Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարն ամփոփեց 9 ամիսների արդյունքները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարվա 9 ամիսներին կազմել է 11 տոկոս։ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նախարարի հաղորդած այս եւ մյուս տվյալները ստացվել են նախարարության վարչական մոնիտորինգի եւ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ տեղեկատվության արդյունքներով։
Տնտեսական նման աճը Կարեն Ճշմարիտյանը պայմանավորեց նախագահի վարած տնտեսական քաղաքականությամբ, կառավարության, Ազգային ժողովի, քաղաքական կուսակցությունների, մասնավորապես հանրապետականների գործունեությամբ։ Ընդ որում, առաջին հանգամանքը նա իր խոսքի մեջ կրկնեց մի քանի անգամ։
Տնտեսական աճի մեջ առավել նշանակալից ազդեցություն ունեցող ճյուղերից նշվեցին կապիտալ շինարարությունըՙ 33,4 տոկոս, արդյունաբերությունն առանց էներգետիկայիՙ 23 տոկոսով։ Էներգետիկայի արտադրության նվազումը նախարարը որոշ առումով դրական երեւույթ համարեց, ասելով, որ տնտեսական աճի հետ էներգախնայողությունն է աճել։
Անդրադառնալով արդյունաբերության մեջ արձանագրված ցուցանիշներին, Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ այդ աճն ապահովվել է հիմնականում հանքարդյունաբերության, ակնագործության եւ ոսկերչության շնորհիվ։
Հանքարդյունաբերության մեջ խոսուն աճ արձանագրած ձեռնարկություններն են «Մաքուր երկաթը», «Գրանիտը», «ԱՌԱՁ»-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ղափանի լեռնահարստացուցիչ կոմբինատը։ Ըստ նախարարի, ադամանդագործությունն աճ է ապրել 4,5 անգամ։ Առանձնացվեցին հատկապես «Շողակն» եւ «Աղավնի» ընկերությունները։ Առաջ անցնելովՙ նշենք, որ մեր արտադրանքի արտահանման ծավալների աննախադեպ աճը դարձյալ հիմնականում այս ճյուղի շնորհիվ է արձանագրվել։ Այս տարվա 9 ամիսներին, համաձայն երեկ հաղորդված տվյալների, արտահանումը կազմել է 355 մլն դոլար, ինչը 13 մլն դոլարով ավելի է 2001 թ.-ի տարեկան ցուցանիշից։ Ինչ վերաբերում է արդյունաբերության մյուս ճյուղերումՙ մասնավորապես մեքենաշինության մեջ արձանագրված աճին, որի մասին հայտնեց Կարեն Ճշմարիտյանը, ապա դրանք ընդհանուր արտահանման ծավալների մեջ էական դեր առայժմ չեն խաղում։ Վերստին հիշեցնենք, որ մեքենաշինության, էլեկտրասարքերի արտադրության, հաստոցաշինության շուրջ 150 ձեռնարկություններից քիչ թե շատ կանոնավոր գործում է 10¬15-ը։ Այստեղ կտրուկ աճ արձանագրած ձեռնարկություններն են «Ալմաստը» (107 անգամ) եւ «Ինտերստանոկը» (11 անգամ)։
Քիմիական արդյունաբերության ցուցանիշներն առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը բավարար չհամարեց, դա պատճառաբանելով քիմիայի «ծանր ոլորտ» լինելով, որտեղ ներդրումների արդյունավետությունը երեւում է 2¬3 տարի հետո։ Այդուհանդերձ, նա նշեց, որ երկու խոշոր ձեռնարկություններիՙ «Նաիրիտի» եւ Վանաձորի քիմհամալիրի սեփականատեր «Ռանսատ գրուպ» բրիտանական ընկերությունը գործում է, բայց արագ արդյունք չի կարելի ակնկալել։ Մեկ այլ ձեռնարկությանՙ «Դողագործի» գործունեության վերսկսման առնչությամբ, որն անընդհատ ձգձգվում է եւ որին բազմիցս անդրադարձել ենք մեր թերթի էջերում, Կարեն Ճշմարիտյանը հավանական համարեց դեկտեմբերից անվադողերի կամերաների արտադրության գործարկումը։ Մեր կողմից նշենք, որ մեկ ամիս առաջ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը նույն արտադրության գործարկումը հնարավոր էր համարել նոյեմբերին։ Ճիշտ է, պետական պաշտոնյաները չեն կարող մասնավորի փոխարեն գործարկման հստակ ժամկետ նշել, բայց փաստ է, որ այն ձգձգվում է ավելի քան 1,5 տարի, ինչպես մինչեւ մասնավորեցումը, այնպես էլ դրանից հետո։
Զբոսաշրջության ոլորտից ակնկալվող տարեկան աճը, նախարարի կանխատեսմամբ, կկազմի 25 տոկոս։ Ներկայումս, ըստ նրա հաղորդած տվյալների, մեր հյուրանոցները ծանրաբեռնված են 90 տոկոսով։ Զբոսաշրջության աճի գոյությունը չվիճարկելով, դրա ծավալների եւ հյուրանոցների ծանրաբեռնվածության առումով որոշակի վերապահումներ կցանկանայինք հայտնել։ Համաձայն Երեւանի երկու խոշոր հյուրանոցների ներկայացուցիչների տվյալների, որոնք, ի դեպ, հրապարակվեցին մեր թերթում, տարեկան ծանրաբեռնվածությունն իրենց մոտ 40¬50 տոկոս է։
Ներդրումների վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ դրանք 10¬15 տոկոսով ավելի են, ինչը լավ արդյունք էՙ նկատի ունենալով, որ նախորդ երեք տարիների հիմնական ներդնողներըՙ «Արմենտելը» եւ «Հայռուսգազարդը» այս տարի ներդրումներ չեն կատարել։ Նախարարը հայտնեց նաեւ, որ գումարային առումով 9 ամսվա տվյալները դեռեւս ամփոփվում են։ Կարեն Ճշմարիտյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելուն շատ քիչ ժամանակ է մնացել։ Դա տեղի կունենա դեկտեմբերին։
Արտաքին առեւտրի բացասական տարբերությունը, նախարարի կարծիքով, այս տարի կնվազի 120¬140 մլն դոլարով։ Այս ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերները չորսն ենՙ Ռուսաստանը, Բելգիան, ԱՄՆ-ն, Իրանը։ Գերակայություններն այստեղ չեն փոխվելՙ Ռուսաստան եւ Եվրամիություն։
Մամուլի ասուլիսի ժամանակ առանձին անդրադարձ կատարվեց բնակչության եկամուտներին եւ զբաղվածությանը։ Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած տվյալների համաձայն, բնակչության եկամուտներն աճել են 12 տոկոսով, նվազել է գործազուրկների թիվըՙ 27¬31 հազար մարդ ներգրավվել է տնտեսության մեջ։ Այդուհանդերձ, մեկ անձին ընկնող տարեկան եկամտի մակարդակով, դարձյալ նախարարի ներկայացրած տվյալներով, Հայաստանը գտնվում է ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների մեջ, որտեղ մեկ անձի տարեկան միջին եկամուտը չի գերազանցում 745 դոլարը։ Այդ ցուցանիշը կհաղթահարենք, եթե մեր ՀՆԱ-ն կազմի 24 մլրդ դոլար։ Օրվա բանախոսը հույս հայտնեց, որ դրան կհասնենք եկող տարվա արդյունքներով։ Սակայն նշենք, որ դեռեւս հեռու ենք միջինից բարձր կամ բարձր զարգացման խմբերից եւ հավակնում ենք հայտնվելու ընդամենը միջինից ցածր խմբում։