«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2002-10-25 | #195, 2002-10-26 | #196, 2002-10-29


ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ... ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հոկտեմբերի 27-ի գործի քաղաքականացման ենթատեքստը

Լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի անագորույն ոճրագործության 3-րդ տարին։ Նույն օրվա երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլոր սեղան էրՙ նվիրված հոկտեմբերի 27-ի գործով դատավարության ընթացքին։ Մասնակցում էին ԱԺ պատգամավոր, գործով տուժող Հերմինե Նաղդալյանը, տրանսպորտի եւ կապի նախարար, գործով մյուս տուժող Անդրանիկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Հենց վերջինս էլ արտահայտեց մի շարք միանգամայն վիճելի ու առնվազն ինձ համար կատարելապես անընդունելի տեսակետներ, որոնց չեմ կարող չանդրադառնալ։

1. Ըստ պրն Բազեյանի, «1999-ին կատարվածը պետական հեղաշրջում էր, որի նպատակը երկրում մեկ անձի բացարձակ իշխանության հաստատումն էր», եւ քանի որ «այդ նպատակն արդեն կատարված է», ապա դա նշանակում է, որ «պետական հեղաշրջումն ավարտված է»։

Համաձայն չեմ, քանզի.

ա/ Հոկտեմբերի 27-ին կատարվածը պետական հեղաշրջում չէր, պետական հեղաշրջման փորձ էր, այն էլՙ ձախողված։ Որովհետեւ ցանկացած հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ ուղղված է լինում նախ եւ առաջ պետության ղեկավարի դեմ, միտված է լինում նրան տապալելուն։ Ռոբերտ Քոչարյանն այդ ոճրագործության հետեւանքով չտապալվեց, հետեւաբարՙ դա իրոք ձախողված փորձ էր։

բ/ Հոկտեմբերի 27-ի դավաճանական կրակոցների երիցս նզովյալ հեղինակների նպատակն ամենեւին էլ երկրում «մեկ անձի բացարձակ իշխանության հաստատումը» չէր, դա ակնհայտ է։ Եթե նույնիսկ ընդունենք, որ ոճրագործությունից հետո այդ մեկ անձի, տվյալ դեպքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունն իսկապես հաստատվել էլ է (ինչը նույնպես խիստ թեական պնդում է), ապա այնուամենայնիվ չենք կարող չնկատել, որ այդ իրողությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւա՛նքն է, ոչ թե «նպատակը»։ Նպատակի եւ հետեւանքի այս կարգի «շփոթումը» բացահայտ քաղաքական շահարկում է։

գ/ Նկատի ունենալով, որ ոճրագործության առաջին իսկ ժամերից սկսած եւ մինչեւ այժմ պահպանվող ձգտումը կաՙ հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մեղսակցության կասկածանքով հասնել նախագահի տապալմանը, հեղաշրջման փորձերն ամենեւին ավարտված չե՛ն, շարունակվո՛ւմ են։ Դա սողացո՛ղ հեղաշրջում է, եւ բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար թե անգիտակցաբար տուրք են տալիս այդ մտայնությանը, տվյալ գործընթացի մասնակիցներն են։

2. Պրն Բազեյանը պնդում էր, թե «մինչեւ երկրում իշխանափոխություն չլինիՙ գործը լիովին չի բացահայտվի»։ Դարձյալ կասկածելի պնդում է, որովհետեւ.

ա/ այս կերպ, առանց որեւէ ապացույցի, փորձ է արվում հասարակությանը ներշնչել, թե իբր ներկա իշխանությունները, տվյալ դեպքում նախագահը, ինչ-որ բանով խանգարում է գործի լիովին բացահայտմանը։ Անհամոզի՛չ է։ Նախագահն առնվազն մինչեւ 2000 թվականի մայիս գրեթե կատարելապես մեկուսացված էր, երկրում բացարձակ իշխանությունը պահպանում էին հականախագահական ուժերը։ Եթե ապացուցելու բան լիներՙ այն ժամանակ, տաք հետքերով, կապացուցվեր։

բ/ Իշխանափոխության պարագայում գործի լիովին բացահայտման խոստումը այլ բան չէ, քան հավաստում, որ նոր իշխանությունը, որը ենթադրաբար պետք է կազմված լինի պրն Բազեյանի նման մտածողներից, ամենակոպիտ միջամտություն է կատարելու դատական գործընթացի մեջ եւ դատարանին ու հասարակությանը պարտադրելու է իր արդեն պատրաստի եզրակացությունը ենթադրյալ կազմակերպիչների մասին։ Սա արդար դատավարության համաժողովրդական պահանջի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող կեցվածք է։ Իսկ եթե այդ ենթադրյալ նոր իշխանությունը նման բան չանի եւ, այնուամենայնիվ, որեւէ կազմակերպիչ այդպես էլ չբացահայտվի՞։ Չէ՞ որ նույնիսկ պրն Բազեյանը խնդրո առարկա կլոր սեղանի ժամանակ չէր բացառում այդ հնարավորությունը, թեկուզեւ այդ մասին խոսեց հպանցիկ։ Ա՞յդ դեպքում ինչ է լինելու։ Ռոբերտ Քոչարյանից ներողություն են խնդրելու եւ նորից հե՞տ են բերելու։ Իսկ միգուցե ճշմարտությունն այն է, որ գործի լիովին բացահայտման մասին մշուշապատ խոստումներն ընդամենը ծխածածկույթ են, որի հեղինակներին ամենից ավելի հետաքրքրում է ո՛չ թե այն հարցը, թե ո՞վ է ոճրագործության իրական կազմակերպիչը, այլ այն, թե որքանո՞վ կհաջողվի մեղքը բարդել ներկա նախագահի վրա եւ հասնել նրա տապալմանը։

3. Պրն Բազեյանը պնդում էր, թե մենք «անկախ դատական համակարգ չունենք», դրանով իսկ բացահայտ ակնարկելով, թե հոկտեմբերի 27-ի գործով ընթացող դատավարությունը «ֆարս է» (իր բառն է), այսինքնՙ դատարանը, Սամվել Ուզունյանի գլխավորությամբ, քաղաքական պատվեր է կատարում, ազնիվ չէ, կաշկանդված է։ Դատարանի նկատմամբ նման անվստահության ապացույց չբերելով այդպիսի հրապարակային հայտարարություն կատարելն առնվազն վիրավորանք է, որն իրենց թույլ չտվեցին նույնիսկ զոհվածների այրիներն ու հարազատները հոկտեմբերի 24-ին ժուռնալիստի տանը տված մամլո ասուլիսում։ Հետեւաբար, պրն Բազեյանը կամա-ակամա ջուր է լցնում այն ուժերի ջրաղացին, ովքեր ոճրագործության առաջին իսկ ժամերից սկսած մինչեւ հիմա փորձում էին ու փորձում են զոհվածների հարազատների կորստի անչափելի կսկիծը ծառայեցնել Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծելու, նրան ասպարեզից հեռացնելու եւ քաղաքական իշխանության հասնելու անբարո նպատակին։

4. Պարոն Բազեյանը, տիկին Նաղդալյանը եւ պրն Մանուկյանը, ինչպես նաեւ գրեթե մյուս բոլոր տուժողները եւ հասարակության մի զգալի մասը ելնում են այն կանխադրույթից, որ ոճրագործների թիկունքում անվերապահորեն կազմակերպիչներ կան։ Ըստ պրն Բազեյանի անթաքույց ակնարկներիՙ այդ կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, ըստ պրն Մանուկյանի խոր համոզմանՙ Քոչարյանը չէ՛։ Ավելին, տրանսպորտի եւ կապի նախարարը, որը հրաշքով կենդանի մնաց եւ իր իսկ հավաստմամբՙ զոհվածներից հետո ամենից ավելի շատ տուժածն է, գտնում էր, որ «եթե նախաքննությունը ենթադրյալ կազմակերպիչների մասին եղած 10-ից ավելի վարկածներով զբաղվեր նույնքան ջանադրորեն, որքան զբաղվել էր միայն մեկ վարկածով» (դեպի Ռոբերտ Քոչարյանը տանող հետք որոնելով), ապա «հանցագործությունը վաղուց բացահայտված կլիներ»։ Լիովին համաձայն եմ Անդրանիկ Մանուկյանի դիտարկմանը։ «Ազգի» իմ նախորդ հրապարակումներում բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող կանգնած լինել ոճրագործության կազմակերպիչների թիկունքում։ Բոլոր նրանք, այդ թվում նաեւ պրն Բազեյանը, ովքեր ներկա նախագահին մեղադրում են իբր թե ոճրագործներին հովանավորելու, նրանց կյանքի երաշխիքներ տալու մեջ, չեն նկատում մի տարրական բանՙ դրանով իսկ ապացուցում են Ռոբերտ Քոչարյանի անմեղությունը։ Որովհետեւ եթե Քոչարյանը ոճրագործության կազմակերպիչ լիներ, ապա ամենից ավելի ի՛նքը պիտի շահագրգռված լիներ, որ դատավարությունն ավարտվեր որքան կարելի է շուտ, մահվան դատավճիռ կայացվեր եւ անհապաղ ի կատար ածվեր։ Եթե Քոչարյանը դրան «խանգարում» է, ապա հասկանալի է, որ նա ոճրագործների հնարավոր «խոսելուց» վախենալու բան չունի։ Նրանք, ովքեր կարծում են, թե մահվան դատավճռի դեպքում ոճրագործները «կերգեն» (որքան հիշում եմՙ Վիկտոր Դալլաքյանի արտահայտությունն է), սխալվում են, քանզի այդպիսի դատավճռից հետո այլեւս ոչ մեկի «երգը» լսող չի լինի, հարցը կփակվի։ Մեկընդմի՛շտ։

Եվ վերջինը. այնպիսի համընդհանուր աղետ, ինչպիսին հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, պետք է համախմբող ազդեցություն ունենար մեր հասարակության վրա, եւ այդ համախմբումը պետք է կատարվեր առաջին հերթին հենց նախագահի՛ շուրջ։ Մենք այդ տեսանք ե՛ւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգության, ե՛ւ մի քանի օր առաջվաՙ հոկտեմբերի 23-ի Մոսկվայի ողբերգությանՙ աշխարհը ցնցած դեպքերի համապատկերում։ Թե՛ ամերիկյան ժողովուրդը, թե՛ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը համախմբվեց իրենց նախագահների շուրջ, մի կողմ դնելով հատվածական շահագրգռություններն ու քաղաքական տարաձայնությունները։ Մեզանում արդեն երեք երկար ու ձիգ տարիՙ հակառա՛կն է տեղի ունենում։ Որովհետեւ շատ հնարավոր էՙ մեր ցեցը... մե՛ր մեջ է։ Կազմակերպիչները մե՛ր մեջ են, որ արել ու անում են հնարավոր ամեն ինչՙ մեղքը նախագահի վրա գցելով կասկածն իրենցից հեռացնելու համար։ Ըստ իսՙ սա՛ է հոկտեմբերի 27-ի գործի քաղաքականացման ենթատեքստը։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4