Նախորդ տարիների պարտքերը ներելու եւ համակարգը չեզոքացնելու համար
Ուղիղ մեկ ամիս առաջ անդրադարձանք խորհրդարան ներկայացվածՙ բնակչությանը մատակարարված ջրի դիմաց չվճարումների ներման օրենքի նախագծին («Ինչպես բացառել պարտքերի կուտակման կրկնությունը», «Ազգ», 25 սեպտեմբերի), որտեղ որպես այդ նախագծի բացասական կողմեր նշել էինք շուրջօրյա եւ ժամանակացույցով ջուր ստացողների, սոցիալապես ապահովների եւ անապահովների համահարթեցումը, ջրավարձերի ներումը ջրաչափերի տեղադրմամբ, ինչպես նաեւ հետագա կանոնավոր ջրամատակարարմամբ եւ վճարումներով չպայմանավորելը։ Եվ ահա երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք, որ առաջին ընթերցմամբ ընդունված եւ առաջիկա եռօրյայում ներկայացվելիք օրինագծում մեր քննադատական դիտողությունները հաշվի են առնվել։
Առաջինըՙ տարանջատվել է շուրջօրյա եւ ժամանակացույցով ջուր ստացողների համար նվազագույն վճարումների շեմը, որն անհրաժեշտ է 2000, 2001 եւ 2002 թթ. ջրավարձերը ներելու համար։ Դրա համար շուրջօրյա ջրամատակարարում ունեցողները պետք է վճարած լինեն ջրավարձի առնվազն 50 տոկոսը, ժամանակացույցով ունեցողներըՙ 30 տոկոսը։ Եթե վճարված է դրանից ցածր կամ ընդհանրապես վճարված չէ, ապա հնարավորություն է տրվում վճարել եւ օգտվել ջրավարձերի մնացած մասը վճարելուց ազատվելու արտոնությունից։
Երկրորդըՙ տարանջատվել են նաեւ սոցիալապես ապահովները եւ անապահովները։ Մասնավորապես վերջիններս վերոնշյալ տարիներին սպառած ջրի դիմաց վճարումներից կազատվեն, եթե վճարեն շուրջօրյա ջրամատակարարման դեպքում ամբողջ գումարի 30 տոկոսը, ժամանակացույցովի դեպքումՙ 15 տոկոսը։ Նշված բոլոր շեմերից բարձր կատարված վճարումները կհամարվեն գերավճարներ։
Եվ վերջապես, երրորդ հիմնական հանգամանքը, որ շեշտել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։ Պարտքերի դուրս գրելը պայմանավորվում է ջրաչափի տեղադրմամբ եւ հետագա կանոնավոր վճարումներով։ Օրենքի ընդունումից հետո այդ մասին պայմանագիր կկնքվի բաժանորդների հետ։ Ընդ որում, Գագիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ, դարձյալ մեր քննադատությունը նկատի ունենալով, ջրաչափերի տեղադրման բավականին ճկուն մեխանիզմ է մշակվել։ Առաջարկվելու են բազմաթիվ տարբերակներ։ Օրինակՙ բնակիչը կարող է տեղադրել ջրաչափն իր հաշվինՙ արժեքի մի մասը վճարելով անմիջապես, մյուսըՙ 6 ամսվա ընթացքում։ Սոցիալապես անապահովների համար կա ե՛ւ 2,5 տարվա, ե՛ւ 5 տարվա ընթացքում վճարման ժամկետ։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը դարձյալ կարեւորեց ինչպես ջրաչափերի տեղադրման, այնպես էլ ջրամատակարարման, աղբահանման եւ այլՙ բազմաբնակարան շենքերի համար ընդհանուր հարցերում համատիրությունների դերը։ «Եթե բնակիչները չցանկանան եւ չմասնակցեն իրենց խնդիրների լուծմանը, ապա ոչ մի նախարար կամ կառավարություն դրանք չի լուծի», ընդգծեց Գագիկ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, մարդիկ իրենք պետք է որոշեն, թե որքան է շենքի ջրամատակարարման, աղբահանման, տանիքի, աստիճանավանդակի վերանորոգման գինը, ընտրեն լիազոր, որը կզբաղվի այդ բոլոր խնդիրներով։ Այդ դեպքում արդեն բնակիչների խնդիրը չէ շենքում վճարող-չվճարողների եւ այլ հարցերը։ Նրանք վճարելու են համատիրությանը, որն էլ զբաղվելու է դրանց կարգավորմամբ։ Ի պատասխան մեր հարցի, թե հնարավոր չէ՞ այդ գործառույթները մասնավորին հանձնելը, ջրային տնտեսության կոմիտեի պետը դրական պատասխանեց, ասելով, որ եթե համատիրությունը կատարվելիք ծախսերը հաշվարկելուց հետո որոշի կառավարումը հանձնել մասնավորին, դա կլինի լավագույն տարբերակը։
Մեր հանդիպման ժամանակ Գագիկ Մարտիրոսյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց վերջին 3¬4 շաբաթվա ընթացքում ի հայտ եկած ջրավարձերի վճարման նվազման երեւույթին։ Փաստորեն, հասարակության մեջ թյուրըմբռնում կա։ Անցյալ տարիների պարտքերի ներումն ամենեւին էլ չի նշանակում, որ ընթացիկ գումարները չպետք է վճարվեն։ Ավելինՙ ընթացիկ վճարումներն ուղղակիորեն կապված են պարտքի զիջման հետ։ Եթե դրանք չեն վճարվում, ապա հետագայում պարտադրված կլինեն ե՛ւ հին պարտքերը վճարել, ե՛ւ նորը։ Այսինքնՙ եթե քաղաքացին վճարի ընթացիկ գումարը, հետագայում չի ընկնի ծանր բեռան տակ։ Երկրորդՙ ջրային տնտեսության համակարգն էլ ավելի չի քայքայվի, ինչը դարձյալ բաժանորդի շահերից է բխում։ Բոլոր դեպքերում ընթացիկ վճարումները, Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ, նախապայման են լինելու պարտքերի դուրսգրման համար։ Ստեղծված վիճակի առնչությամբ, թերեւս, դժվար է չհամաձայնել ընթացիկ վճարները կատարելու անհրաժեշտության հետ։ Ի վերջո, ցանկացած քիչ թե շատ նորմալ տրամաբանություն ունեցող բնակիչ կհասկանա, որ ցանկացած դեպքում վճարած գումարը չի կորչելու։ Օրենքի ընդունումից հետո, այն, եթե գերազանցում է հիշատակված նվազագույն շեմերը, կհամարվի գերավճար։ Եթե կլրացնի այդ շեմը, այդ դեպքում էլ կներվի մնացած ամիսների պարտքը։ Այնպես որ, կարիք չկա ինքներս մեզ վնասենք։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ