«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2002-10-19 | #191, 2002-10-22 | #192, 2002-10-23


ՆՈՐԸՙ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, ավելի քան մեկ ամիս առաջ լուծարված ԼՂՀ կառավարությունն ի վերջո վերակազմավորվել է։ Նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով նշանակվել են նոր նախարարներ, որոնք ըստ էության նոր չեն, որովհետեւ նախորդ կառավարության կազմի ցուցակը հիմնականում պահպանվել է։ Ավելացել է երկու անունՙ Յուրի Ղազարյանը, որը նշանակվել է արտադրական ենթակառուցվածքների զարգացման ու շինարարության նախարար, եւ Աշոտ Ղուլյանը, որը փոխարինել է արտաքին գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանին։

Կառավարական «օթյակում» նրանք եւս պատահական հայտնված մարդիկ չեն։ Յուրի Ղազարյանը, որը Լեոնարդ Պետրոսյանի օրոք եղել է փոխվարչապետ, այս անգամ կառավարություն է եկել ԼՂՀ պաշտպանության նախարարիՙ շինարարության գծով տեղակալի պաշտոնից։ Իսկ Աշոտ Ղուլյանը նախքան ԺԱՄ հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ լինելը, եղել է ԼՂՀ փոխարտգործնախարարը։

Կառավարական թիմից դուրս են մնացել երեք նախարարներՙ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Բորիս Առուշանյանը, քաղաքաշինության նախարար Վաղարշակ Փալանջանյանը եւ կրթության ու գիտության նախարար Համլետ Գրիգորյանը։ Այս երեք գերատեսչությունները լուծարվել են ու միացվել վերակազմավորված այլ գերատեսչությունների։ Մասնավորապես, առաջինը մասամբ կցվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, երկրորդըՙ արտադրական ենթակառուցվածքների զարգացման ու քաղաքաշինության նախարարությանը, իսկ երրորդըՙ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։

Վերոհիշյալ անձինք, սակայն, կմնան բարձր տեսանելիության վրա, որովհետեւ Վ. Փալանջանյանը վարելու է արտադրական ենթակառուցվածքների զարգացման ու շինարարության փոխնախարարի պաշտոնը, Հ. Գրիգորյանը նշանակվել է ԱրՊՀ ռեկտոր, իսկ Բ. Առուշանյանը... Նրա նոր նշանակման մասին առայժմ միայն դրականն է հոլովվում։

Կարելի է ասել, որ այս անգամ, այսպես կոչված, «ղարաբաղյան» հիվանդությունը չի սրվի։ Այսինքն, ազատված պաշտոնյաները վիրավորված արժանապատվությամբ չեն հեռանա Ղարաբաղից, ինչպես որ եղել է նախկինումՙ ոչ քիչ թվով պաշտոնյաների պարագայում։

Սահմանվել է նաեւ փոխվարչապետի ինստիտուտը, որը նախորդ կառավարությունում չկար։ Այս երկու նորաստեղծ պաշտոնները, սակայն, կլինեն համատեղմամբ. գյուղատնտեսության եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման ու շինարարության նախարարները միաժամանակ կկոչվեն ԼՂՀ վարչապետի տեղակալներ։

Ինչպես Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահը, նոր կառավարության ձեւավորման գործում առաջնահերթությունը տրվել է տնտեսական ու արտադրական ոլորտներին։ Ա. Ղուկասյանը ԼՂՀ նոր գործադիր իշխանությունն անվանել է զարգացման կառավարություն, նշելով, որ նախորդ երեք տարիներին իրենց հաջողվել է, ամենակարեւորը, կասեցնել արդյունաբերության անկումը եւ երկրում ստեղծել կայուն ներքաղաքական վիճակ։

Եթե կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխություններն իրոք ժամանակի թելադրանք են, ապա մշակույթի ու կրթության գերատեսչությունների համակցումը փոքր-ինչ վերապահելի է։ Այս առնչությամբ որոշակի մտահոգություններ է արտահայտել նաեւ Արկադի Ղուկասյանըՙ նորանշանակ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանին ոլորտի պատասխանատու անձնակազմին ներկայացնելու ժամանակ։ Մտահոգություն հայտնելով կրթության ու մշակույթի գերատեսչական միավորման որոշման կապակցությամբ, հանրապետության ղեկավարն ասել է, թե ժամանակը ցույց կտա դրա ճիշտ կամ սխալ լինելը։ Այս երկու ոլորտների միացման փորձ Արցախում կիրառվել է նաեւ 90-ական թվականների կեսերին, եւ այն ժամանակ բազմոլորտ գերատեսչության վերոհիշյալ ձեւը չի արդարացրել, ուստի հետագայում միացյալ նախարարությունը տրոհվել է։ Համենայն դեպս, փաստենք, որ ռազմավարական կարեւոր բնագավառ Արցախի կրթության հետագա ճակատագիրը վստահվել է կազմակերպչական ունակություններով օժտված անձիՙ Արմեն Սարգսյանին, որի ղեկավարությամբ Արցախի մշակույթը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել։

Անկախ այն բանից, թե կառավարության վերակազմավորումից ում սպասելիքներն են արդարացվել կամ ի չիք դարձել, պարզ է դառնում մի բանՙ ԼՂՀ նախագահը հաստատակամորեն մտադիր է շարունակել շուրջ երեք տարի առաջ որդեգրած ուղեգիծըՙ երկրում իսկապես ստեղծել սոցիալական արդարություն եւ օրենքի գերակայություն։ Այդ իսկ նպատակով էլ կառավարման համակարգում պահպանել է իր ծրագրերում մշտապես իրեն սատարող թիմը։

Մնացյալն արդեն ցույց կտա ժամանակը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4