Դատարանում հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստին ներկայացել էր տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, տուժող Անդրանիկ Մանուկյանը։
Սկսելով իր ցուցմունքըՙ պրն Մանուկյանը նշեց, որ տեսել է, թե Կարեն Հունանյանն ինչպես է կրակել Վազգեն Սարգսյանի վրա, ապա պտտվել դեպի նախագահության կողմը։ Տուժողը տեսել է նաեւ Նաիրի Հունանյանի նախագահություն բարձրանալը։
Այս ամենին Անդրանիկ Մանուկյանն արձագանքել է հարցով, թե ինչ են անում։ Այդ պահին Կարեն Հունանյանը կրակել է պրն Մանուկյանի ուղղությամբ։ 7 գնդակ դիպել է տուժողին։
Այնուհետեւ պրն Մանուկյանն ընկել է, իր կողքին գտնվող Գագիկ Կոստանդյանից եւ Մյասնիկ Մալխասյանից զենք խնդրել, որ ահաբեկիչներից որեւէ մեկին սպանի։ Զենք չստանալովՙ Անդրանիկ Մանուկյանը սողալով գնացել է լրագրողների կողմը։ Հասել է դռանը։ Այդտեղ գտնվող Վռամ Գալստյանը չի թողել դուրս գալՙ հրելով ինքնաձիգով։ Տուժողը բռնել է ինքնաձիգից։
Այդ ժամանակ կրակոցներ են եղել, եւ տեսնելով, որ իրեն ուշադրություն չեն դարձնում, Անդրանիկ Մանուկյանը դուրս է եկել դահլիճից։
Դահլիճից դուրս արդեն, գտնվելով շոկային վիճակում, տուժողը մոտեցել է վերելակին, մտել եւ հայելու մեջ տեսնելով վնասված ու արյունոտ դեմքըՙ կորցրել գիտակցությունը։ Հետո նրան տարել են հիվանդանոց։
Դատարանում Անդրանիկ Մանուկյանը համոզվածություն հայտնեց, որ Արմենակ Արմենակյանին սպանել է ոչ Կարեն Հունանյանը։
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ տուժողի, ամբաստանյալների խելքը չէր հասնի եղածի համար, այսինքնՙ կան կազմակերպիչներ։
Կազմակերպիչների առկայության առումով պրն Մանուկյանը դատարանում կրկնեց հայտնի պատմությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած խոսակցության մասին։
Բանակցություններին մասնակցելու եւ ԱԺ չգնալու համար Վազգեն Սարգսյանին է դիմել Ռոբերտ Քոչարյանը, սակայն որպեսզի Կարեն Դեմիրճյանը չնեղանա, Վազգեն Սարգսյանը գնացել է ԱԺ։
Այս պատմությանը տուժողը տեղեկացել է Վազգեն Սարգսյանի եղբորՙ Արամի միջոցովՙ վերջինիս վարչապետ եղած ժամանակ։
Գնահատելով կատարվածըՙ տրանսպորտի եւ կապի նախարարը հայտարարեց, որ մահապատիժն ամբաստանյալների համար նվեր է, եւ որ նրանց պետք է կախաղան հանել Հանրապետության հրապարակում։ Իսկ Նաիրի Հունանյանի հաշվի համար ունենալը պրն Մանուկյանը համարեց լկտիության գագաթնակետ։
Երեկ դատարան էին ներկայացել եւս 2 տուժողներՙ Վռամ Գյուլզադյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Ըստ Հերմինե Նաղդալյանի, Նաիրի Հունանյանն է հարվածել Վազգեն Սարգսյանին, այն էլՙ 2 անգամ։
«Ես ինքս եմ տեսել։ Թող ոչ ոք չհամարձակվի ասել, որ դա չի եղել», շեշտեց տուժողը։
Դատավարությունը կշարունակվի այսօրՙ Հերմինե Նաղդալյանի հարցաքննությամբ։
Ա. Հ.