Նոյեմբերին Հանրապետական կուսակցությունն իր համագումարում կպաշտպանի ՀՀ գործող նախագահի թեկնածությունը 2003 թ. ընտրություններում
Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Մենք նախագահ Քոչարյանին կարող ենք ասել այն, ինչ ուզում ենք»։ Պրն Թորոսյանը նման սպառնալիք¬ հայտարարություն անելու հիմքեր, առավել եւսՙ իրավունք, անշուշտ, ունի։ Այսօր հանրապետականները եթե անգամ իշխանություն չեն (թեեւ ընդհանուր առմամբ իշխանություն են), ապա գործադիրում եւ օրենսդիրում նրանք ունեն լուրջ լծակներ, եւ 2003 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում, ցանկության դեպքում, կարող են տհաճություններ պատճառել գործող նախագահ եւ երկրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվել ցանկացող Ռոբերտ Քոչարյանին։
Հիշենք 2000 թ. մարտի 3-ի հայտնի ասուլիսը, երբ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Շիրխանյանն ու Լեւոն Բարխուդարյանը վերջնագիր ներկայացրին Ռոբերտ Քոչարյանինՙ անհապաղ պաշտոնից ազատել Սերժ Սարգսյանին եւ Տիգրան Նաղդալյանին, ինչպես նաեւ անհապաղ ապահովել բնականոն պայմաններ «հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմնի գործունեության համար»։ Ռոբերտ Քոչարյանն անընդունելի համարեց իրեն իշխանությունից հեռացնելու վերջին փորձն անող «Միասնություն» դաշինքի վերջնագրի թե՛ ձեւը, թե՛ բովանդակությունը։ Նախագահ Քոչարյանի եւ «արարատյան կլանի» առճակատումն ավարտվեց վերջինիս պարտությամբ. թերեւս շահած դուրս եկավ Անդրանիկ Մարգարյանըՙ նշանակվելով ՀՀ վարչապետի պաշտոնում, մի աթոռ, որը նվաճելու մասին պրն Մարգարյանը հազիվ թե երազեր։
Բայց, ինչպես հայտնի է, ախորժակը բացվում է ուտելիսՙ անգամ քաղաքականության մեջ։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից շահած դուրս եկավ Հանրապետականը, որքան էլ դա հնչում է ցինիզմով։ Այո, այդպես է, չլիներ հոկտեմբերի 27-ը, Անդրանիկ Մարգարյանը վարչապետ չէր լինիՙ դրանից բխող հետեւանքներով։
Հետեւանքներից մեկը հոկտեմբերի 20-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին, որոնցում նշանակալի հաղթանակ տարան հանրապետականները։ Սոցիոլոգիական ցանկացած ուսումնասիրություն հուշում է, որ ՀՀԿ-ն ունի ցածր վարկանիշ, կուսակցության առաջնորդներըՙ Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, մյուս հանրապետականները համընդհանուր ժողովրդայնություն չեն վայելում։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում շատերին անհայտ այս կուսակցության հաջողությունը. եթե վերցնենք տոկոսային հաշվարկով, ապա ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում ստացել է մոտ 80 տոկոս ձայն։ Տիգրան Թորոսյանի կարծիքով, կուսակցության հաջողության գլխավոր պատճառը ՏԻՄ ընտրություններին «չափազանց լուրջ» պատրաստվելն է։ Ըստ պրն Թորոսյանի, եթե հանրապետականներն օգտագործեին իշխանական լծակներ, ապա 100 տոկոսով կհաղթեին, այսինքնՙ համայնքների ղեկավարներ կընտրվեին բոլոր այն հանրապետականները, ովքեր դրել էին իրենց թեկնածությունը։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ն Սադդամ Հուսեյնի նման 100 տոկոս չի ստացել։ Անշուշտ, հանրապետականները հատկապես մարզերում օգտագործել են իրենց իշխանական եւ ֆինանսական ողջ կարողությունները։ Իշխանամետ այլ կուսակցություններ, ինչպես «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, բողոքում են, թե տեղերում հանրապետականները «տեռորի» են ենթարկում իրենց անհաճո կուսակցություններին։
Ի դեպ, նոյեմբերին սպասվում է ՀՀԿ համագումարը, որի ընթացքում կհայտարարվի, թե 2003 թ. նախագահական ընտրություններին ում թեկնածությունն է պաշտպանելու կուսակցությունը։ Անկասկած, ՀՀԿ-ն պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ինչն ակնարկեց պրն Թորոսյանը։ Անշուշտ, ՀՀԿ-ն Քոչարյանին կպաշտպանի իշխանության հավելյալ լծակներ ստանալու դիմաց, ինչը բնական է։ Անբնականը, թերեւս, հանրապետականներիՙ ժողովրդի մեջ ունեցած վարկանիշի եւ իշխանական լծակների տիրապետելու անհամաչափությունն է, անարդարությունը։
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով 2003 թ. խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ ՀՀԿ-ն կարիք չի զգում ընտրություններին մասնակցել դաշինքով։ Ըստ պրն Թորոսյանի, նոր խորհրդարանում բացի իրենցից ներկայացված կլինեն Կոմկուսը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, մի քանի կուսակցություններՙ ընդդիմությունից։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ