Ադրբեջանցի դիվանագետները նախքան Մոսկվայի Թատերական կենտրոնի գրավումը իմացել են չեչեն ահաբեկիչների բջջային հեռախոսահամարները
Ազդեցիկ «Վաշինգտոն փոստը» հոկտեմբերի 28-ի համարում գրում է, որ Մոսկվայի Թատերական կենտրոնը գրաված չեչեն «ապստամբների» պարագլուխ Մովսար Բարաեւը վերջին հեռախոսազրույցն ունեցել է ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Ամերիկացի դիվանագետը Բաքվում «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցիչ Ալի Ասաեւի օգնությամբ կապվել է Բարաեւի հետՙ նպատակ ունենալով պատանդությունից փրկել ամերիկացի քաղաքացու կյանքը։ Զրույցի պահին ռուսական հատուկ ստորաբաժանումներն սկսում են գրոհը։
Հոկտեմբերի 29-ի համարում նույն «Վաշինգտոն փոստը» գրում է, որ ռուսական հատուկ ստորաբաժանումների գրոհի ընթացքում սպանվել է Օկլահոմայի բնակիչ, 49-ամյա Սենդի Ալան Բուքերը։ Ըստ վաշինգտոնյան թերթի, «չեչեններն անընդհատ կապ են պահպանել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դավանակիցների հետ»։ «Անցյալ շաբաթ Մոսկվայի ճնշման տակ Ադրբեջանը փակեց չեչենական գրասենյակը», գրում է «Վաշինգտոն փոստը»։
Իր երեկվա համարում ռուսական «Նեզավիսիմայա գազետան» նկատում է, որ ԱՊՀ մի շարք պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ ծանոթ են եղել եւ նախկինում ճանաչել են Թատերական կենտրոնը գրաված չեչեն ահաբեկիչներին։ Ըստ թերթի, առաջինը չեչեն ահաբեկիչների հետ պայմանավորվել են վրացի դիվանագետները եւ փորձել ազատել ազգությամբ վրացի պատանդներին։ Ադրբեջանցի դիվանագետները, նախքան Թատերական կենտրոնի գրավումը, իմացել են չեչեն ահաբեկիչների բջջային հեռախոսահամարները։ Ահաբեկիչ Մովսար Բարաեւի հետ կապի մեջ են եղել Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռզաեւը, Ռուսաստանում «Ադրբեջանական ավիաուղիների» գլխավոր ներկայացուցիչ Էլդար Հաջիեւը, վերջինիս կինըՙ Զարիֆա Գամզաեւան եւ քույրըՙ Նազահեթ Կասիմովան, «Ադրբեջանական ավիաուղիների» աշխատակցուհի Սեւիլ Ալիեւան։ Այս մասին վկայում է Բաքվի իշխանամետ «525 գազեթ» պարբերականը։ Անշուշտ, չեչեն ահաբեկիչների հետ անընդհատ եւ ուղղակի կապի մեջ է եղել Ադրբեջանում արդեն փակված «Իչկերիայի չեչենական հանրապետության» ներկայացուցիչ Ալի Ասաեւը։
Բաքվի «Էխո» թերթն իր երեկվա համարում վկայակոչելով Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աղբյուրները, գրում է, որ բացի Ալի Ասաեւից, չեչեն ահաբեկիչներն ուղղակի կապի մեջ են եղել Ասլան Մասխադովի եւ Շամիլ Բասաեւի, Թուրքիայում գտնվող Զելիմխան Յանդարբիեւի հետ. վերջինս Ջոհար Դուդաեւի օրոք եղել է Չեչնիայի փոխնախագահ։
Ընդհանրապես, ադրբեջանական մամուլն իր էջերում ընդարձակ տեղ է հատկացնում Մոսկվայի դեպքերին, ընդսմին ակնհայտ բարյացակամ վերաբերմունք արտահայտելով չեչեն ահաբեկիչների նկատմամբ։ Եթե պաշտոնական Բաքուն եւ ադրբեջանական մամուլը չեն թաքցնում համակրանքը չեչեն ահաբեկիչների նկատմամբ, ապա Ադրբեջանում հավատարմագրված ռուս դիվանագետները չեն թաքցնում համակրանքը Հեյդար Ալիեւի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը, ինչպես տեղեկացրել է Բաքվում ՌԴ դեսպան Նիկոլայ Ռյաբովը, փակել է չեչենական ներկայացուցչությունը, որն, ի դեպ, անխափան գործում է 1997 թ. հուլիսից։ Դեսպան Ռյաբովը, հատուկ երախտագիտություն հայտնելով Հեյդար Ալիեւին, նշել է, որ «Ալի Ասաեւի հաշիվները պետք է պարզել»։
«Զերկալո» թերթը կապվել է արդեն չեչենական ներկայացուցչության մամլո ծառայության հետ եւ պարզել, որ «չեչենական կողմը դժգոհ է ադրբեջանական իշխանությունների որոշումից»։
Հոկտեմբերի 28-ին Բաքվի մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Իչկերիայի չեչենական հանրապետության» նախագահ Ասլան Մասխադովի հատուկ հանձնարարություններով դեսպան Ալլա Դուդաեւայի (Ջոհար Դուդաեւի այրին) եւ Ադրբեջանում չեչենական սփյուռքի նախագահ Մարիբեկ Թարամովի հանդիպումը լրագրողների հետ։ «Հուսով ենք, որ չեչենական ներկայացուցչության փակումը ժամանակավոր է», ասել է Թարամովը։ Տկն Դուդաեւան պնդել է, որ չեչեն «մահապարտ» «տղաներն ու աղջիկները» չեն կապվել Մասխադովի հետ, Չեչնիայի նախագահը տեղյակ չի եղել նրանց «հուսահատ քայլին»։
Դեռեւս շարունակվում է անհայտ մնալ Մոսկվայի ահաբեկչությանն օժանդակելու մեջ կասկածվող եւ ձերբակալված երկու ադրբեջանցիների ճակատագիրը։ Առաջինի անունը չի նշվում, երկրորդը Բաքվի «Լիդեր» հեռուստաընկերության թղթակիցն է։
Տեղեկացնենք, որ Չեչնիան ներկայացուցիչներ ունի տասը պետություններումՙ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, ԱՄՆ, Լեհաստան, Դանիա, Նորվեգիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա։ Մոսկվայի Թատերական կենտրոնի ահաբեկչությունից հետո միայն Հեյդար Ալիեւը հարմար գտավ փակել Բաքվի չեչենական ներկայացուցչությունը։
Անկասկած, Ալիեւը Բաքվի չեչեն ահաբեկիչների որջը փակել է ոչ թե միջազգային ահաբեկչությունն արմատախիլ անելու, այլ Մոսկվայից քաղաքական հավելյալ դիվիդենտներ ստանալու նպատակներով։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ