ ֆրանսիական երկու տասնյակ բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, Շվեյցարիայի հայ համայնքի «Կոմիտաս» երգչախմբի կատարողներ եւ ուրիշներ։

Բարեգործներին երախտիքի խոսք ասացին եւ ներկաներին շնորհավորեցին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը եւ ուրիշներ։ Իսկ Դարիո եւ Մոնիկա Բոնդոլֆի ամուսինները դպրոցի կառուցումը համարեցին սկիզբը երկարաժամկետ ծրագրի, որի նպատակն է դպրոցի շուրջ համախմբել համայնքի բնակիչներինՙ նրանց մշակութային կյանքի խթանման, տնտեսական առաջընթացին աջակցելու նպատակով։

Շինարարության եւ գույքի համար հատկացվել է 400 հազար ԱՄՆ դոլար։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4