Բաքվում Ռուսաստանի դեսպան Ռյաբովը երախտագիտություն է հայտնում Ադրբեջանի իշխանություններին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաքվում Ասլան Մասխադովի «դեսպան» Ալի Ասաեւն ուրբաթ օրը «Զերկալո» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Մոսկվայի գործողությունները չեմ կարող անվանել ահաբեկչություն»։ Իրենց հերթին, արեւմտյան եւ ամերիկյան լրատվամիջոցները կարծես թե ափսոսում են Մոսկվայի Թատերական կենտրոնի ողբերգությունը որակել ահաբեկչական գործողություն, չեչեն ահաբեկիչների համար օգտագործվում են «rebel»ՙ ապստամբ բառը։ Հավանաբար, մինչեւ այս հրապարակումը հասնի ընթերցողին, անմեղ զոհերի թիվը, գուցե գերազանցի 200-ը։ Եթե «հումանիստ» ֆրանսիացիների եւ ամերիկացիների համար Բարաեւը, Բասաեւը, Մասխադովը, մյուս չեչեն դաշտային հրամանատարներն ապստամբներ են, ապա «արյունախում» ռուսները նույն հաջողությամբ Ուսամա բեն Լադենին կարող են անվանել «freedom fighter»ՙ ազատամարտիկ։
Հոկտեմբերի 23¬26-ը, երբ չեչեն ահաբեկիչները Թատերական կենտրոնում պատանդ էին պահում մոտ 1000 «հանդիսատեսի», Բաքվից անխափան գործում էր Ադրբեջանում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչության կամ «դեսպանատան» կապը չեչենների պարագլուխների հետ։ Շաբաթ օրվա համարում այս մասին ուշագրավ տեղեկություններ են հաղորդել «Զերկալոն» եւ ANS հեռուստաընկերությունը։ Ասլան Մասխադովի ներկայացուցիչ Ալի Ասաեւը կապվում է Աբու Սաիդի հետ, որը «թատերական գործողությունների» ընթացքում երկրորդ դեմքն էր Մովսար Բարաեւից հետո, տեղեկացնում, որ պատանդների մեջ հինգն ադրբեջանցիներ են։ Կարճ ժամանակ անց հինգ ադրբեջանցիներն ազատ են արձակվում։
Ահաբեկչությունը, ողբերգությունը, ինչպես սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի եւ Վաշինգտոնի դեպքերն էին, ազգություն, սահմաններ չեն ճանաչում։ Մոսկվայի դեպքերը եւս։
Այստեղ ուշագրավը չեչեն ահաբեկիչների (ովքեր «Զերկալոյում» մի քանի անգամ կրկնում են ահաբեկչության իրական կազմակերպիչների անուններըՙ Մասխադով, Բասաեւ) հոգատար վերաբերմունքն է ադրբեջանցիների նկատմամբ։
Անշուշտ, նորություն չէ Ադրբեջանի իշխանությունների, ադրբեջանցիների սրտացավ վերաբերմունքը չեչեն մարդասպանների նկատմամբ։ Նույն Բասաեւը դեռ 1990-ական թթ. մոջահեդների գլխավորությամբ կռվում էր ղարաբաղյան ուժերի դեմ, հենց Ղարաբաղում չեչեն ահաբեկիչը կրեց առաջին պարտությունըՙ ավազակախմբի հետ ճողոպրելով Չեչնիա։ Նորություն չէ, որ ե՛ւ ռուս-չեչենական առաջին, ե՛ւ երկրորդ պատերազմում վիրավորված չեչենները հիմնականում բուժվել են Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Չեչեն ահաբեկիչներն Ադրբեջանում ապաքինվում են առողջապահության նախարար Ալի Ինսանովի գիտությամբՙ վճարովի հիմունքներով։ Չեչնիայում ռուսական դաշնային ուժերի դեմ կռվող օտարերկրացի վարձկաններն օգտագործում են Ադրբեջանի տարածքը։ Ի վերջո, Ադրբեջանում, ինչպես նաեւ մի շարք պետություններումՙ Թուրքիա, Վրաստան, ԱՄՆ, Լատվիա, անխափան գործում են չեչենական «դեսպանատներ»ՙ ինչ-ինչ բարեգործական կազմակերպության անվան տակ։
Հոկտեմբերի 26-ին Հեյդար Ալիեւը հարմար գտավ փակել ահաբեկիչների դեսպանատունը։ Առայժմ տեղեկություններ չկան Մասխադովի ներկայացուցիչ Ալի Ասաեւի մասին։ Փոխարենը, Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովն անմիջապես արձագանքել է չեչենական «դեսպանատան» փակման փաստինՙ իր երախտագիտությո՜ւնը հայտնելով Ադրբեջանի իշխանություններին։
Անցյալ տարի, երբ Հեյդար Ալիեւը ցուցադրաբար մի քանի չեչեն ահաբեկիչների հանձնեց Մոսկվային, ահաբեկիչ Շամիլ Բասաեւն իր ադրբեջանցի կոլեգային նամակ-հորդոր ուղղեցՙ Ալիեւին մեղադրելով մահմեդականին ոչ վայել պահվածքի համար։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Ասլան Մասխադովը Բաքվի «դեսպանատունը» փակելու փաստին։ Հիշեցնենք, որ 1997 թ. հուլիսի 1-ին Բաքվում Ասլան Մասխադովն առաջին անգամ պաշտոնապես ընդունվեց այլ պետության ղեկավարի կողմից։ Արդեն նույն թվականի հուլիսի կեսերինՙ Բաքու կատարելիք Մասխադովի երկրորդ այցի շեմին, Ալիեւը թույլ տվեց «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցչության գործունեությունը։ Երկրորդ այցի ընթացքում Բաքուն եւ Գրոզնին ստորագրեցին «Բարեկամության եւ համագործակցության միջպետական պայմանագիր»։
Ասլան Մասխադովիՙ Մոսկվայի «թատերական ողբերգության» կազմակերպչի երկրորդ պաշտոնական այցը Թբիլիսի 1997 թ. օգոստոսին էր։ Էդուարդ Շեւարդնաձեն նրան ընդունեց ամենաբարձր մակարդակով։ Կարճ ժամանակ անց Չեչնիան «դեսպանատուն» բացեց Թբիլիսիում, որը գործում է մինչեւ այսօր։ Տողերիս հեղինակը «պատիվ» է ունեցել հարցազրույց վարել Վրաստանում Չեչնիայի դեսպան Հիզրի Ալդամովի հետՙ 2000 թ. գարնանը։ Երբ այդ հարցազրույցը տպագրվեց «Ազգում», ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը մի նամակ ուղարկեց խմբագրությունՙ տողերիս հեղինակին մեղադրելով... համարյա հայ-ռուսական հարաբերություններին մահացու հարված հասցնելու մեջ։
Հեյդար Ալիեւին սիրե՛ք, պարոնայք ռուս դիվանագետներ։