«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», երեկ դատարանում ասաց Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակից, ՀՀ նախկին եւ ներկա նախագահների թարգմանիչ, վերջին երկու տարիներին «Փեթակ» առեւտրի կենտրոնում թուրքական ապրանքներ վաճառող Մուրադ Բոջոլյանը։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Բոջոլյանի գործով անցնող հինգ վկաներից ցուցմունք տվեց երկրորդըՙ Իվան Ղուկասովը։ Ղուկասովն ասաց, որ ճանաչում է Մուրադին, Մուրադն էլՙ իրեն։ «Ես ծառայել եմ Անդրկովկասի զինվորական հետախուզությունում։ Բոջոլյանն ինքնակամ, ըստ գաղափարաքաղաքական հայացքների, համաձայնել է համագործակցել։ Նա ռազմական հատուկ պատրաստություն է անցել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Թուրքիայի տարածքում հետախուզություն կատարի։ Նրա պատրաստվածությունը բարձր էր, կարող էր բարձր մակարդակով կատարել առաջադրանքները։ Ես նրան գիտեի 1971¬81 թթ., ապա մեկնել եմ Աֆղանստան, որից հետո Բոջոլյանին չեմ տեսել։ Բոջոլյանը պատրաստված էր, տիրապետում էր կոնսպիրացիայի, հավաքագրման կանոններին, կապի միջոցներին։ Նա ԽՍՀՄ հայրենասեր էր, ռազմական հետախուզությանը նվիրված հետախույզ, նրա հետ մեծ հույսեր էին կապում։ Նա ուներ ծածկանունՙ «Զինդե», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «առույգ», այսպես ներկայացրեց Իվան Ղուկասովը Մուրադ Բոջոլյանին։

«1988 թ.-ին եկա Հայաստան, եղել եմ ՀՀ ԶՈւ հակահետախուզության պետ։ Մուրադին աշխատանքի չեմ հրավիրել։ Այդպե՞ս է Մուրադ», հայացքն ուղղելով ամբաստանյալին, հարցրեց Ղուկասովը։

Մուրադ Բոջոլյանը ձայն չհանեց։

Իր ցուցմունքում Մուրադ Բոջոլյանը խոստովանեց, որ 1971 թ.-ից ընդգրկված է եղել ԽՍՀՄ ռազմական արտաքին հետախուզության կառույցներում։ Այդ քայլին գնացել է կամավորՙ հայրենասիրական նկրտումներով։ «Թեեւ ԽՍՀՄ-ն այնքան էլ չէի սիրում, բայց հասկանում էի, որ պաշտպանելով ԽՍՀՄ շահերըՙ նեցուկ եմ կանգնում Հայաստանին, քանի որ ԽՍՀՄ-ը Հայաստանի նեցուկն էր։ Իմ այդ քայլից տեղյակ չի եղել ոչ ոք, 20 տարի համագործակցել եմ ԽՍՀՄ բանակի գլխավոր հետախուզության հետ», ասաց ամբաստանյալը։

Սակայն Մուրադ Բոջոլյանն իր նախկին ղեկավարիՙ գործով վկա Իվան Ղուկասովի հետ տարակարծիք էր մեկ հարցում. նա դատարանում պնդեց, որ 1993 թ.-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն «ապօրինաբար» ազատել էր ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնից, իրեն է զանգահարել Ղուկասովը եւ առաջարկել շարունակել համագործակցությունը։ Ես, ասաց Բոջոլյանը, խիստ վրդովված պատասխանեցի, որ Աստված գիտի ի՞նչ մեղադրանքով են դուրս շպրտել ԱԳՆ-ից, եւ դուք ինձ նման բան եք առաջարկում։ Խոսակցությունն ընդհատվեց, եւ նրա հետ այլեւս չեմ խոսել։

Մինչդեռ Իվան Ղուկասովն իր ցուցմունքում պնդեց, որ 1988 թ.-ից հետո, երբ ինքն արդեն վերադարձել էր Հայաստան, փորձ չի արել հանդիպել կամ զրուցել Մուրադ Բոջոլյանի հետ, քանի որ վերջինս աշխատում էր ԱԳՆ-ում, ապա եղել է նախագահի թարգմանիչը։ «Իհարկե, ես կարիք ունեի Մուրադի նման մարդկանց», ասաց վկան։

Մուրադ Բոջոլյանն իր ցուցմունքն սկսեցՙ խոսելով 1963 թ.-ի դեպքերից, երբ հոր հետ ընտանիքով վերադարձավ Հայաստան։ Ամեն ինչ ամբաստանյալը պատմում էր մանրամասնորեն, ինչը դուր չեկավ պետական մեղադրող Արամ Ամիրզադյանին, որն ընդհատեց եւ ասաց, թե այդ ամենն ինչ կապ ունի գործի հետ։

Մուրադ Բոջոլյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նկատեց, որ եթե այն, ինչ պատմում է ամբաստանյալը, կապ չունի գործի հետ, ապա ինչո՞ւ են ջրի երես հանվում Բոջոլյանիՙ ԽՍՀՄ ռազմական հետախուզության հետ համագործակցության մանրամասները։ Մեր կողմից պետք է նկատենք, որ գործով անցնող հինգ վկաներըՙ «Հայ-քրդական բարեկամության» ընկերության աշխատակից Ժենյա Ամիրյանը, Իվան Ղուկասովը եւ երեք քրդերըՙ Մուհամադ Կարաման Ռամազանը, Յուսուֆ Հալաֆին եւ Մասուն Ալին այնքան էլ կապ չունեն քրեական այս գործի հետ։ Թուրքիայի նախկին երեք այս քաղաքացիները մեկ կամ մի քանի անգամ Բոջոլյանին հանդիպել են Երեւանի «Քուրդիստան» կոմիտեում, որտեղ Բոջոլյանը հրավիրվում էր թարգմանություններ կատարելուՙ 1 էջի դիմաց ստանալով 2500 դրամ։ Վերոնշյալ քրդերը հարցաքննվել են Հայաստանում 2002 թ.-ի մարտին, նրանց ցուցմունքները կարդաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մուրադ Բոջոլյանն իր ցուցմունքում նշեց, որ իր գիտական գործունեության ընթացքում փորձել է հակահարված տալ թուրք պատմագրության կեղծարարություններին, ակտիվորեն լծվել է Հայոց ցեղասպանության հարցի լուսաբանմանը, նրա թարգմանությամբ 1995 թ. Մոսկվայում լույս է տեսել Թաներ Աքչամի «Թուրքական ազգային ինքնությունը եւ հայկական հարցը» աշխատությունը, գիրքը բաժանվել է ՌԴ պատգամավորներին. այդ թվականի ապրիլին ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մուրադ Բոջոլյանն իր ցուցմունքում անընդհատ հասկացնում էր, որ ինքը հայրենասեր է, պայքարել է ի շահ անկախ Հայաստանի բարօրության։ 1991 եւ 1994 թթ. Հունաստանում մասնակցել է հակաթուրքական ուղղվածության միջազգային գիտաժողովներին։

1991 թ. վերջերին սկսվեցին ՀՀ-ի եւ Թուրքիայի առաջին պաշտոնական շփումները, ինձ հանձնարարվել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան հետ սկսել համապատասխան գործունեություն, ակտիվ ընդգրկվել եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ձեւավորմանը, եղել եմ Թուրքիա մեկնող հայկական առաջին պատվիրակության կազմում, ասաց Մուրադ Բոջոլյանը եւ նշեց, որ Թուրքիայում եղել է բազմաթիվ անգամներ, յուրաքանչյուր անգամ կատարել է իր վերադասի առաջադրանքները, կատարել է բարեխղճորեն։ Ես չեմ թաքցնում, որ կողմնակից եմ եղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը, քանի որ, իմ համոզմամբ, փոքրիկ Հայաստանը չի կարող գոյատեւել շրջափակված թշնամի հարեւաններով, ասաց ամբաստանյալը։ Ապա մանրամասն պատմեց այն մթնոլորտի մասին, որ ձեւավորվել էր ԱԳՆ-ում, իրեն կասկածում էին թուրքասեր եւ թուրքամետ լինելու մեջ։ Աշխատանքից ազատվել է 1993 թ.-ի սեպտեմբերին, իր ասելովՙ ապօրինաբար։ Մահացածների հետեւից չեն խոսում, բայց ես ստիպված եմ անուններ տալ, քանի որ այսօր այստեղ եմ, դատարանում, ասաց Բոջոլյանը։ Նա նշեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գեորգի Ղազինյանի եւ Միջին Արեւելքի բաժնի վարիչ Գենա Հովհաննիսյանի անունները, որոնք ԱԳՆ-ում լուրեր են տարածել, որ ինքը Թուրքիայի նկատմամբ լավ վերաբերմունք ունի, սկսել են կասկածել։ ԱԳՆ-ում աշխատած տարիներին շփվել եմ թուրք լրագրողների հետ։ Որպես թարգմանիչ մասնակցել եմ թուրք լրագրողների եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, այդ թվումՙ առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի հետ։ ԱԳՆ-ում հավանաբար եկան եզրակացության, որ թուրքերը հատուկ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ, եւ հավանաբար ինչ-որ ձեւով կապված եմ թուրքական հատուկ ծառայությունների հետ։ 1993 թ. ամռանը ես զգում էի, որ շատ հարցերում ինձ չեն վստահում, իսկ օգոստոսին, երբ արձակուրդում էի, Գենա Հովհաննիսյանը զանգահարեց եւ հայտնեց, որ նախարար Փափազյանը հրահանգել է դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին, հակառակ դեպքում ինքն ինձ հրամանով կազատի, իմ համար բարդություններ կլինեն, ինձ դատի կտան, ասաց Բոջոլյանը։ Ամբաստանյալը նկատեց, որ իրեն գործից ազատելու հարմար պահ էին փնտրել, քանի որ այդ օրերին Հայաստանում չէին նախագահ Տեր¬Պետրոսյանը եւ Ժիրայր Լիպարիտյանը, «որի հետ համագործակցում էինք Թուրքիայի հարցերով»։ Միայն դիմում գրելուց հետո Փափազյանն ինձ ընդունեց, ասաց, որ ընկերներ ենք, կմնանք ընկերներ, հրաժարվեց որեւէ բացատրություն տալ, թե ինչու են գործից ազատում, ասելով նաեւ, որ ես ամեն ինչ գիտեմ։

Մուրադ Բոջոլյանն իր ցուցմունքը կշարունակի նոյեմբերի 4-ին։

«Ազգի» ունեցած վստահելի տեղեկություններով նախկին արտգործնախարար Փափազյանն ԱԳՆ աշխատակիցների ներկայությամբ ասել է, որ Մուրադ Բոջոլյանը լրտես է։ Կարծում ենք, որ արդարացված կլիներ, եթե դատարանում որպես վկա հանդես գար նաեւ պարոն Փափազյանը, թեեւ Մուրադ Բոջոլյանի նկատմամբ Թուրքիայի օգտին լրտեսելու մեղադրանքը սկիզբ է առնում 1998 թ.-ից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4