«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2002-10-26 | #196, 2002-10-29 | #197, 2002-10-30


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Վեդիում ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտաշատի պահածոների գործարանի առջեւ կանգնած մեքենաների մեկի վարորդը, որն, ինչպես եւ մյուսները, իր հողամասից ստացած լոլիկի բերքն էր հանձնելու մթերման, մեր զրույցի ժամանակ իր գոհունակությունը հայտնեց ձեռնարկությունից։ Այստեղ այս տարի լոլիկի 1 կիլոգրամն ընդունում էին 29 դրամով, որը նախորդ տարվանից բարձր է 4 դրամով։ Երեկ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց նաեւ այս ձեռնարկություն։ Սակայն, մինչ այդ նա Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու հիմնարկեքին, որտեղ տեղադրեց եկեղեցու անկյունաքարերից մեկը։ Այնուհետեւ Երեւանից ժամանած պաշտոնյաների եւ մարզի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ավարտից հետո էլ նախագահը մեկնեց Արտաշատի պահածոների գործարան։

Գործարանի տնօրեն Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ձեռնարկության ներկա կացությունը, ընդգծեց, որ արտադրության ծավալները վերջին տարիներին ավելանում են տարեկան 50 տոկոսով, արտադրանքի 97 տոկոսն արտահանվում է, տեսականին ընդլայնվել է մի քանի տարի առաջվա համեմատ։ Այն ժամանակ արտադրվում էր 3, այժմ 25 տեսակի արտադրանքՙ տոմատի մածուկ (որը հիմնական արտադրանքն է), հյութեր, խտանյութեր, մարինատ, մուրաբա եւ այլն։ Ձեռնարկությունում աշխատում է շուրջ 300 մարդՙ 37 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մթերման ծավալները գրեթե հասել են խորհրդային շրջանինՙ տարեկան 30 հազար տոննա։ Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ գործարանի աշխատանքը կտրուկ վերելք ապրեց 1999 թ.-ից հետո, շնորհիվ «Լինսի» հիմնադրամի, «Անդրե գրուպի», Համաշխարհային բանկիՙ գյուղմթերքների վերամշակման ծրագրի աջակցության, ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) մարկետինգի աջակցության ծրագրի ֆինանսական եւ այլ տեսակի օժանդակության։ Արտաշատի պահածոների գործարանի տնօրենի հետ շուրջ մեկ ամիս առաջ ունեցած հարցազրույցում մանրամասն անդրադարձել էինք ձեռնարկության գործունեությանը, ուստի վերոնշյալով սահմանափակվենք։

Ռոբերտ Քոչարյանի այցելության հաջորդ վայրը Վեդի քաղաքն էր, որի բնակիչները դուրս էին եկել փողոցներ Բերքի տոնի հանդիսություններին մասնակցելու։ Նախագահի գլխավորած պատվիրակության անդամները շրջեցին Արարատյան դաշտի բերք ու բարիքով բեռնված սեղանների շուրջ, եղան գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսում։

Դրանից հետո նախագահական շարասյունն ուղեւորվեց ոգելից խմիչքներ արտադրող մեր առաջատար ընկերությանՙ «Վեդի ալկոյի» ձեռնարկություններից մեկըՙ Վեդու գինու գործարան։ Ընկերության նախագահ Մանվել Ղազարյանից տեղեկացանք, որ տարեցտարի ավելանում են արտադրության ծավալները։ Այս տարի շուրջ 20¬30 տոկոսով ավելացել է արտահանումը, ինչպես նաեւ սպառումը ներքին շուկայում։ «Վեդի ալկոն» տարեկան արտադրում է 1 մլն շիշ գինի, 8 մլն շիշ օղի եւ կոնյակի սպիրտ։ Ընկերության նախագահի հավաստմամբ, տարեկան շուրջ 1 մլրդ դրամի հարկեր է վճարվում։ Ընկերության 4 ձեռնարկություններում աշխատում է 700 մարդ։ Նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամ է։ Հազարավոր գյուղացիական տնտեսություններ գործընկերային հարաբերություններ ունեն «Վեդի ալկոյի» հետ։ Մանվել Ղազարյանից տեղեկացանք նաեւ, որ ընկերության նոր ձեռնարկությունը զբաղվելու է ծաղկաբուծությամբ (վարդ, շուշան)։ Ծրագրեր կան աճեցված ծաղիկներն արտահանելու։ Վեդու գինու գործարանը Ռոբերտ Քոչարյանի երեկվա այցելության վերջին հանգրվանն էր, որից հետո նա իր տպավորությունները հայտնեց լրագրողներին։

Նախագահը նախ անդրադարձավ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը։ Նշելով, որ մարզում ակնհայտ առաջընթաց կա, նա տեղեկացրեց, որ քննարկվել են վերամշակման ճյուղի, աշխատատեղերի ստեղծման հարցերը, մասնավորապես Արտաշատ, Վեդի, Արարատ եւ Մասիս քաղաքներում։ Ստեղծված աշխատատեղերի թիվն այս տարի կազմել է 1300¬1400, առանց գյուղատնտեսության մեջ ներգրավվածների։ Մարզի հիմնական խնդիրը ջրամատակարարումն է։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ջրամատակարարման նոր ներքին ցանց է կառուցվելու վերոնշյալ 4 բնակավայրերում։ Ծրագիրը սկսվելու է 2004 թ.-ին։

Գյուղմթերքների վերաշմակման ճյուղին անդրադառնալով, նախագահն առանձնացրեց, որ այս ճյուղի ձեռնարկություններն առաջին անգամ բերքատվության աճի պայմաններում հումքի պակաս են ունեցել։ Մթերումների գներն են բարձրացել։ Այս ոլորտում, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, խնդիր չունենք։ Նա նաեւ վերստին ընդգծեց, որ Հայաստանն ունի հնարավորություն կայուն զարգացող երկիր դառնալու։

«Ինչո՞ւ նախագահի այցելության ծրագրում ընդգրկված չէին մարզի մյուս խոշոր բնակավայրեր Արարատ եւ Մասիս քաղաքները» հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ պատճառը ժամանակի սղությունն էր, եւ ասաց, որ հաջորդ այցելության շրջանակներում կընդգրկվեն ե՛ւ Մասիսը, ե՛ւ Արարատը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4