Գույքի եւ եկամուտների հայտարարագրման հերթը հասավ իշխանության միջին օղակի պաշտոնյաներին։ Երեկ կառավարության որոշմամբ առաջարկվել է լրացումներ կատարել համապատասխան օրենքում, որից հետո հայտարարատուների շրջանակը կընդլայնվի։ Դրանց թվում կընդգրկվեն, ինչպես լրագրողներին տեղեկացրեց պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, քաղաքացիական ծառայության «բարձր եւ գլխավոր պաշտոններ» ունեցողները, ինչպես նաեւ հարկային, մաքսային եւ ոստիկանական ծառայության բոլոր աշխատակիցները։ Եվս մեկ նորույթ է այն դրույթը, համաձայն որի հայտարարատուները պետք է ներկայանան իրենց տարածքային հարկային մարմիններ։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում էին նախարարություն։
Փոխնախարարը հայտնեց նաեւ հայտարարագրերի ժամկետների երկարաձգման մասին։ Օրենքով նախատեսված փետրվարի 1-ի փոխարեն առաջարկվում է մարտի 15-ը։ Դրանց հրապարակման հարցն, ըստ էության, դեռեւս կարգավորված չէ։ Կառավարության նիստում առաջարկվել է տվյալները ներկայացնել 3 հազարից ավելի տպաքանակ ունեցող լրատվամիջոցներին, որը, սակայն, չի ընդունվել եւ հանձնարարվել է ներկայացնել նոր առաջարկ, որտեղ պետք է ապահովվի բոլոր քաղաքացիներին մատչելի դարձնելու հարցը։ Հարկ ենք համարում նշել, որ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման ժամանակ լիակատար թափանցիկություն չապահովվեց։ Այդ տվյալները հրապարակած «Պաշտոնական տեղեկագրի» համարի գինը 96 հազար դրամ էր, ինչը մատչելի է ոչ բոլորին։ Համակարգչային կրիչի վրա գտնվող նույն տվյալները տրված են առանց որեւէ դասակարգման, այնպես որ որեւէ նախարարի կամ այլ պաշտոնյայի հայտարարագրածը գտնելու համար պետք է փնտրես առնվազն մի քանի ժամ։
Այն հարցին, թե մինչ այժմ եղե՞լ են հայտարարագրումից խուսափողներ, Արմեն Ալավերդյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում ճշտելու, թե ովքեր չեն ներկայացրել։ Արդյունքում եղել են այդպիսի դեպքեր։ Սակայն, ըստ փոխնախարարի, դեռեւս հստակեցված չէ, թե այս օրենքի որ խախտման ժամանակ ինչ պատժամիջոց պետք է սահմանել։
Երեկ տեղեկացվեց նաեւ, որ այս գործընթացի հերթական քայլը լինելու է ամբողջ բնակչության հայտարարագրումը։ Կառավարությունում նոր օրենքի նախագիծն այս առնչությամբ կքննարկվի դեկտեմբերին։ Խնդիր է դրված նաեւ ծախսերի հայտարարագրման հարցը եւս ընդգրկել նոր օրենքում, ինչն առավել լիարժեք կդարձնի այստեղ առկա պատկերը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ