«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2002-10-22 | #192, 2002-10-23 | #193, 2002-10-24


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մինչ այժմ դրանք արդյունավետ են եղել

Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) վերահսկիչ խորհրդի 4-րդ նիստի մանրամասները, ինչպես նաեւ այցելության ընթացքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները։ Գերմանական երեքՙ KfW, «Դոյչեբունդեսբանկ» եւ «Կոմերց» բանկերի ղեկավարների հետ հանդիպմանը որոշվել է շարունակել ԳՀՀ շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ լրացուցիչ գումարներ տրամադրել նոր ծրագրերի համար։

KfW-ն համաձայնել է երկարացնել վարկերի տրամադրման ժամկետները, տեղումՙ Հայաստանում տոկոսադրույքները վերանայելու հնարավորություն տալ ըստ շուկայի իրավիճակի, ինչը, ԿԲ նախագահի կարծիքով, կնպաստի ծրագրերի արդյունավետությանը։ Գերմանական բանկը լրացուցիչ 5 մլն եվրո կտրամադրի ավանդների ապահովագրման հիմնադրամի համար, եւս 5 մլն եվրո երաշխիքային հիմնադրամին կտրվի, որպեսզի հայկական բանկերը կարողանան վարկեր, վարկային գծեր ստանալ արտասահմանյան բանկերից։ Նշվեց նաեւ, որ KfW-ն պատրաստակամություն է հայտնել քննարկելու հայկական բանկերում մասնակցություն ունենալու հարցը։

Գերմանական մյուսՙ «Դոյչեբունդեսբանկի» ղեկավարների հետ հայկական պատվիրակությունը քննարկել է գերմանական մասնավոր ներդրումները Հայաստանում խրախուսելու հարցը, նկատի ունենալով, որ դրա համար արդեն կա անհրաժեշտ հիմքՙ շուրջ 100 մլն եվրո արժողությամբ գերմանական ծրագրերը Հայաստանում։ Այս նպատակով եկող տարի Ֆրանկֆուրտում կանցկացվի բիզնես-ֆորում։ Եկող տարի սպասվող Հայաստանի նախագահի այցը Գերմանիա կխթանի գործընթացը։

«Կոմերց» բանկի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խոսքը բանկիՙ տարածաշրջանում գործունեության աշխուժացմանն է վերաբերել, եւ որպես նախնական քայլ Տիգրան Սարգսյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահն արդեն Աթենքում հանդիպել է Ռուսաստանի իր գործընկերոջՙ Սերգեյ Իգնատեւի հետ։ Ձեռք բերված պայմանավորվածություններից ՀՀ ԿԲ նախագահը հիշատակեց միայն մեկըՙ կլոր սեղանի անցկացումը նվիրված հայկական եւ ռուսական բանկերի համագործակցությանը, բանկային վերահսկողության խնդիրներին։ Նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր ֆինանսական համագործակցության համար։

Հարկ ենք համարում նշել, որ Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ծրագրերն առայժմ բավականին արդյունավետ են։ Դրա առավել բնութագրական ապացույցը ԳՀՀ-ի գրասենյակի տնօրեն Գագիկ Լախոյանի ներկայացրած տվյալներից մեկն էր, որը փաստում է վարկերի 100 տոկոսանոց վերադարձ։ Զգալի մասնաբաժին է կազմում տնտեսության իրական հատվածիՙ արտադրության վարկավորումըՙ 35 տոկոս։ Գերմանական ծրագրերի շնորհիվ 1998¬2002 թթ. ընթացքում ստեղծվել է 1800 աշխատատեղ։ Բացի Երեւանից, վարկավորում է իրականացվել նաեւ Հայաստանի 10 մարզերում։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված վարկավորման ընդհանուր գումարը կազմել է մոտ 24 մլն գերմանական մարկ, որն ամբողջությամբ տվել է KfW-ն։

Դրական գնահատականի է արժանի նաեւ ստեղծվելիք ավանդների ապահովագրման հիմնադրամին աջակցելու գերմանական կողմի պատրաստակամությունըՙ նկատի ունենալով այս կառույցի կարեւորությունը ոչ միայն բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման, այլեւ բանկերից որեւէ մեկում խնդիրներ ի հայտ գալու դեպքում սոցիալ-քաղաքական ցնցումներից զերծ մնալու առումով։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4