«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2002-10-24 | #194, 2002-10-25 | #195, 2002-10-26


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

Ջոն Օրդուեյը Երեւան-Անկարա հարաբերությունների բարելավման ճանապարհին «ուժեղ խթան» է տեսնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

1997 թ. ամռանը ԱՄՆ-ը Կովկասը եւ Կենտրոնական Ասիան հայտարարեց իր կենսական շահերի գոտի։ Մասնավորապես, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի առկայությունը, ինչպիսին է, օրինակ, հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան շրջափակել է 1993 թ. ապրիլի 3-ի կառավարական որոշմամբ, չի խթանում Վաշինգտոնիՙ Կովկասն իր շահերի գոտի դարձնելու ռազմավարության իրականացմանը։ Թուրքիան մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի հավատարիմ եւ առայժմ անփոխարինելի դաշնակիցն է, եւ ցանկության դեպքում Վաշինգտոնը կարող է ճնշումներ գործադրել Անկարայի վրա, որպեսզի վերջինս վերջ տա շրջափակմանը։ «Ազգի» հարցինՙ ի՞նչ միջոցառումներ, ճնշումներ է բանեցնում ԱՄՆ-ը Թուրքիայի վրա, Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը երեկ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ընթացքում նկատեց, որ Երեւան-Անկարա հարաբերությունների բարելավման ճանապարհին «ուժեղ խթան» է տեսնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չի պայմանավորում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։

Մենք, ասաց դեսպան Ջոն Օրդուեյը, մի կողմից աշխատում ենք ԼՂ հարցի լուծման ուղղությամբ, մյուս կողմիցՙ փոքր քայլերով փորձում բարելավել հայ-թուրքական հարաբերությունները։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հիշեցրեց վերջերս Կարս քաղաքում Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությունը, ըստ որի, վերջինս նախընտրական իր ելույթում կարեւորել էր հայ-թուրքական սահմանադռան բացման անհրաժեշտությունը որքան հնարավոր է շուտ։

Պետք է նկատել, որ Էջեւիթի ելույթը զուտ նախընտրական էր, ակնհայտ պոպուլիզմ, քանզի Թուրքիայի գործող վարչապետը սկսած 1991 թվականից ունեցել է կարծր դիրքորոշում, տասնյակ անգամ հայտարարել, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին հայերը պետք է մոռանան, քանի դեռ դուրս չեն եկել ադրբեջանական գրավյալ տարածքներից, այդ թվումՙ Ղարաբաղից։ Ավելորդ չէ հիշեցնել ԼՂ հարցի կարգավորման Էջեւիթի ծրագիրը. 1992 թ. մարտին այն ժամանակ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն առաջարկում էր հետեւյալը. Ադրբեջանին է տրվում ԼՂ տարածքի մեծ մասը, փոքր մասը կցվում է Հայաստանին, հայերին է տրվում նաեւ Լաչինի միջանցքը, որի դիմաց Հայաստանը Ադրբեջանին է հանձնում ամբողջ Զանգեզուրը։

Ջոն Օրդուեյը Կովկասի կայունության եւ անվտանգության համար կարեւորեց հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, որ դա շահեկան կլինի Հայաստանի, Թուրքիայի եւ տարածաշրջանի համար ընդհանրապես, հույս հայտնեց, որ նոյեմբերի 3-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո բարձր մակարդակով հայ-թուրքական երկխոսությունը կշարունակվի։ 2002 թ. ընթացքում ՀՀ արտգործնախարար Օսկանյանը չորս անգամ հանդիպել է իր թուրք գործընկեր Իսմայիլ Ջեմի, ապաՙ Շուքրու Սինա Գյուրելի հետ։

Արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, անունը չհրապարակելու պայմանով, «Ազգի» հետ զրույցում նկատեց, որ դեռ 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ԱՄՆ այն ժամանակ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը ՀՀ պատվիրակության հետ զրույցում խոստացել է ճնշումներ բանեցնել, որպեսզի Անկարան ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը, բացվեն երկաթուղիները։ Ըստ պաշտոնյայի, Վաշինգտոնը ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա եւ դա նկատվում է. Անկարան Հայաստանի հանդեպ վարում է ընդգծված թշնամական քաղաքականություն։

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, պատասխանելով «Մեդիամաքսի» հարցին, թե ԱՄՆ-ը ռազմական ոլորտում առավել կարեւորո՞ւմ է անդրկովկասյան հանրապետություններից Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը, նկատեց, որ Վաշինգտոնը ռազմավարական նպատակներ է հետապնդում երեք հանրապետություններում, ԱՄՆ-ը հանդես չի գա այնպիսի նախաձեռնությամբ, որ խախտվի հավասարակշռությունը։ Այդուհանդերձ, պրն Օրդուեյն այս պահին առավել կարեւորեց Թբիլիսիին օժանդակությունը, քանի որ Վրաստանում առկա է տարածքային ամբողջականության եւ սահմանների պաշտպանության խնդիրներ, եւ Վաշինգտոնը փորձում է այդ պետությանն օգնել։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թբիլիսի եւ Բաքու էր ժամանել ամերիկացի բարձրաստիճան զինվորական Ջոզեֆ Ռալսթոնը, մինչդեռ Երեւան նա չժամանեց։ Պրն Օրդուեյը խորհուրդ տվեց նման մանրուքներին կարեւորություն չտալ, չբացառելով Ռալսթոնի այցը Հայաստան։ «Ազգի» կողմից հավելենք, որ մի քանի օր առաջ Թբիլիսի եւ Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Միրա Ռիկարդելը, մինչդեռ տիկինը Երեւան չժամանեց։

«Դե ֆակտո» գործակալության հարցը վերաբերում էր ԱՄՆ-Իրան հարաբերություններին։ Դեսպան Օրդուեյը նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսության, բայց երկխոսությունը պետք է ներառի որոշակի խնդիրներ։ «Որոշակի խնդիրներ» ձեւակերպման տակ դեսպանը նկատի ուներ Իրանում զանգվածային բնաջնջման զենքերի արտադրությունը, հեռահար հրթիռների փորձարկումները եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը։ Քանի դեռ այս խնդիրներն առկա են, ապա, ըստ դեսպանի, որեւէ բարելավում չպետք է ակնկալել Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում։ Ընդ որում, պրն Օրդուեյն Իրանին վտանգավոր երկիր որակեց ԱՄՆ-ի, հարեւան պետությունների համար։ «Նաեւ Հայաստանի՞»ՙ հարցրեց լրագրողներից մեկը։ «Այդ հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին», ասաց Ջոն Օրդուեյը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4