Կառավարության նիստում երեկ ընդունված «Գույքահարկի մասին» նոր օրենքի նախագծում նոր դրույթներ են նախատեսված անշարժ գույքի եւ մեքենաների հարկման վերաբերյալ։ Այդ մասին մանրամասներ ներկայացնելով, պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ընդգծեց, որ այս փաստաթուղթը սոցիալական արդարությանն ուղղված քայլ է։ Համաձայն դրա, նախ անշարժ գույքի արժեքի հաշվարկումը տեղի է ունենալու մի քանի չափանիշների հիման վրա, ինչը նշանակում է, որ մոտ կլինի շուկայական գնին։ Հաջորդըՙ մտցվում է գույքահարկի դրույքաչափերի տարբերակում։ Մինչեւ 10 մլն դրամ գնահատված բնակարաններն ու առանձնատները կհարկվեն իրենց արժեքի 0,07 տոկոսի չափով, 10¬40 մլն դրամ գնահատվածներըՙ 0,6 տոկոսի, իսկ 40 մլն դրամից ավելինՙ 1 տոկոսի չափով։ Սա նշանակում է, որ շքեղ եւ թանկարժեք առանձնատների սեփականատերերը դրանց համար ավելի մեծ գույքահարկ կվճարեն, քան մյուսները։ Ակնկալվող գումարները կկազմեն 300¬400 մլն դրամ, որոնք սակայն բյուջե չեն մտնի։ Դրանք պետք է մուտք գործեն տեղական բյուջեներ։ Այս հանգամանքը, մեր կարծիքով, որոշ խնդիրներ կարող է առաջացնել։ Տեղական մարմինները կամ գործարք կկնքեն շքեղ առանձնատուն ունեցողի հետ, եւ վերջինս չի վճարի գույքահարկը, կամ պարզապես չեն համարձակվի պահանջել վճարել այդ հարկատեսակը։ Մեր մտահոգության առնչությամբ Արմեն Ալավերդյանն ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է սովորեն հավաքել իրենց գումարները, եւ անցումը դրան տեղի կունենա ըստ ժամանակացույցի։ Այդուհանդերձ, կարծում ենք, որ այս խնդիրը երբեւէ կառաջանա։
Հաջորդը, որ տեղեկացրեց պետեկամուտների փոխնախարարը, վերաբերում է մեքենաների հարկմանը։ Մինչեւ 120 ձիաուժ ունեցող մեքենաների գույքահարկը մնալու է անփոփոխ, իսկ դրանից բարձրն ավելի բարձր դրույքաչափով կհարկվի։ Դա նշանակում է, որ նոր BMW-ն կամ «Մերսեդեսը» կհարկվեն ներկայիս չափից 3 անգամ ավելի։ Մեքենաների հարկման ժամանակ նկատի է առնվելու նաեւ նրանց շահագործման ժամկետը։ Բեռնատարների հարկման դրույքաչափն անփոփոխ է թողնվել, իսկ 20 տարուց ավելի շահագործվածներն ընդհանրապես ազատվում են գույքահարկից։ Այսուհետեւ հարկվելու են նաեւ մոտոցիկլետները, անշարժ գույքի ոչ բնակելի հատվածները (նկուղ, մանսարդ եւ այլն)։
Ա. Մ.