«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ԼՂՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

ԼՂՀ խորհրդարանի հերթականՙ 5-րդ լիագումար նիստում վերջապես ընտրվեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ։ Այդ պաշտոնը Արցախի խորհրդարանում կվարի ոչ այնքան հայտնի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արկադի Սողոմոնյանը։

Վերջինիս թեկնածությանը դեմ քվեարկեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, պատճառաբանելով, որ Ա. Սողոմոնյանը ֆինանսիստ չէ եւ դժվար թե կարողանա այդ պաշտոնում արդյունավետություն ապահովել։ Դաշնակցությունն, ըստ իս, ակնկալում էր իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված պաշտոնում ունենալ ի՛ր ներկայացուցիչը։ Այդուհանդերձ, 19 կողմ ձայնով Ա. Սողոմոնյանի թեկնածությունն անցավ։ Ասել է թեՙ այսուհետեւ օրենսդիր մարմինը գործադիր իշխանության գործունեությունը վերահսկելու լուրջ լծակներ կունենա։

Խորհրդարանն առանց էական ձգձգումների ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքը։ Այն, գլխադասային հանձնաժողովի նախագահի հիմնավորմամբ, նախապես քննարկվել էր ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ առարկություններ չէր հարուցել, իսկ ստացված առաջարկությունների մի մասը մտցվել էր նախագծի մեջ։

«Էներգետիկայի մասին» օրենքը եւս տարաձայնությունների տեղիք չտվեց։ Առաջարկությունըՙ արգելել բաշխիչ ցանցերի եւ էներգաարտադրողների սեփականաշնորհումը, մերժվեց մեծամասնության կողմից։ Նոր օրենքով (մինչ այդ էներգետիկայի ոլորտը կարգավորվում էր օրենսդրական եւ իրավական նորմատիվ փաստաթղթերով) ՀՀ-ի օրինակովՙ կառավարության լիազորած մարմնին զուգահեռ էներգետիկայի խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողով չի գործի։ Հիմնավորումը հետեւյալն էՙ էներգետիկայի ոլորտում տվյալ պահին գործում են «Արցախէներգո», «Արցախգազ» եւ «Ջերմային տնտեսություն» պետական կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, որոնք գործում են կառավարության ենթակայության տակ։

«Գնումների մասին» օրենքով, որը նույնպես ընդունեց խորհրդարանը, պետք է ԼՂՀ-ում ստեղծվի մի առանձին կառույց, որը կզբաղվի պետական հիմնարկների համար գույքի կենտրոնացված գնումներով։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Աշխատանքի վարձատրման մասին» ԼՂՀ օրենքը։ Ըստ օրինագծի, նախատեսված է աշխատավարձերը լրիվ տալ հաջորդ ամսվա 15-ից ոչ ուշ, հակառակ դեպքում գործատուն աշխատավարձն ուշացնելու համար պիտի վճարի տուգանք։ Տուգանքի վճարման կարգի եւ չափի առնչությամբ ծագած տարաձայնությունները պատգամավորներին հիմք տվեցին հարցը հետաձգել մինչեւ երկրորդ ընթերցում։

Հատկանշական է, որ օրինագծում սպառողական զամբյուղը, որի արժեքը որոշվում է միջազգային չափանիշներով, նշվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի համապատասխանությամբ։

Խորհրդարանն ընդունեց նաեւ հանրապետության ֆինանսա-տնտեսական ոլորտներն ամրապնդող այլ օրենքներ, լրացումներ ու փոփոխություններ նախկինում ընդունված որոշ օրենքներում։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4