«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ԱՆԾԱՆՈԹ ՀԱՅԱՍՏԱՆ

Վլադիմիր Սարոյանի բացիկների հավաքածուն

Ինչպես ես զգում երկիրդ եւ նրա գեղեցկությունները եւ ինչպես է արթնանում սերն առ երկիրդ, որտեղ ապրում ես մի կյանքՙ հավերժություն կամ ակնթարթ եւ կարող է հաճախ չնկատես կողքիդ թեկուզ աննշան թվացող երեւույթների հմայքը, ասենք մի ծառիՙ կարմիր հատապտուղներով, մի կաչաղակի, կամ կիրճի մի անկյունի։ Ապրում ես, կողքով անցնում ու չես նկատում։

Վլադիմիր Սարոյանի լուսանկարչական հայացքն ու զգացողությունն այս առումով անկրկնելի է, իր լուսանկարներում Հայաստանն անզուգական գեղեցկությունների հրաշալիք է։ Մեր լեռնաշխարհն այս լուսապատկերներում բնաշխարհի իր բազմազանությամբ առավել է առինքնողՙ ձնապատ լեռների սառնաշունչ վեհությամբ, լճերի խորհրդավոր լռությամբ, կիրճերի զարմանալի գունագեղությամբ։ Եվ որովհետեւ բառերը երբեմն անհարկի շռայլ են թվում (որոնց հակված ենք մակդիրներ կոչելու) ինքներդ թերթեք Վլ. Սարոյանի «Անծանոթ Հայաստան» բացիկների բավական ինքնատիպ հավաքածուն։ Վստահ եմ, որ այդ անծանոթ համարվող երկիրը կդառնա միանգամից ծանոթ ու նաեւ սիրելի։

Ըստ լուսանկարչի, Հայաստանը գրեթե միշտ ներկայացվել է իբրեւ խաչքարերի, եկեղեցիների ու վանքերի երկիր, իր այս հավաքածուում մեր երկիրը ներկայացված է բնաշխարհային եւ կլիմայական բազմազանությամբ։

Լուսանկարներն արված են բարձր պրոֆեսիոնալիզմով ու ճաշակով, գեղագիտական նուրբ զգացողությամբ։ Բացիկների հավաքածուն գրքույկի տեսքով է ներկայացված (իր տեսակի մեջ առաջինը մեզանում) եւ բովանդակում է Հայաստանի մասին աշխարհագրական, բնակլիմայական բնույթի տվյալներ։ Լուսանկարների մեկնաբանությունները ճանաչողական նշանակություն ունեն։ Այստեղ կգտնեք Հայաստանի լեռների, կիրճերի, անտառների, ալպիական մարգագետինների, կենդանական եւ բուսական աշխարհի մասին հետաքրքրական տեղեկություններ։ Այսպես. «Զանգեզուրի լեռնաշղթան Հայաստանում ամենաբարձրը եւ ամենաերկարն է։ Գագաթների մեծ մասը 3700 մետրից բարձր է։ Լեռնաշղթան հարուստ է բազմաթիվ գեղատեսիլ լճերովՙ Գազանալիճ, Գոգի, Կապուտան եւ այլն։ Բեզոարյան այծերի, գայլերի, անգամ հովազների բնակվելու արեալն է»։

Վլ. Սարոյանը վերստին է ծանոթացնում մեր լեռնաշխարհին, նորովի, ուրույն նրբերանգներով, այնպես, որ իր այս լուսանկարներով կարելի է սիրահարվել Հայաստանին, այն յուրատեսակ հրավեր է զբոսաշրջիկներին եւ դեպի մեր երկիր կարող է նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել։ Տեքստը հայերեն եւ անգլերեն է, լուսանկարները կարելի է օգտագործել իբրեւ բացիկներ, իսկ բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Փրինթինֆո» հրատարակչատունը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4