Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում հայկական գաղութները ստվարանում են, հայկական նոր կառույցներ են ստեղծվում, հայերը ելքեր են որոնում իրենց տեղը հաստատելու, հիմնավորվելու, գործունեություն ծավալելու։
Այս երկիրը դրա հնարավորությունը չի՞ տալիս, չգիտեմ, մեկնողները մեկնում են, մնացողները ելքեր այստեղ են փորձում գտնել, որոշ մտավորականներ, օրինակ, առաջարկում են համազգային ներգաղթ կազմակերպել եւ այլն։ Իսկ իմ զրուցակիցըՙ Լոս Անջելեսում լույս տեսնող «Արմինյն օբզերվր» անգլիատառ շաբաթաթերթի տնօրեն եւ խմբագիր, քաղաքային քոլեջի դասախոս, պրոֆ. Օշին Քեշիշյանը գտնում է, որ Հայաստանից վերջին տարիների արտագաղթն, «ի հեճուկս Հայաստանի», Կալիֆոռնիայում մշակութային կյանքի համար շատ նպաստաբեր է եղելՙ աշխուժացնելով հայկական համայնքը։ Հայաստանցիների նոր ալիքն իր բարերար ազդեցությունն է թողել գաղութաբնակների հայերենախոսության վրա, այստեղ է թափանցել բուն հայկական մշակույթը։ Օշին Քեշիշյանն այն կարծիքին է, որ «եթե Հայաստանեն արտագաղթ չըլլար Գլենդեյլ կամ ընդհանրապես Կալիֆոռնիա, մեր համայնքը ուծանալու ճանապարհին էր»։
Այսօր հայությունն Ամերիկայում ավելի շատ կենտրոնացած է (շուրջ 500.000 հայ) Լոս Անջելեսում, Գլենդեյլում, Փասադենայում, Սան Դիեգոյի շրջանում։ Նրանց կարելի է բաժանել 3 շերտերիՙ Ամերիկայում ծնվածներ, Իրանից, Միջին Արեւելքից, Եգիպտոսից, Հունաստանից վաղուց ներգաղթածներ եւ Հայաստանից վերջին շրջանում արտագաղթածներ։ Այս պարագայում մեզ ավելի հետաքրքրում է վերջին շերտի վիճակը, նրանց մերվելը գաղութային կյանքին եւ ընդհանրապես երկրին։ Ըստ իմ զրուցակցի, Կալիֆոռնիայի հայ գաղութի կյանքը նկատելիորեն փոխվել է հայաստանցիների ներհոսքով, հատկապես մշակութային կյանքը։ Այս ոլորտում նրանք ավելի ակտիվ են եւ հաջողություններ են գրանցել։
¬ Հայաստանցիներու ձեռքն են մշակութային ձեռնարկները։ 5¬6 երաժշտական դպրոցներ կան, որոնք հայաստանցի երաժիշտներու կողմե ստեղծված են եւ կղեկավարվին։ Նկարչական դպրոցներ կան այժմ, անանկ բան նախապես չէինք ունեցած երբեք։ Ես Թեքեյան մշակութային միության կեդրոնական վարչության անդամ եմ եւ գիտեմ, որ պատեպատ պիտի զարնվիս, որ մեր ձեռնարկներուն 300¬400 հոգի բերես, իսկ հայաստանցիներու որեւէ դասախոսության, համերգի 1000 հոգի կերթան։
Սա, իհարկե, կարծում ենք, չպետք է տարանջատում առաջացնի այս շերտերի մեջ։ Բայց հոգեբանական, մտածողության տարբերություններից առաջանում են ոչ ցանկալի անջրպետը եւ միմյանցից օտարվելը. «Մեկը մյուսին կըսեՙ ի՞նչ կա եղբայր, այդ ձեռնարկը հայաստանցիները կկազմակերպեն, ինչո՞ւ կերթաս»։
Հայաստանցիների համար հաստատ ամեն բան չէ, որ լավ է Ատլանտյանից այն կողմ փռված երկրի փայլուն գունագեղության ափերում։ Եվ շատերը պատրանքաթափ են լինում։ Նրանք խնդիրներ են ունենում ավելի շատ անգլերենի չիմացության պատճառով։ Ամերիկայում կյանքը դյուրին չէ, եւ շատերի արագ հարստանալու, պերճ կյանք վարելու ձգտումները չեն իրականանում ակնկալվածի պես։ Իհարկե, երիտասարդներն ավելի շուտ են ընտելանում ամերիկյան բարքերին, սովորույթներին եւ «ֆոլկլորին», քան միջին սերունդը։
Իր համալսարանական փորձառությունից եւ շփումներից Օշին Քեշիշյանը նկատել է, որ հատկապես հայաստանցի կանայք եւ աղջիկներն ավելի «հակամետ են ուսումնատենչության», որովհետեւ հասկացել են, որ «Ամերիկայի մեջ առաջանալու բանալին ուսումն է»։ Տղամարդիկ ավելի շատ աշխատում են։ Նոր երկրի օրենքների անգիտության, նաեւ կյանքն արագ վայելելու պատճառով շատ են օրինազանցության դեպքերը։ Լոս Անջելեսի բանտերում գողության, սպանության եւ այլ պատճառներով ավելի քան 4.000 արգելափակված հայեր կան, իհարկե, բոլորը հայաստանցիներ չեն։ Բայց վատն այն է, որ դա ընդունվում է իբրեւ սովորական բան. «Բան մը ըրեր է,¬ կըսեն ու կանցնի», մինչդեռ «45 տարի առաջ, երբ Ամերիկա գացած էի, մեկ հոգի որ բանտարկվեր, համայնքն իրար կանցներ», պատմում է զրուցակիցս եւ ավելացնում. «Մեղադրելի է, անշուշտ, բայց սա կյանքն է»։
Գլենդեյլի բնակչության 40 տոկոսը հայ է, քաղաքապետն ընտրված է եւ հայ է, քաղաքային խորհրդում եւս կան 2 հայեր, ինչպես նաեւ Գլենդեյլի կրթական խորհրդում եւ քոլեջում։ Կնշանակի քաղաքային-քաղաքական կյանքում էլ հայերն առաջադիմում են։ Եվ հնարավոր է, որ առաջիկա ընտրություններին Կալիֆոռնիայի նահանգապետ դառնա նահանգային խորհրդարանի հայ պատգամավոր Չաք Փուչիկյանը։
Տարբեր ժողովուրդների մշակութային խառնարանում ազգային տարրերի զարգացման միտում
Այսօր Ամերիկայում իշխում է տարբեր ժողովուրդների, էթնիկ խմբավորումների մշակույթների, ավանդույթների մեջ ազգային տարրերի զարգացման միտում։ Սովորաբար հակված ենք ամեն ինչի մեջ փնտրել ենթատեքստեր, նպատակներ, ինչ-որ տեղից ղեկավարվող ծրագրեր, այդպե՞ս է արդյոք։
¬ Կխորհիմ, որ նպատակով չըլլար,¬ ասում է պրն Քեշիշյանը։ ¬ Բնական ինքնազարգացման գործընթաց է։ Կալիֆոռնիո մեջ բազմազան ազգերու, էթնիկ ժողովուրդներու գոյակցությունը մեծապես կնպաստե Կալիֆոռնիո զարգացման ընդհանրապես։ Ժամանակին, իհարկե, կուզեին Ամերիկան հալեցման կաթսայի պես բան մը սարքել։ Հիմա ընկերաբանական, մարդաբանական տեսությունն այլ է, այժմ Ամերիկան կնմանի սիմֆոնիկ նվագախմբի մը, ուր ամեն մեկն իր կտորը կնվագե։ Հայ է, մեքսիկ է, լատիշ է, ռուս է, տարբերություն չկա, բոլորի կարիքն ունին, ոչ թե անջատել, այլ հակառակըՙ օգտագործել բոլոր փոքրամասնություններու լավ կողմերըՙ մանավանդ արվեստի կամ լեզվի տեսակետեն։ Օրինակ, հանրային պետական վարժարաններու մեջ 2-րդ կամ 3-րդ լեզու իմացող ուսուցիչները հավելյալ կվարձատրվին։ Երկլեզվյան դասընթացներու մասնավոր ծրագիր կա Կալիֆոռնիո մեջ։ Կնախընտրեն օտար լեզու իմացող ոստիկաններ, հրշեջներ։
Հայ գրողն ամերիկյան գրականության համատեքստում
Ազգային գրականության ատաղձը, ինչ խոսք, լեզուն է։ Հայ գրականությունը ստեղծվում է հայերենով։ Բայց մենք Ամերիկայում ունենք անգլիագիր գրողներ, որոնց թիվը վերջին 15¬20 տարիներին շատանում է։
Նրանք հանրաճանաչ են դարձել իրենց առաջին իսկ գործերով, որոնք, սակայն, մտել են ամերիկյան գրականության մեջ։ Լեւոն¬Զավեն Սյուրմելյան («Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք»), Փիթըր Սուրյան («Դուռը»), Փիթըր Նաջարյան («Ճամփորդություններ», «Հիշողության դուստրերը»), Փիթըր Բալաքյան («Ճակատագրի սեւ շունը»), Քարոլ Էդգարյան («Եփրատի բարձրացումը»), Նենսի Գրիգորյան («Զաբել»), Սթինա Խաչատուրյան («Էֆրոնիա»)։ Այս բոլոր վեպերի առանցքը հիմնականում Ցեղասպանության եւ նրա շուրջ հյուսված պատմություններն են, որոնք գեղարվեստական արձագանքներն են Եղեռնը վերապրողների, իբրեւ նրանց վերհուշի անդրադարձներ։ Այստեղ հիմնականում շոշափվում են հետեղեռնյան հաջորդ սերունդների աստանդական կյանքի, որբության, օտար միջավայրերին ու մշակույթներին իրենց մերվելու, միահյուսվելու բարդ, հոգեբանական հարցերը։
¬ Սարոյանի խոսքերովՙ մարդկային կատակերգություն, երբ այսպիսի տառապանքներե ետք, մենք տակավին կանք։ Հոգեբանության մեջ կըսվի, որ տուժողը չուզեր հիշել, հաջորդ սերունդը կուզե մոռնալ, իսկ երրորդ սերունդըՙ վերհիշել։
Անցյալը վերականգնելու մտադրությամբ այս վեպերը, որ կգրվին Եղեռնի հիշողությամբ, սոսկ արյան կանչ չեն, այլ գիտակցական վերակենդանացում անցյալի եւ հայության։ Ցեղասպանության ճանաչումի հարցին նկատմամբ տարբեր մոտեցում մըն է։ Այս գործերը չգրվիլ չէին կրնար, որովհետեւ իրենց մեջ կեռար ազգային, հայկական ոգին եւ գիտակցությունը։ Այս գործերուն հաջողությունն անոնց գեղարվեստական արժանիքներուն մեջ է։ Այս գրողները ճանչցված են որպես ամերիկացի գրողներ եւ արդեն մտած են ամերիկյան գրականության մեջ։
Հ. Գ. Այս ամենը լավ է, իհարկե, լավ է նաեւ, որ արտագաղթը զորացրել է Կալիֆոռնիայի հայության ազգային ոգին։ Թեեւ զարմանում ես, որ Հայաստանից հեռանալու դեպքում եւ օտար ափերում է հատկապես սկսում ուժգին տրոփել հայության ոգին։
¬ Բայց ո՞ւմ եք թողնում այս երկիրը,¬ հարցնում ենք։
¬ Այստեղ հավերժ մնացողներին,- կլինի արձագանքը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ