«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Փարիզի կենտրոնում, Օպերայի հռչակավոր շենքի հարեւանությամբ է գտնվում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը։ Ովքեր քիչ թե շատ տեղյակ են միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցներին, պետք է իմանան, որ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցներն ամբողջ աշխարհում ամենաբարձրակարգ ծառայություններն են առաջարկում։ Փարիզի հյուրանոցը բացառություն չէ։ Ամեն ինչից բացի, ունի օպերայի շենքի հետ ստորերկրյա կապՙ գետնուղի հատուկ հաճախորդների համար։ Եվ այս ամենով հանդերձ, հյուրանոցը... չորսաստղանի է։ Մյուս կողմից, Երեւանի նորաբաց կամ նորոգված հյուրանոցներն իրենք իրենց շնորհում են հինգ կամ չորս աստղանի հյուրանոցների կարգավիճակ։ Ո՞րն է տրամաբանությունը եւ գոյություն ունե՞ն այնպիսի միասնական չափանիշներ, որոնք կիրառվում են աշխարհում։

Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը հայտնել էր, որ աստղերի սահմանման միասնականացված համակարգ չկա, բայց կան ընդհանուր պատկերացումներ։ Նույն նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արթուր Զաքարյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ աստղերի համար սահմանված չափանիշները կախված են տվյալ երկրի, մասնավորապես զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման աստիճանից եւ այլ գործոններից։ Տարբեր են նաեւ աստղեր շնորհողները։ Եթե ԱՄՆ-ում կամ Կանադայում դա սպառողները, այսինքնՙ տարբեր հասարակական կազմակերպություններն են որոշում, ապա աշխարհի գրեթե բոլոր մյուս երկրներում նման լիազորությունները ստանձնում է պետությունը։ Ընդհանրապես, ըստ Արթուր Զաքարյանի, հյուրանոցների որակավորման գաղափարը 25¬30 տարի առաջ առաջինը կիրառվել է Ֆրանսիայում։ Այդուհանդերձ, միասնական համակարգ չի ստեղծվել եւ, վարչության պետի հավաստմամբ, հինգաստղանի հյուրանոցներն ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում տարբերվում են միմյանցից։

Իսկ ինչպե՞ս է տարբերվում, ենթադրենք, հինգաստղանի հյուրանոցը տվյալ երկրի չորսաստղանի հյուրանոցից։ Այս հարցի առնչությամբ զբոսաշրջության վարչության պետն ասաց, որ թեկուզ քաղաքաշինական մեկ կանոնի խախտումը կամ պահպանումը կարող է ազդել աստղերի թվի վրա։ Աստղերի, այսինքնՙ ծառայությունների որակական չափանիշների վրա կարող են ազդել, օրինակ, հյուրանոցային սենյակի չափերը, լողավազանի ծածկած կամ բաց լինելը, հյուրանոցից բացվող տեսարանը, մեքենաների կանգառի առկայությունը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ։ «Արդյոք համապատասխանո՞ւմ են Հայաստանի հյուրանոցների ծառայություններն ինքնաշնորհած աստղերին» հարցին Արթուր Զաքարյանը, չցանկանալով կոնկրետ անվանումներ տալ, նշեց, որ դրանք 90 տոկոսով չեն համապատասխանում։ Այդ նպատակով էլ առաջարկվել է ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ, որը, հիշեցնենք, արդեն հաստատել է կառավարությունը։

Վերադառնալով աստղանշման միասնական համակարգին, մեր զրուցակիցն ասաց, որ նման առաջարկություն Հայաստանն արել է Զբոսաշրջության միջազգային կազմակերպությանը։ Նրա հավաստմամբ, այս կազմակերպության հովանավորությամբ միասնական համակարգ ստեղծելու առաջարկին միացել են նաեւ բազմաթիվ այլ երկրներ, եւ այս հարցը քննարկվելու է կազմակերպության գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Խնդրի նման լուծման դեպքում արդեն կարող ենք ասել, որ հյուրանոցային աստղերը ոչ միայն հուշում են, այլեւՙ պարտադրում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4